01:16  ,  11 հունիսի, 2012

Խորվաթներն առաջ անցան Իսպանիայից եւ Իտալիայից

Խորվաթիա – Ւռլանդիա հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում խորվաթների գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչն ինքնավստահ հայտարարեց, թե չի պատկերացնում, թե ինչի հաշվին իռլանդացիները կարող են իրենց համար պրոբլեմներ ստեղծել. «իռլանդական ֆուտբոլը շատ պարզունակ է, այն դժվար չէ վերլուծել»:

Բիլիչը միանգամայն ճիշտ դուրս եկավ: Իռլանդացիներն ամբողջ հանդիպումը միօրինակ խաղացին: Խաղաոճը միակն էր. երկար օդային փոխանցումներ եւ պայքար վերեում: Մեկ անգամ դա ստացվեց: Ճիշտ է, ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, խորվաթները ավելի լավ էին տիրապետում այդ «զենքին» եւ երկու անգամ երկրորդ հարկում հաղթող դուրս գալով` գրավեցին դարպասը: Երկու դեպքում էլ «փայլեց» Մանջուկիչի գլուխը: Ուշագրավ է, որ խորվաթները առաջին գոլը խփեցին հանդիպումը սկսվելուց երեք րոպե անց, երկրորդ գնդակը` առաջին խաղակեսի ավարտից երեք րոպե առաջ, իսկ երրորդ գնդակը` երկրորդ խաղակեսի երրորդ րոպեին: Երեւի սա էլ էր Բիլիչի տակտիկական մտահղացումներից մեկը:

Իռլանդիան ոչնչով չզարմացրեց: Եվ շատ բան էլ չի կարելի ակնկալել առաջնության ամենատարեց թիմերից մեկից: Փոխարենը խորվաթները ապացուցեցին, որ իրենց ամբիցիոզ, մինչեւ եզրափակիչ հասնելու մասին հայտարարությունները զուրկ չեն հիմքից: Նրանց գրոհները շատ արագ էին կազմակերպվում, եզրային ճեղքումները գլխացավանք էին դանդաղաշարժ իռլանդացիների համար: Աչք էր զառնում խորվաթնեի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նրանք խաղային ամեն դրվագում ցույց էին տալիս իրենց տեխնիկական եւ տակտիկական գերազանցությունը իռլանդացիների հանդեպ: Խորվաթները ֆիզիկապես եւ տակտիկապես շատ լավ պատրաստված են եւ Իսպանիայի ու Իտալիայի հետ հանդիպումները խոստանում են թեժ եւ դրամատիկ լինել: Չլիներ Իռլանդիան, այս խումբն էլ կարելի էր «մահվան» որակել:

Ինչեւէ, C խմբի առաջին խաղերից հետո առաջատարի դերը ստանձնել է հենց Խորվաթիան եւ առնվազն երեք օր մնալու է առաջինը: 

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով