00:40  ,  11 հունիսի, 2012

Եվրո-2012. Խորվաթների հաղթական մեկնարկը

Խորվաթիայի ազգային հավաքականը գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունում: Պոզնանի Քաղաքային ստադիոնում կայացած խաղում Սլավեն Բիլիչի թիմը 3:1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպման հաշիվը բացվեց երրորդ րոպեին: Աչքի ընկավ Խորվաթիայի հավաքականի եւ գերմանական «Վոլֆսբուրգի» հարձակվող Մարիո Մանձյուկիչը: 19-րդ րոպեին անգլիական «Լեսթեր Սիթիի» պաշտպան Սենթ Լեջերը խփեց իռլանդացիների պատասխան գնդակը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում խորվաթները դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Խորվաթիայի հավաքականի երկրորդ գնդակն իր անվան դիմաց գրանցեց անգլիական «Էվերտոնի» հարձակվող Նիկիցա Ելավիչը:

Ընդմիջումից անմիջապես հետո Մարիո Մանձյուկիչը երրորդ գնդակն ուղարկեց Շեյ Գիվենի պաշտպանած դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում իռլանդացիները մի քանի վտանգավոր պահեր ունեցան, սակայն Խորվաթիայի հավաքականն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ:

Սլավեն Բիլիչի թիմը վստահ հաղթանակ տարավ եւ միանձնյա գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը: Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականներն ունեն մեկական միավոր: Հունիսի 14-ին կայանալիք երկրորդ տուրում Խորվաթիայի թիմն ուժերը կչափի իտալացիների հետ:

Եվրո-2012. C խումբ. առաջին տուր

Իռլանդիա – Խորվաթիա՝ 1:3

Սենթ Լեջեր, 19 – Մանձյուկիչ, 3, 48, Ելավիչ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով