13:50  ,  18 ապրիլի, 2015

Բեկենբաուեր. Կլոպը «Բավարիայում» չի լինի, բայց հույս ունեմ, որ կմնա Բունդեսլիգայում

Բոլորն են ինձ հարցնում, բայց Կլոպը չի գլխավորի «Բավարիան», քանի որ մենք ունենք գերազանց մարզիչ, ասել է մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը։

«Գվարդիոլան գերազանց մարզիչ է, մենք նրան փոխարինող չենք փնտրում։ Հույս ունեմ, որ Կլոպը նոր մարտահրավեր կստանա հենց Բունդեսլիգայում, քանի որ նա պետք է մեր առաջնությանը։ Կլոպը հրաշալի մարզիչ է, գերազանց տղա է՝ շատ լավ բնավորությամբ։

Ես նրան շատ լավ եմ հասկանում՝ յոթ տարի նույն թիմը գլխավորելը շատ է։ Նա ունի նույն մոտիվացիան, բայց խաղացողներն արդեն այն չեն, ինչ ուներ թիմը հինգ տարի առաջ։ Ընթացիկ մրցաշրջանը ցույց տվեց, որ դժվար կլինի նրանց հասցնել նախկին մակարդակին։

Նույնը տեղի է ունեցել նաեւ ինձ հետ։ Ես վեց տարի մարզեցի Գերմանիայի հավաքականը, հետո հասկացա, որ խաղացողներն այլեւս չունեն մոտիվացիա, եւ ես չեմ կարող նրանց տալ այդ մոտիվացիան։ Այդ պատճառով ես հեռացա։ Դա իմ որոշումն էր։ Այժմ Յուրգենի հետ նույնն է կատարվում։ Նա հասկացավ, որ կատարել է իր աշխատանքը եւ իրեն անհրաժեշտ է նոր մարտահրավեր»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է ամռանը թիմից հեռանալու մասին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում