Ես կարծում եմ, որ պետք չէ մասնակցել Բաքվում ամռանը կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերին: Ինչպես Լեւոն Ջուլֆալակյանը, ես էլ եմ դեմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի իր անձնական կարծիքն էր հայտնել, որ Հայաստանի մասնակցությունը պարտադիր է Եվրոպական խաղերին:
Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեմ են Բաքու մեկնելուն:
Եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը եւս դեմ է Բաքու մեկնելուն.
«Ես նույնպես դեմ եմ, որ մեր մարզիկները մասնակցեն Ադրբեջանում կայանալիք Եվրոպական խաղերին: Մեր մասնակցությունը պետք չէ, վտանգավոր է: Ժամանակը ցույց է տալիս, որ մենք այդ պետության հետ լավ հարաբերությունների մեջ չենք, լարված են այդ հարաբերությունները: Չարժի այդ երկրում անցկացվող մրցումներին մասնակցել, մեր երիտասարդ մարզիկներին տանել: Բաքվում կայանալիք Խաղերում մեր մարզիկները որքան էլ լավ մասնակցություն ցուցաբերեն, լավ հանդես գան, ամեն ինչ ճիշտ անեն՝ հաղթանակներ չեն ունենալու: Մեզանից հաղթանակները կգողանան, միավորները չեն հաշվի, հաղթանակները կտան բոլորին, բայց ոչ հայ մարզիկներին, Հայաստանին: Այնտեղ ամեն ինչ կարվի, որ Հայաստանը հաջողության չհասնի, մրցելույթները տապալվեն: Գուցե կազմակերպիչները չանեն այդ փորձերը, բայց կողքի մարդիկ թույլ չեն տա մերոնց լավ հանդես գան: Այնպես որ՝ ես էլ եմ դեմ»:
2015 թվականի ամռանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կկայանա առաջին Եվրոպական մարզական խաղերը: Հայաստանի մասնակցության հարցը դեռեւս որոշված չէ: Սպասվում է, որ ՀԱՕԿ-ն այս հարցի մասին վերջնական պաշտոնական դիրքորոշում կհայտնի մարտի 10-ին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում