01:06  ,  2 մարտի, 2012

Կառլեն Մկրտչյան. Հավաքականում հիանալի ու գործնական մթնոլորտ է

Երկու օրվա ընթացքում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկու հանդիպում անցկացրեց, նախ Սերբիայի, ապա Կանադայի ազգային հավաքականների հետ: Մեր թիմը երկու խաղերին ներկայացավ տարբեր կազմերով: Նախապես հայտնի էր, որ Վարդան Մինասյանը գործում պետք է տեսներ հրավիրված բոլոր ֆուտբոլիստներին: Սերբերի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականը հանդես եկավ երկրորդ կազմով: Հիմնական խաղացողներից հանդես եկան Գեւորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ովքեր հանիդպումից հետո վերադարձան Դոնեցկի «Մետալուրգ»: NEWS.am Sport-ի թղթակիցը Հայաստան - Կանադա խաղից հետո զրուցել է Կառլեն Մկրտչյանի հետ:

Կառլեն, սերբերի հետ խաղում մեր հավաքականը պարտվեց` խաղալով ինչ-որ տեղ էքսպերիմենտալ կազմով: Ի՞նչ կարծիքի ես մեր հավաքականի ցույց տված խաղի վերաբերյալ:

Ճիշտ նկատեցիք, որ էքսպերիմենտալ կազմով խաղացինք այդ մրցավեճում: Չնայած պարտությանը, ես կարծում եմ, որ հավաքականն այդ խաղը լավ անցկացրեց: Ճիշտ է, արդյունքը ցանկալի չէր, բայց չմոռանանք, որ նման կազմով թիմը խաղում էր առաջին անգամ: Հետեւաբար խաղային տարբեր օղակներում հանդես եկած ֆուտբոլիստների համագործակցությունը բավարար չէր: Ամեն դեպքում, մեր թիմը այդ խաղում պայքարեց մինչեւ վերջ, գոլ խփելու հնարավորություններ ունեցավ եւ որոշ դրվագներում էլ աչքի ընկավ իր տակտիկական պատրաստկանությամբ:

Այսինք դու համամի՞տ ես, որ մեր ազգային հավաքականը լավ ռեզերվ ունի եւ սերբերի հետ խաղում հանդես եկած ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կարող են համալրել առաջին թիմը:

Այո: Այդ խաղում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ զուր չէ, որ համարվում են հավաքականի թեկնածուներ եւ, բնականաբար, խաղադաշտում արեցին հնարավորը լավ տպավորություն թողնելու համար: Ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց նրանցից շատերը արդեն լրջորեն կթակեն հավաքականի դուռը:

Իսկ ի՞նչ կարծիքի ես Հայաստան - Կանադա խաղի մասին:

Եթե անկեղծ լինեմ` ես հանդիպումը չեմ դիտել, քանի որ «Մետալուրգի» հետ վերադառնում էինք Դոնեցկ: Բայց արդեն նայել եմ խփած գնդակները եւ վտանգավոր պահերը:

Հենց սկզբից նշեմ, որ հաղթանակը այս խաղում անկախ մրցակցից, կոնկրետ ինձ համար շատ կարեւոր էր: Միշտ էլ լավ է, երբ տարին սկսում ես հաղթանակով: Ես նկատի ունեմ, իհարկե, հիմնական կազմը: Հաղթանակը միշտ էլ վստահություն է հաղորդում թիմին:  Հաղթեցինք 3:1 հաշվով, բայց կարող էինք ավելի մեծ հաշվով հաղթել, քանի որ գոլային պահերով գերազանցեցինք մրցակցին մի քանի անգամ: Արազ Օզբիլիսի նորմաուտն էլ շատ կարեւոր էր: Մեր հավաքականում այսօր իրոք հիանալի ու միաժամանակ գործնական մթնոլորտ է տիրում: Հենց այսպես մենք աստիճանաբար կմոտենանք աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով