20:38  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսաստան - Չեխիա. անոնս

Եվրո-2012-ի բացման օրվա երկրորդ խաղում կհանդիպեն A խմբում ընդգրկված Ռուսաստանի եւ Չեխիայի հավաքականները։

Նորագույն պատմությունում այս թիմերն ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել։ Եվրո-1996-ում թիմերը խաղացին ոչ ոքի՝ 3։3։ Չեխերն այդ արդյունքի շնորհիվ դուրս եկան փլեյ-օֆֆ եւ հասան մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեցին գերմանացիներին։ Այսօրվա խաղում դժվար թե գրանցվի նման գոլառատ ֆուտբոլ։

Չեխիա

Չեխերը սերնդափոխության փուլում են, որը սակայն ձգձգվում է։ Կազմը հավասարակշռված չէ։ Կայուն եւ ուժեղ միատարր կազմի բացակայությունը չեխերին ստիպում է բոլոր մրցակիցների հետ խաղալ երկրորդ համարով։ Թիմի ուժը կոլեկտիվ փոխգործակցության, կարգապահության եւ խստության մեջ է։ Գլխավոր աստղն էլ Չեմպիոնների լիգայի հաղթող Պետր Չեխն է, որի ներկայությունն արդեն հսկայական ուժ է տալիս թիմին։ Չեխիայի հավաքականի ուղեղը Պլաշիլն ու Ռոսիցկին են։ Կիսապաշտպանական եռյակում է նաեւ Յիրաչեկը։

Եվրո-2012-ը չեխերի համար կհիշվի առաջին սեւամորթ ֆուտբոլիստով։ Լիբերեցի «Սլովանի» խաղացող Գեբրե Սելասիեն կգործի եզրերից մեկում։ Գլխավոր ռմբարկուն դարձյալ Միլան Բարոշն է։

Եվրո-2012-ին նախապատրաստվելիս չեխերն այնքան էլ վստահ չխաղացին. Իռլանդիայի հետ ոչ ոքի, դժար հաղթանակ Իսրայելի նկատմամբ եւ պարտություն հունգարացիներից։

Միխալ Բիլեկի հույսը թիմի խաղացվածությունն է, առաջատարների փորձը եւ երիտասարդների տաղանդը։

Չեխիայի հավաքականը Լեհաստանում կարող է ակնկալել երկրպագուների հսկայական աջակցություն։ Չեխիայից Վրոցլավ հասնելը խնդիր չէ։ Բացի այդ չեխերի վրա ոչ մի ճնշում չկա։ Թիմը բուքմեքերների դասակարգման աղյուսակում 13-րդ տեղում է։

Ռուսաստան

Եվրո-2008-ում Գուս Հիդինկի գլխավորությամբ Ռուսաստանի հավաքականը մեկնարկային խաղում իսպանացիներին 1։4 հաշվով պարտվելուց հետո կարողացավ ուշքի գալ եւ 11 օրում հասնել կիսաեզրափակիչ։

Այդպիսի հաջողությունից հետո չորս տարի անց Դիկ Ադվոկատի հետ ռուսները նվազագույնը պետք է հավակնեն կիսաեզրափակիչի։

Առաջնության մեկնարկից առաջ իտալացիների նկատմամբ 3։0 հաշվով տարած հաղթանակը էլ ավելի է հուսադրում Ռուսաստանի հավաքականին։ Թեեւ առաջնության մեկնարկից առաջ Դիկ Ադվոկատը հայտարարեց, որ Ռուսաստանն է Եվրո-2012-ի հետնապահը։

Բայց Ռուսաստանի հավաքականում վստահության հետ կապված խնդիրներ չկան։ Պաշտպանությունում ամեն ինչ հստակ է. կխաղան Անյուկովը, Ալեքսեյ Բերեզուցկին, Ինգնաշեւիչն ու Ժիրկովը։ Եզրային պաշտպաններին բարդ կլինի արագ եւ դիրքային գրոհների ժամանակ։ Ճնշում է սպասվում Պիլարժի եւ Յիրաչեկի կողմից։ Դաշտի կենտրոնում ռուսների հույսը Զիրյանով - Շիրոկով - Դենիսով եռյակն է, որը պետք է զսպի Ռոսիցկուն եւ Պլաշիլին։ Հենց այս եռյակը պետք է Ռուսաստանի համար նվաճի նախաձեռնություն եւ տարածքային գերակշռություն։ Արշավին – Կերժակով – Ձագոեւ հարձակողական եռյակն էլ պետք է ապահովի Ռուսաստանի արդյունավետությունը։

Վերջին տեղեկություններով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ներկա կլինեն Ռուսաստան - Չեխիա հանդիպմանը: Վրոցլավի Քաղաքային ստադիոնում կայանալիք խաղին ներկա կլինի նաեւ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը։
Հանդիպումը տեղի կունենա Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հավանական կազմ

Ռուսաստան. Մալաֆեեւ, Նաբաբկին, Իգնաշեւիչ, Ա. Բերեզուցկի, Ժիրկով, Դենիսով, Զիրյանով, Արշավին, Շիրոկով, Ձագոեւ, Կերժակով

Չեխիա. Չեխ, Սիվոկ, Կադլեց, Լիմբերսկի, Գեբրե Սելասիե, Պլաշիլ, Կոլարժ, Պիլարժ, Յիրաչեկ, Բարոշ, Ռեզեկ

Բուքմեքերների կանխատեսումը. Միջինացված գործակից
Ռուսաստանի հաղթանակ՝ 2,1, ոչ ոքի՝ 3,3, Չեխիայի հաղթանակ՝ 3,9


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով