01:37  ,  25 փետրվարի, 2015

Չեմպիոնների լիգա. Մեսիի վրիպումը «Բարսելոնային» չխանգարեց հաղթել Մանչեսթերում

Կատալոնական «Բարսելոնան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կրկնեց նախորդ տարվա սխալը՝ փորձելով «Բարսելոնայի» դեմ խաղալ ընդգծված երկրորդ համարով: Անգլիայի չեմպիոնն անցկացրեց շատ թույլ առաջին խաղակես, որում բաց թողեց 2 գոլ: Կատալոնացիները հենց մեկնարկից վերցրեցին գնդակը, իսկ 16-րդ րոպեին բացեցին հաշիվը: Առաջին գոլը խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով րոպեներ անց կորցրեց եւս մեկ իրական գոլային պահ: Այնուամենայնիվ, 30-րդ րոպեին ուրուգվայցին նաեւ կրկնապատկեց հյուրերի առավելությունը` դառնալով դուբլի հեղինակ: «Մանչեսթեր Սիթին» մինչեւ ընդմիջում այդպես էլ չկարողացավ ստեղծել գոնե մեկ գոլային պահ:

Ընդմիջումից հետո Անգլիայի չեմպիոնը կերպարանափոխվեց եւ սկսեց գրոհել մեծ ուժերով: Երկրորդ խաղակեսի մեկնարկային 5 րոպեներին դաշտի տերերն ունեցան 3 գոլային պահեր: Մանչեսթերցիները մեծ ճնշում էին գործադրում հյուրերի դարպասի մոտ, բայց հաշիվը կրճատեցին միայն 69-րդ րոպեին: Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի գոլը մեծ հույսեր ներշնչեց մանչեսթերցի երկրպագուներին, սակայն րոպեներ անց կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի ֆրանսիացի պաշտպան Գաել Կլիշին: Քանակական առավելություն ստացած «Բարսելոնային» հաջողվեց ոչ մեծ դժվարությամբ պահպանել հաղթական հաշիվը եւ ներկայացնել քառորդ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ: Վերջնամասում կատալոնացիները կարող էին խփել նաեւ երրորդ գոլը, սակայն արգենտինացի Լիոնել Մեսին 94-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից:

Պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին Բարսելոնայում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:2

Սերխիո Ագուերո, 69 – Լուիս Սուարես, 16, 30

Հեռացում՝ Գաել Կլիշի, 74 («Մանչեսթեր Սիթի»)

Չիրացված 11 մետրանոց՝ Լիոնել Մեսի, 90+4 («Բարսելոնա»)

«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարթ, Պաբլո Սաբալետա, Վենսան Կոմպանի, Մարտին Դեմիչելիս, Գաել Կլիշի, Ֆերնանդո, Դավիդ Սիլվա (Բակարի Սանյա, 78), Ջեյս Միլներ, Սամիր Նասրի (Ֆերնանդինյո, 62), Էդին Ջեկո (Ուիլֆրիդ Բոնի, 68), Սերխիո Ագուերո:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանի Ալվես (Ադրիանո, 75), Խերարդ Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Իվան Ռակիտիչ (Ժերեմի Մաթյե, 71), Նեյմար (Պեդրո, 80), Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով