14:39  ,  8 հունիսի, 2012

Խաղաղ Ֆրանսիան, ալեկոծված Անգլիան. Եվրո-2012. D խումբ

NEWS.am Sport-ը ներկայացնում է Եվրո-2012-ի D խմբում ընդգրկված թիմերին. Ուկրաինա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեդիա:

Ուկրաինա

Ինչպես է ուղեգիր նվաճել

Ուկրաինան տանտիրոջ իրավունքով է մասնակցում մրցաշարին:

Կազմը

Դարպասապահներ՝ Ալեքսանդր Գորյաինով («Մետալիստ»), Մաքսիմ Կովալ («Դինամո Կիեւ»), Անդրեյ Պյատով («Շախտյոր»)

Պաշտպաններ՝ Բոգդան Բուտկո («Իլիչեւեց»), Ալեքսանդր Կուչեր, Յարոսլավ Ռակիցկի, Վյաչեսլավ Շեւչուկ (բոլորը՝ «Շախտյոր» Դոնեցկ), Տարաս Միխալիկ, Եվգենի Խաչերիդի (երկուսն էլ՝ «Դինամո» Կիեւ), Եվգենի Սելին («Վորսկլա»)

Կիսապաշտպաններ՝ Ալեքսանդր Ալիեւ, Դենիս Գարմաշ, Օլեգ Գուսեւ, Անդրեյ Յարմոլենկո (բոլորը՝ «Դինամո» Կիեւ), Եվգենի Կոնոպլյանկա, Ռուսլան Ռոտան (երկուսն էլ՝ «Դնեպր»), Սերգեյ Նազարենկո («Տավրիա»), Անատոլի Տիմոշչուկ («Բավարիա», Գերմանիա)

Հարձակվողներ՝ Անդրեյ Վորոնին («Դինամո», Մոսկվա), Մարկո Դեւիչ («Մետալիստ), Եվգենի Սելեզնյով ( «Շախտյոր», Դոնեցկ), Անդրեյ Շեւչենկո, Արտյոմ Միլեւսկի (երկուսն էլ՝ «Դինամո» Կիեւ)

Գլխավոր մարզիչ` Օլեգ Բլոխին

Դարպասապահների հարցում աղետալի վիճակ է: Հիմնական դարպասապահներից Շովկովսկին եւ Դիկանը վնասվածքներ ստացան, իսկ Ռիբկան որակազրկվեց արգելված խթանիչներ օգտագործելու համար: Այս պարագայում մնում է Պյատովը, սակայն նա նույնիսկ «Շախտյորում»  չի համարվում հիմնական դարպասապահ, աչքի չի ընկնում հուսալի խաղով: Հնարավոր է, որ Բլոխինը այլ ընտրություն կատարի:

Ուկրաինացիների կազմում գերակշիռ մասը ներկայացնում են ուկրաինական ֆուտբոլի առաջատարները` «Շախտյորն» ու «Դինամոն»:  Հենց նրանցից կկազմվի պաշտպանական գիծը` Կուչեր, Ռակիցկի, Շեւչուկ, Միխալիկ: Հենակետային դիրքում կգործի Տիմոշչուկը, իսկ  կիսապաշտանության գոտում տարբերակները մի քանիսն են` Երմոլենկո - Ռոտան - Գուսեւ եռյակը, միգուցե նրանց հետ միասին նաեւ Նազարենկոն, հիանալի մրցաշրջան անցկացրեց Կոնոպլյանկան:  Հարձակման գծում ավելի հավանական է Շեւչենկո-Վորոնին զույգը:

Աստղը

Ժամանակին այդ աստղը Եվրոպայի բոլոր պաշտպանների ահ ու սարսափն էր: Անդրեյ Շեւչենկոն հետխորհրդային ժամանակաշրջանի լավագույն ուկրաինացի ֆուտբոլիստն է, որը չնայած իր արդեն պատկառելի տարիքին` 36, շարունակում է մնալ հավաքականի թիվ մեկ հեղինակությունը: Միգուցե արագությունն ու գոլային հոտառությունը նախկինը չեն, սակայն հարուստ փորձի շնորհիվ Շեւչենկոն կարող է դեռ իրեն հիշեցնել:

Դրական կողմերը 

Սեփական տան պատերը 12-րդ խաղացողի դեր են խաղում միշտ: Ուկրաինացիներին հզոր աջակցություն է սպասվում:
Խաղացողների մեծ մասը նույն ակումբներում են խաղում, իրար լավ են հասկանում դաշտում: Անցումը պաշտպանությունից հարձակման բավական արագ է կատարվում:
Ուկրաինացիները միշտ աչքի են ընկել ֆիզիկապես եւ ֆունկցիոնալ բարձր պատրաստականությամբ:

Բացասական կողմերը

Դարպասապահի խնդիրն իսկապես լուրջ է եւ դա կարող է վճռորոշ դեր խաղալ:
Ուկրաինացիները լեհերի պես նույնպես երկար ժամանակ միջազգային խոշոր մրցաշարերում չեն խաղացել, եւ փորձի որոշակի պակաս այդ առումով ունեն: Իսկ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին Ուկրաինան ընդհանրապես առաջին անգամ է մասնակցում:

ՖԻՖԱ-ի վարկանիշը` 52-րդ տեղ
Հավաքականի տրանսֆերային արժեքը. 107,4 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը. Անդրեյ Յարմոլենկո` 9 մլն եվրո
Հնարավորությունների գնահատում. William Hill բուքմեյքերական գրասենյակի խաղադրույքները. խմբից դուրս գալը` 2,37: Հաղթանակը մրցաշարում` 51,0:
NEWS.am Sport-ի կանխատեսումը` քառորդ եզրափակիչ

Անգլիա

Ինչպես է ուղեգիր նվաճել

Համեմատաբար հեշտ խումբ էր բաժին ընկել անգլիացիներին եւ նրանք, մրցաշարն առանց պարտության անցկացնելով, մեծ առավելությամբ գրավեցին 1-ին տեղը:

Կազմը

Դարպասապահներ՝ Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Գրին («Վենթ Հեմ»), Ջեկ Բատլենդ («Բիրմինգհեմ»)

Պաշտպաններ՝ Ջոն Թերի («Չելսի»), Ջոլեոն Լեսկոտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլ Ջոնս («Մանչեսթեդ Յունայթեդ»), Էշլի Քոուլ («Չելսի»), Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջակելկա (երկուսն էլ՝ «Էվերտոն»), Գլեն Ջոնսոն, Մարտին Կելլի (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»)

Կիսապաշտպաններ՝  Թեո Ուոլկոտ («Արսենալ»), Էշլի Յանգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սքոթ Պարկեր («Տոտենհեմ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ստիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ալեքս Օկսլեյդ Չեմբերլեն («Արսենալ»), Ստյուարտ Դաունինգ, Ջորդան Հենդերսոն (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»)։

Հարձակվողներ՝ Էնդի Քերոլ («Լիվերպուլ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջերմեյն Դեֆո («Տոտենհեմ»), Դենի Ուելբեք («Մանչեսթեր Յունայթեդ»)

Գլխավոր մարզիչ` Ռոյ Հոջսոն

Անգլիացի դարպասապահները տարիներ շարունակ զանազան կոմիքսների, հումորների հերոսներ էին դառնում: Հիմնական դարպասապահի դիրքում կես տարին մեկ փոփոխություն էր կատարվում, իսկ «ճուտ» որսալու ավանդույթը մնում էր նույնը: Բազմիցս Անգլիայի հավաքականը դարպասապահի սխալի պատճառով դուրս էր մնում խոշոր մրցաշարերից:

Եվ վերջապես հայտնվել է մեկը, ով կարող է խախտել այդ ավանդույթը: Ջո Հարտը վերջին երկու տարում համալրեց աշխարհի լավագույն դարպասապահների շարքը: Թերեւս լեգենդար Գորդոն Բենքսի ժամանակներից Անգլիան նման կարգի դարպասապահ չի ունեցել: Հարտի ֆենոմենալ ռեակցիայի, վստահ եւ կայուն խաղի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» կարողացավ նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:

Խաղային մնացած գոտիներում պրոբլեմների շարան է: Նախ, վնասվածքների պատճառով դուրս մնացին մի քանի առանցքային խաղացողներ` Լեմպարդը, Կեհիլը, Ուոքերը, Ուիլշերը, Գարեթ Բերին: Բացի այդ, Հոջսոնը կազմում չընդգրկեց  Ռիո Ֆերդինանդին, Մայքլ Կարիկին, Մայք Ռիչարդսին, Ադամ Ջոնսոնին, Աարոն Լենոնին, Քրաուչին: Փոխարենը, հավաքական մտցրեց Դաունինգին, Հենդերսոնին, Քերոլին, որոնք բավական գորշ մրցաշրջան անցկացրեցին:
Արդյունքում՝ պաշտպանությունում կխաղան Թերին, Քոուլը, Ջագիելկան եւ միգուցե Բեյնսը: Հենակետային դիրքում հավանական է Միլներ-Պարկեր զույգը, կիսապաշտպանությունում` Ջերարդը, Ուոլքոթը եւ Յանգը: Հարձակման գծում պետք է լիներ Ռունին, բայց նա բաց կթողնի առաջին երկու խաղը, պետք է խաղար Դեֆոն, բայց նրա հայրն է մահացել, եւ վերջում նորից Քերոլը մնաց: Ահա այսպես: 

Աստղը

Այդպիսին կարելի է համարել Սթիվեն Ջերարդին ոչ միայն իր խաղային, այլ նաեւ մարդկային հատկանիշների համար: Չափազանց համակրելի ֆուտբոլիստ, որը միշտ զերծ է մնացել անգլիական տաբլոիդների ուշադրությունից: Դաշտում միշտ պայքարի ամենաթեժ կետում է, ամենադժվար պահերին կարող է բեկում մտցնել խաղում: Անվիճելի հեղինակություն, որի խոսքը եւ գործը իսկապես արժեք ունեն:

Դրական կողմերը

Անգլիայի հավաքականը միակն է 16 թիմերի մեջ, որի բոլոր խաղացողները խաղում են սեփական երկրի ակումբներում` աշխարհի ուժեղագույն ակումբային առաջնությունում: Դա թիմի խաղացողների ընդհանուր խաղամակարդակի օգտին է խոսում:

Բացասական կողմերը

Այս թիմը շատ է հիշեցնում 2010 թվականի Ֆրանսիային, որը Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ աչքի ընկավ ոչ թե իր արդյունքներով, այլ սկանդալներով: Էքսցենտրիկ մարզիչ Ռայմոն Դոմենեկի թիմում անտանելի մթնոլորտ էր տիրում՝ թշնամություն, վեճեր, դեմարշներ: Բնականաբար, այդ ամենը ավարտվեց ֆրանսիացիների այնպիսի խայտառակությամբ` վերջին տեղը խմբում, որ ֆրանսիական խորհրդարանը լսումներ կազմակերպեց, գործին միջամտեց նախագահ Սարկոզին:

Մոտավորապես նման մի իրավիճակ էլ այժմ Անգլիայի հավաքականի շուրջ է տիրում: Ամեն ինչ սկսվեց Ջոն Թերի - Ռիո Ֆերդինանդ հակամարտությունից, որը վերածվեց մարզիչ Ֆաբիո Կապելո - Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիա հակամարտության: Կապելոն մեծ աղմուկով հեռացավ, եւ երկար ժամանակ հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռոյ Հոջսոնը:

Չի կարելի ասել, թե Հոջսոնը Դոմենեկի պես խենթ եւ էքսցենտրիկ անձնավորություն է, սակայն նրա բազմաթիվ որոշումներ նման եզրահանգման են բերում: Արդեն նշել ենք նրա մի շարք տարօրինակ կադրային որոշումները, որոնցից ամենասկանդալայինը Ռիո Ֆերդինանդին կազմ չընդգրկելն էր: Հոջսոնը որոշեց Ֆերդինանդ - Թերի զույգից նախապատվությունը տալ Թերիին: Բայց երբ Կեհիլի վնասվածքից հետո Հոջսոնը նորից արհամարհեց Ֆերդինանդին եւ հրավիրեց բոլորովին անհայտ Մարտին Քելիին, նույնիսկ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը իր տարակուսանքը հայտնեց այդ կապակցությամբ, իսկ Պատրիս Էվրան հեգնանքով իր ուրախությունը հայտնեց, որ Ֆերդինանդը չի ընդգրկվել անգլիացիների կազմում:
Հոջսոնը ընդամենը երկու ամիս առաջ նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ: Նման կարճ ժամանակում շատ դժվար է կուռ թիմ  ստեղծել:
Այնպես որ, տխուր է անգլիացիների հեռանկարը: Առավել եւս, որ Ռունին երկու խաղ դեռ չի խաղալու:

ՖԻՖԱ-ի վարկանիշը` 6-րդ տեղ
Հավաքականի տրանսֆերային արժեքը. 403,75 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը. Ուեյն Ռունի` 65մլն եվրո
Հնարավորությունների գնահատում. William Hill բուքմեյքերական գրասենյակի խաղադրույքները. խմբից դուրս գալը` 1,53: Հաղթանակը մրցաշարում` 13,0:
NEWS.am Sport-ի կանխատեսումը` 3-4-րդ տեղ խմբում

Ֆրանսիա

Ինչպես է ուղեգիր նվաճել

Ընտրական մրցաշարը սկսեց անհաջող` սեփական դաշտում պարտվելով Բելառուսին, սակայն հետագայում վստահ հանդես եկավ: Վճռորոշ էր վերջին տուրի հանդիպումը բոսնիացիների հետ, որտեղ ֆրանսիացիները քիչ էր մնում պարտվեին եւ 2-րդ տեղ գրավեին: Օգնեց կասկածելի 11 մետրանոց հարվածը` խաղի ավարտից 5 րոպե առաջ:

Կազմը

Դարպասապահներ՝ Սեդրիկ Կարասո («Բորդո»), Ուգո Լյորիս («Լիոն»), Ստիվ Մանդանդա («Մարսել»)

Պաշտպաններ՝ Գաել Կլիշի («Մանչեսթեր Սիթի»), Մաթյե Դեբյուշի («Լիլ»), Պատրիս Էվրա («Մանչեսթեր Յունայթեդ»), Լորան Կոսելնի («Արսենալ»), Ֆիլիպ Մեկսես («Միլան»), Ադիլ Ռամի («Վալենսիա»), Անտոն Ռեվեյեր («Լիոն»)

Կիսապաշտպաններ՝ Յոհան Կաբայ («Նյուքասլ»), Ալու Դիարա («Մարսել»), Ֆլորան Մալուդա («Չելսի»), Մարվին Մարտեն («Սոշո»), Բլեզ Մատյուդի («Պարի Սեն Ժերմեն»), Յան Մվիլա («Ռեն»), Սամիր Նասրի («Մանչեսթեր Սիթի»), Հաթեմ Բեն Արֆա («Նյուքասլ»), Ֆրանկ Ռիբերի («Բավարիա») ,Մաթյե Վալբուենա («Մարսել»)

Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա («Ռեալ» Մադրիդ), Օլիվյե Ժիրու («Մոնպելյե»), Ժերեմի Մենեզ («Պարի Սեն Ժերմեն»)

Գլխավոր մարզիչ` Լորան Բլան

Դարպասապահի հարցում ֆրանսիացիները հանգիստ են. Ուգո Լյորիսը արդեն երկար տարիներ համարվում է Եվրոպայի լավագույն  դարպասապահներից մեկը: Նրա  սառնասրտությունը վստահություն է ներշնչում պաշտպաններին:
Պաշտպանությունում մեծ կորուստ էր իհարկե Էրիկ Աբիդալի եւ Յունես Կաբուլի բացակայությունը: Նրանց փոխարեն կտեսնեք հաջող մրցաշրջան անցկացրած Դեբյուշիին: Կենտրոնում կգործի Ռամի - Մեքսես զույգը, ձախ եզրում՝ Էվրան: Հենակետայինի դիրքում հավանական է Կաբայ - Մ’Վիլա զույգը: Լորան Բլանը նախընտրում է մեկ հարձակվողով մարտավարությունը՝ հետեւում ունենալով հզոր հարձակողական ոճի կիսապաշպանների եռյակ: Կիսապաշտպանությունում անվիճելի է Ռիբերիի, Նասրիի ներկայությունը: Լավ մրցաշրջան անցկացրեց նաեւ Բեն Արֆան: Հարձակման գծում իշխում է Բենզեման:

Աստղը

Ֆրանկ Ռիբերիի կարիերայի լավագույն մրցաշրջանն է: «Բավարիայի» արդյունավետ գրոհների գերակշիռ մասը հենց նրա մասնակցությամբ էին լինում: Դաշտում սկսել է զերծ մնալ ավելորդ տաքարյունությունից: Դժվար պահերին կարող է խաղն իր վրա վերցնել: Հավաքականի անվիճելի առաջատարն է: Դաշտում հավասարը չուներ նաեւ «չինգաչգուկի» արվեստում: 

Դրական կողմերը

Դոմենեկի մղձավանջային ժամանակաշրջանից հետո ներկայում Ֆրանսիայի հավաքականում անդորր եւ խաղաղություն է տիրում: Մթնոլորտը բացառապես ֆուտբոլային է: Եթե Լորան Բլանը կարողացավ նման կարճ ժամանակահատվածում կարգ ու կանոն հաստատել թիմում, ապա նույնքան հաջող կերպով էլ կարողացավ նոր թիմ կառուցել, բավական սահուն կերպով ընթացավ սերնդափոխությունը: Իր հեղինակությամբ Բլանը նորից վստահություն ներշնչեց ֆրանսիացիներին:
Երկու տարի առաջ այնքան մեծ  էր երկրպագուների հիասթափությունը հավաքականից, որ ուղեգիր նվաճելն ու լավ մթնոլորտը արդեն մեծ հաջողություն է համարվում: Հավաքականին այդ հոգեբանական բեռը չի ճնշում: Սակայն Բլանից սպասում են, որ նա Ֆրանսիային կվերադարձնի ֆուտբոլային գերտերության կարգավիճակը: Բենզեմա - Ռիբերի տանդեմն իսկապես հզոր է:

Բացասական կողմերը

Թիմի գրեթե բոլոր պաշտպաններն էլ ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացրեցին իրենց ակումբներում: Կարգապահության հարցում դեռ անելիքներ կան:


ՖԻՖԱ-ի վարկանիշը` 14-րդ տեղ
Հավաքականի տրանսֆերային արժեքը. 340 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը. Ֆրանկ Ռիբերի` 42 մլն եվրո
Հնարավորությունների գնահատում. William Hill բուքմեյքերական գրասենյակի խաղադրույքները. խմբից դուրս գալը` 1,44: Հաղթանակը մրցաշարում` 11,00:
NEWS.am Sport-ի կանխատեսումը` քառորդ եզրափակիչ

Շվեդիա

Ինչպես է ուղեգիր նվաճել

Ընտրական մրցաշարում զիջեցին հոլանդացիներին, սակայն վաստակած միավորները բավական էին, որպեսզի 2-րդ տեղը գրաված թիմերի մեջ ունենալով լավագույն արդյունքը, ուղեգիր նվաճեին: Վերջին տուրում, ի դեպ, հաղթեցին հենց հոլանդացիներին` 3:2:

Կազմը

Դարպասապահներ՝ Անդրեաս Իսակսոն (ՊՍՎ), Յուհան Վիլանդ («Կոպենհագեն»), Պեր Հանսոն («Հելսինբորգ»)

Պաշտպաններ՝ Միկայել Լուստիգ («Սերթիկ»), Օլոֆ Մելբերգ («Օլիմպիակոս»), Անդրեաս Գրանկվիստ («Ջենոա»), Մարտին Օլսոն («Բլեքբեռն»), Յունաս Օլսոն («Վեստ Բրոմվիչ»), Միկայել Անտոնսոն («Բոլոնիա»), Բեհրանգ Սաֆարի («Անդերլեխտ»)

Կիսապաշտպաններ՝ Ռասմում Էլմ (ԱԶ «Ալկմար»), Սեբաստյան Լարսոն («Սանդերլենդ»), Անդրես Սվենսոն («Էլֆսբորգ»), Կիմ Չելստրյում («Լիոն»), Պոնտուս Վերնբլում (ԲԿՄԱ, Մոսկվա), Սամուել Հոլմեն («Բելեդիսպոր»), Էմիր Բայրամի («Տվենտե»), Կրիստիան Վիլհեմսոն («Ալ Ախլի»):

Հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), Յուհան Էլմանդեր («Գալաթասարայ»), Տոբիաս Հյուսեն («Գյոթեբորգ»), Օլա Տոյվոնեն (ՊՍՎ), Մարկուս Ռոզենբերգ («Վերդեր»)

Գլխավոր մարզիչ` Էրիկ Համրեն

Դարպասապահ Իսակսոնը միգուցե այնպիսի դափնիներ չունի, ինչպես Եվրոպայի լավագույն դարպասապահները, բայց փորձառու եւ սառնասիրտ է:
Մարզիչ Համրենը հիմնականում կիրառում է 4-4-2 սխեման: Պաշտպանությունում կլինի փորձառու Մելբերգը, ինչպես նաեւ Օլսոնն ու Լուստիգը: Կիսապաշտպանական գծի առանցքը կկազմի Սվենսոն - Լարսոն - Չելստրյում եռյակը: Հատկապես Լարսոնը հիանալի մրցաշրջան անցկացրեց «Սանդերլենդի» կազմում: Հարձակման գծում են Տոյվոնենն ու Էլմը: Իսկ Իբրահիմովիչը ջոկերի դեր կխաղա:

Աստղը

Արդեն 10 տարի Իբրահիմովիչը նույն մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում: Խաղային անկում նրա մոտ չի լինում: Անկախ նրանից, թե որ թիմում է խաղում, մշտապես լավագույն ռմբարկուների թվում է: Բոլոր թիմերում, բացի «Բարսելոնայից» իհարկե, եղել է գլխավոր խաղաքարտն  ու խարիզմատիկ առաջնորդը: Շվեդիայի կազմում նրան է վերապահված թիմն առաջ տանելու առաքելությունը:

Դրական կողմերը

Հետաքրքիր է, որ ժամանակներն ու հանգամանքները երբեք չեն ազդում Շվեդիայի հավաքականի խաղամակարդակի վրա: Կլինի սերնդափոխություն, մարզչի փոփոխություն  եւ այլն, այն չի չի իջնում: Ճիշտ է, նաեւ չի աճում: Որոշակի նշաձող, որը պինդ բռնած շվեդները բաց չեն թողնում: Բավական փորձառու թիմ է, չի ճանաչում հեղինակություն, կամային բարձր հատկանիշներով են օժտված: Զարմանալի չի լինի, եթե թիմը հաղթահարի խմբային արգելքը:

Բացասական կողմերը

Կախվածությունը Իբրահիմովիչից անչափ մեծ է: Երբ մրցակիցները կարողանում են չեզոքացնել Իբրային, ապա շվեդների համար մրցակցին սպառնալու այլ ուղիներ գրեթե չեն մնում: Թիմի խաղը միապաղաղ է, հեշտ ընթեռնելի, ստեղծագործական ֆուտբոլը թույլ է:
ՖԻՖԱ-ի վարկանիշը` 17-րդ տեղ
Հավաքականի տրանսֆերային արժեքը. 119,75 մլն եվրո: Ամենաթանկ խաղացողը. Զլատան Իբրահիմովիչ` 37 մլն եվրո
Հնարավորությունների գնահատում. William Hill բուքմեյքերական գրասենյակի խաղադրույքները. խմբից դուրս գալը` 2,37: Հաղթանակը մրցաշարում` 67,00:
NEWS.am Sport կանխատեսումը` 3-4-րդ տեղ խմբում

Մհեր Ղալեչյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով