17:15  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհաստան - Հունաստան. անոնս

Հունիսի 8-ին, Երեւանի ժամանակով 20։00-ին Վարշավայի «Ազգային» ստադիոնում Լեհաստան – Հունաստան հանդիպումով կմեկնարկի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը։

Բացման խաղում Լեհաստանի հավաքականի օգտին է խոսում այն փաստը, որ թիմը մեծ աջակցություն է ստանալու երկրպագուներից։ Վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ լեհերն այս մրցակցի հետ ավելի հաջող են խաղում։  Լեհաստանի եւ Հունաստանի հավաքականի միջեւ մինչեւ օրս կայացել է 15 հանդիպում, որոնցից 10-ում հաղթանակ են տարել լեհերը, եւս 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 3 խաղերում հաղթել են հույները։ Գնդակների տարբերությունը նույնպես Լեհաստանի օգտին է՝ 29։11։

Բայց չմոռանանք, որ Հունաստանիի հավաքականը շատ կազմակերպված է խաղում պաշտպանությունում եւ 2004 թվականին էլ Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց դաշտի տերերի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղով ու դարձավ չեմպիոն։

Վերջին անգամ պաշտոնական հանդիպում թիմերի միջեւ կայացել է 1987 թվականին եւ այդ խաղում՝ Աթենքում 1։0 հաշվով հաղթել են հույն ֆուտբոլիստները։

Լեհաստանում երկու թիմերի միջեւ կայացած վերջին ութ հանդիպումներում հաջողությունը միշտ ուղեկցել է դաշտի տերերին, ընդ որում այդ խաղերում Լեհաստանի հավաքականը մրցակցի դարպասը գրավել է 22 անգամ, սեփականը ընդունելով 4 գնդակ։

Լեհաստանի հավաքականը A խմբում հանդիսանում է հաղթողի հիմնական հավակնորդը եւ շատերը տեսնում են Ֆրանտիշեկ Սմուդայի թիմին առնվազն քառորդ  եզրափակիչում։

Թիմն առաջնության ընտրական մրցաշարից ազատ էր, որպես մրցաշարի կազմակերպիչ։ Հետեւաբար Լեհաստանի հավաքականը մրցաշարին նախապատրաստվել է ընկերական հանդիպումների  միջոցով, որոնցում վերջին վեց խաղերում պարտություն չի կրել։ Լեհաստանի հավաքականը սկսած 2009 թվականի հոկտեմբերի 14-ից պաշտոնական ոչ մի հանդիպում չի անցկացրել։

Թիմի առաջատարներն են 21-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, 23-ամյա հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին եւ թիմի ավագ 25-ամյա  Յակուբ Բլաշիկովսկին։

Հունաստանի հավաքկանը լեհերի հետ վերջին չորս հանդիպումներում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։ Հույների առաջատարը անկասկած Գեորգիոս Կարագունիսն է, ով ընտրական բոլոր ՝ տասը հանդիպումներում, խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։

Հատկանշական է, որ Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշը, ով այս պաշտոնում փոխարինեց Օտտո Ռեհագելին, ընտրական մրցաշարում փորձարկել է 32 ֆուտբոլիստների, որոնցից ինն իրենց նորամուտն են նշել հավաքականի կազմում։

Սանտուշի գլխավորությամբ Հունաստանի հավաքականը ցուցադրել է ամենաերկար անպարտելի հանդիպումների շարքը՝ իր պատմության մեջ հաղթելով տասը հանդիպումներում եւ յոթ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի արդյունքով։ Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հունաստանի հավաքականը տասը հանդիպումներից յոթում հաղթանակ է տարել եւ երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Թիմը խփել է 14 եւ բաց թողել 5 գնդակ։

Հավանական կազմ 

Լեհաստան. Շչեսնի – Պիշչեկ, Վասիլեւսկի, Պերկի, Վավրժինյակ – Մուրավսկի, Պոլյանսկի – Բլաշչիկովսկի, Օբրանյակ, Ռիբուս – Լեւանդովսկի

Հունաստան. Սիֆակիս – Տորոսիդիս, Ա. Պապադոպուլոս, Պապաստատոպուլոս, Խոլեբաս – Կացուրանիս, Մանյատիս, Կարագունիս – Սալպինգիդիս, Գեկաս, Սամարաս

Բուքմեկերներ կանխատեսում. Միջինացված գործակից

Լեհաստանի հաղթանակը՝ 1,9, ոչ-ոքի՝  3,2, Հունաստանի հաղթանակը՝  4,5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով