16:14  ,  23 դեկտեմբերի, 2014

Հրաչյա Ռոստոմյան. 16-18 մարզիկներից օլիմպիական ուղեգրերի եւ մեդալների սպասելիքներ ունենք

Ռիո-2016-ում այս պահին 16-18 մարզիկներից օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու եւ օլիմպիական մեդալներ նվաճելու սպասելիքներ ունենք: Իսկ այն մարզիկները, որոնք օլիմպիական չեմպիոններ կդառնան, կամ օլիմպիական մեդալակիրներ, կպարգեւատրվեն պետության կողմից սահմանված կրկնակի գումարի չափով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Մեծահասակների Օլիմպիական խաղերում ինքս կողմ եմ, որ սպիտակ քարտ չլինի: Ժամանակը ցույց է տվել, որ մարզիկը որքան իր ուժերով է ձեռք բերում օլիմպիական ուղեգիր, այնքան ավելի մեծ է նրանից սպասելիքները, հատկապես, երբ այդ ուղեգիրը մարզիկը նվաճում է աշխարհի առաջնությունում: Մենք արդեն 16-18 օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունենք՝ աշխարհի առաջնություններից եւ վարկանիշային մրցաշարերից: Ռիո-2016-ում այս պահին 16-18 մարզիկներից օլիմպիական ուղեգրերի եւ օլիմպիական մեդալներ նվաճելու սպասելիքներ ունենք:

Ռիո-2016-ի հետ կապված բոլոր չեմպիոնները, մրցանակակիրները կպարգեւատրվեն պետության սահմանածի կրկնակի գումարով: Դա որոշվել է ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում, որոշումը ՀԱՕԿ նախագահինն է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հաջորդ տարի մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

«Տղաների թիմը կխաղա Դ դիվիզիոնում, իսկ աղջիկների թիմը՝ C դիվիզիոնում: Ակնկալիքներ կան, քանի որ ֆեդերացիան մեծ աշխատանքներ է տանում մարզումային փուլում: 2007 թվականին երբ մասնակցեց մեր թիմը Եվրոպայի առաջնությանը, խայտառակ պարտություն կրեցինք, սխալվեցինք: Ամեն մարդ սովորում է իր սխալների վրա, իր բացթողումների վրա: Դրանից հետո ունեցանք հաղթանակներ, լուրջ թիմերի հաղթեցինք: Այս թիմը, որը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, համալրված է լինելու մարզիկներով ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից»,- նշեց բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

Խաղային մարզաձեւերի դահլիճների հարցը շուտով կլուծվի, երբ Դավիթաշեն համայնքում բացվի Օլիմպիական կենտրոնը.

«Հայաստանում կան 176 մարզադպրոցներ, որոնցից 27-ն է պատկանում պետական գերատեսչությանը: Դրանցում ոչ մի խաղային մարզադահլիճ չկա: Հիմնական մարզադահլիճները պատկանում են համայնքային կազմակերպություններին: Իրականում, այդ դահլիճները չեն ծառայում իրենց բուն նպատակին: Բացի խաղային մարզաձեւերից ամեն ինչով էլ զբաղվում են: ՀԱՕԿ նախագահը տեղյակ լինելով այս խնդրին, որ խաղային մարզաձեւերի համար դահլիճներ չկան, եղածներն էլ չեն ծառայում իրենց նպատակին, Դավիթաշեն համայնքում, որտեղ կառուցվում է Օլիմպիական կենտրոնը,  ավելացրել է նաեւ խաղային մարզաձեւերի համար հատուկ դահլիճ՝ հանդբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի: Գերժամանակակից 13 մետր բարձրությամբ հզոր դահլիճ է կառուցվում: Համոզված եմ, որ այս դահլիճը խաղային մարզաձեւի զարգացման նոր զարկ կտա: Իսկ այն, որ դպրոցների դահլիճները չեն ծառայում իրենց նպատակին դա Սպորտի նախարարությունը պետք է հետեւի, այնպես անի, որ կարգավորվի»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով