13:30  ,  21 դեկտեմբերի, 2014

«Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզիչը՝ աշխարհի ակումբային չեմպիոն դառնալու մասին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Մարոկկոյում ավարտված ֆուտբոլի աշխարհի 2014թ. ակումբային առաջնության եզրափակիչում արգենտինական «Սան Լորենցոյի» նկատմամբ հաղթանակից հետո կիսվել են տպավորություններով:

Կարլո Անչելոտի. «Անմոռանալի զգացողություններ են: Շատ ուրախ ենք, որ տարին ավարտում ենք նվաճած տիտղոսով, սակայն «Ռեալը» պետք է կանգ չառնի, քանի որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Այժմ ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել այնպես, ինչպես սկսել ենք: Երջանիկ եմ լինել այս թիմի մի մասնիկը: Իհարկե, չեմ կարող չառանձնացնել Ռամոսին ու նրա գոլերն այս մրցաշարում ու Չեմպիոնների լիգայում»:

Իկեր Կասիլյաս. «Այս տարվա միայն 3 ամիսներն էին անհաջող ինձ համար: Դա Չեմպիոնների լիգայի եզրափակիչից մինչեւ ԱԱ-2014-ն ընկած ժամանակահատվածն էր: Իսպանիայի Սուպերգավաթում «Աթլետիկոյից» կրած պարտությունը փոխհատուցեցինք այս հաղթանակով: Ուրախ եմ այս տիտղոսի համար, քանի որ այն բացակայում էր իմ հավաքածուից: Ցանկանում եմ դարձյալ լինել լավագույնը: Այժմ «Ռեալը» պետք է կենտրոնանա 2015 թվականի վրա՝ փորձելով այն դարձնել անմոռանալի»,- ասել է Իսպանիայի հավաքականի դարպասապահը, ով դեկտեմբերի 20-ին 700-րդ խաղն անցկացրեց Արքայական ակումբի կազմում:

Սերխիո Ռամոս. «Ճիշտն ասած, այս խաղին մասնակցելը վտանգավոր էր ինձ համար, սակայն արժեր ռիսկի դիմել: Սա հատուկ օր է մեր բոլոր երկրպագուների համար: Մենք վայելում ենք տքնաջան աշխատանքի պտուղները: Ես երջանիկ եմ: Արժանացանք մի տիտղոսի, որը երկար տարիներ չէր հաջողվում նվաճել: Այս տարին լավագույնն էր իմ կյանքում»,- նշել է Իսպանիայի հավաքականի 28-ամյա պաշտպանը, ով ճանաչվել էր աշխարհի 2014թ. ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Գարեթ Բեյլ. «Մեզ համար շատ կարեւոր էր հաղթել այս մրցաշարում եւ ապացուցել, որ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է: Սա հիանալի տարի էր մեզ համար: Հուսով եմ, որ առջեւում նոր հաղթանակներն են: «Ռեալը» պետք է պարզապես պատասխանատվությամբ մոտենա բոլոր խաղերին, եւ մենք կհասնենք այն ամենին, ինչի արժանի ենք»:

Տոնի Կրոս. «Մեզ համար հատուկ դարձած տարվա վերջում հաղթեցինք աշխարհի ակումբային առաջնությունում: Այս մրցանակը «Ռեալի» բոլոր երկրպագուների համար է: Շնորհակալություն ձեր աջակցության համար: Առա՛ջ, Մադրիդ»:

Դանիել Կարվախալ. «Հիացած եմ մեր թիմի նվաճումներով: Անձամբ ես երջանիկ եմ ու երախտապարտ Անչելոտիին, ով ինձ վստահեց 4 եզրափակիչներում: Մանկուց երազել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու եւ այս տիտղոսը նվաճելու մասին, սակայն երբ երազանքներն իրականանում են, դու չես կարողանում հավատալ դրանց»: 

Ալվարո Արբելոա. «Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ բոլորս ջանասիրաբար աշխատում ենք մեր վրա: Ռամոսն արտակարգ մարզավիճակում է: Ուրախ եմ նրա համար, Սերխիոն արժանի էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Կասիլյասի 700 խաղերը չեն տեղավորվում գլխումս: Կարող եմ միայն շնորհավորել նրան այդ ցուցանիշի համար: Հոսով եմ՝ առջեւում շատ խաղեր են սպասում Իկերին», փոխանցում է Marca-ն:

Մադրիդցիների հաղթանակին անդրադարձել է նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, ով թվիթերյան էջում գրել է հետեւյալը. «Ռեալի» ֆուտբոլիստները թագադրեցին իրենց ԱԱ-ում: Վստահ հաղթանակ էր, սակայն «Սան Լորենցոն» եւս չհանձնվեց մինչեւ վերջին վայրկյանը»:

Հիշեցնենք, որ «Ռեալն» առաջին անգամ հաղթեց 2000 թվականից անցկացվող աշխարհի ակումբային առաջնությունում, որը տեղի չի ունեցել 2001-2004-ը: Միջմայցամաքային Գավաթում մադրիդցիները հաղթել էին 3 անգամ՝ 1960-ին, 1998-ին եւ 2002-ին: Իտալացի Կարլո Անչելոտին աշխարհի ակումբային առաջնության գավաթը 2007-ին նվաճել էր նաեւ իտալական «Միլանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում