14:08  ,  16 դեկտեմբերի, 2014

Արթուր Գեւորգյան. 2014-ը բացառիկ տարի էր հայկական բռնցքամարտի համար (ֆոտո)

Այս տարի մենք գրանցել ենք բացառիկ հաջողություններ՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, պատանեկան Օլիմպիական խաղերի մեդալակիր, միջազգային մրցաշարերից 7 ոսկե, 10 արծաթե եւ 8 բրոնզե մեդալներ: Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում նման հաջողություններ չի գրանցվել բռնցքամարտում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով ամփոփեց 2014 թվականը:

«Այս տարին մեզ համար հաջողությունների տարի էր: Մենք ունեցանք այնպիսի հաջողություններ, ինչպիսիք չէր գրանցվել վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի բռցնքամարտի պատմության մեջ: Երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք բացառիկ հաջողություն՝ կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոն՝ Անուշ Գրիգորյանը: Պատանեկան Օլիմպիական խաղերում Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեծահասակների հավաքականը մասնակցել է 6 միջազգային մրցաշարերի, որտեղից բերել ենք 25 մեդալ՝ 7 ոսկե, 10 արծաթե եւ 8 բրոնզե: Սա եւս բացառիկ արդյունք է մեզ համար: Սա լուրջ հայտ է 2015 թվականին օլիմպիական վարկանիշային մրցաշարերին միավորներ եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Այս տարի պասիվ էր մեծահասակների հավաքականը: Մեծահասակները չունեին պաշտոնական մրցաշարեր: Մենք 2015-ին կունենանք երկու անգամ ավելի մրցաշարեր: Այդպես որոշել է ԱԻԲԱ-ն եւ մրցաշարերը կլինեն օլիմպիական վարկանիշային: Նորմալ է, որ լավագույն տասնյակից մեր մարզիկները բացակայում են»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

2015-ին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական ամառային խաղերին մասնակցելու մասին Արթուր Գեւորգյանը նշեց.

«Բավական բարդ ու վստանգավոր է Բաքվի խաղերին մասնակցելու հարցը: Մենք գիտենք՝ ինչ երկրի մասին է խոսքը եւ վստահել, թե իրենք կապահովեն մեր մարզիկների անվտանգությունը, չենք կարող: Բռնցքամարտիկները կմասնակցեն, թե՝ ոչ, որոշումը ֆեդերացիայինն է: Մենք որոշում կկայացնենք, ունենք ուժեղագույն մարզիկներ, որոնք ծնողներն ուղղակի հրաժարվում են իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել Բաքվի խաղերին: Մենք պետք է միասնական որոշում կայացնենք: Նման մթնոլորոտում գնալ եւ փայլուն արդյունքներ ունենալը շատ բարդ է: Այս պահին մենք չունենք այնպիսի մարզիկ, ով ուղղակի «թքած կունենա» այնտեղ տիրող մթնոլորտի վրա եւ լավ արդյունք կբերի: Իսկ մասնակցել խաղերին եւ առանց արդյունքների վերադառնալը մերը չէ»:

Օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու հնարավորությունների եւ ուղեգիր նվաճելու հեռանկարների մասին Գեւորգյանն ասաց.

«Ցանկանում եմ, որ ունենանք այն ուղեգիրը, որը դառնալու է Օլիմպիական մեդալ: Մեր այն բռնցքամարտիկները, ովքեր կնվաճեն օլիմպիական ուղեգիր, կգնան օլիմպիական մեդալի հետեւից: Ես չեմ ընդունում, երբ Օլիմպիական խաղերում մարզիկները կարեւորում են զուտ մասնակցությունը: Բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գաղափարախոսությունը չկա: Օլիմպիական խաղերը տուրիզմ չէ»:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի աշխատանքը ֆեդերացիայի նախագահը գնահատեց բարձր.

«Դավիթ Թորոսյանի աշխատանքից գոհ եմ: Մենք շարունակում ենք աշխատել նրա հետ: Թորոսյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ Oլիմպիական խաղերը: Ժամանակը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մարզիկները վտահում են Դավիթ Թորոսյանին: Նոր մարտավարություն ենք որոշել մյուս մարզիչների հետ: Նրանց հետ մենք կաշխատենք ռոտացիոն համակարգով: Եթե մրցաշրջանի վերջում քննարկվի եւ մարզիչի աշխատանքը գոհացնի ֆեդերացիային, նա կշարունակի աշխատանքը, եթե ոչ՝ հնարավորություն կտրվի մյուս, երիտասարդ մարզիչներին:

Մեր որդեգրած քաղաքականությունը կարծես տալիս են արդյունքներ: Ինձ հաջողվել է մի կարեւորագույն խնդիր լուծել այս տարի եւ վերականգնել արդարություն մրցավարական դաշտում: Մենք հրավիրեցինք միջազգային մրցավարների, ովքեր չէին ճանաչում մեր մարզիկներին եւ անարդարություն չէին կարող անել: Եթե մրցավարները պարբերաբար մարզիկներին օգնեն դառնալ չեմպիոն, այդպես մենք մարզիկին միայն վատություն ենք անում»,- հավելեց Արթուր Գեւորգյանը:

Հարցին՝ կմասնակցեն Հայաստանի բռնցքամարտիկները 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, եթե ՀԱՕԿ-ը մասնակցելու որոշում կայացնի, Արթուր Գեւորգյանը նշեց, որ իրենց այդ հարցով դեռեւս ոչ ոք չի դիմել:

«Մասնակցելու որոշումը միայն ՀԱՕԿ-ինը չէ: Դա ընդհանուր որոշում է: Տվյալ մարզաձեւի պատասխանատուն բռնցքամարտի ֆեդերացիան է: Օլիմպիական կոմիտեն ընդհանուր պատասխանատվություն է կրում, քանի որ Օլիմպիական խաղեր են: Բռնցքամարտի ֆեդերացիան կհաստատի իր մասնակցությունը, թե ոչ, դեռ հստակեցված չէ: Ինձ այդ հարցով դեռեւս ոչ ոք չի դիմել, չի քննարկվել, չի խորհրդակցվել, ոչ մի որոշում դեռ չի կայացվել, չի ստորագրվել: Ամեն հարց քննարկման փուլում է: Հետեւում եմ լրատվությանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ փետրվարին նոր կհայտարարվի՝ կմասնակցեն, թե ոչ: Մինչեւ փետրվար դեռ ժամանակ կա: Դեռ կորոշենք, ինչ է մեզ տալու եւ ինչ է մեզանից տանելու այդ մասնակցությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն դեպքում արդեն պլանավորել է Բաքվի խաղերին մասնակցելու դեպքում բռնցքամարտիկների նախապատրաստական ամբողջ փուլը: Բռնցքամարտի ֆեդերացիան որոշում կկայացնի հենց մարզիկների հետ: Մեր մարզիկներն արդեն հասուն տղաներ են, երեխաներ չեն, որ ձեռքը բռնես եւ տանես: Պետք է հաշվի առնել՝ տվյալ մարզիկը կցանկանա կռվել Բաքվում, թե ոչ:  2015 թվականին Բաքվում Եվրոպական խաղերըից բացի, կա նաեւ օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություններից մեկը կրկին Բաքվում է, մյուսը Ստամբուլում է: Մենք անընդհատ խնդիրների առաջ ենք: Մեր տղաներին պետք է կարողանանք ճիշտ պատրաստել, որպեսզի նրանք բարոյահոբենական շատ բարձր վիճակում լինեն, միայն մարզավիճակը չէ: Մենք պետք է ամեն կերպ կարողանանք քաջալերել, որպեսզի պարտություններ չլինեն: Եթե լինի պարտություն, բոլորս քննադատելու ենք: Ոչ ոք չի վերցնի իր վրա պարտության այդ մեղավորությունը, բայց հենց լինում է հաղթանակ, շատերն են հայտնվում, որոնք կախում են դափնիներ այդ մարզիկին, լուսանկարվում են նրա հետ»,- մեկնաբանեց Արթուր Գեւորգյանը: 

Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ 2014թ. Հայաստանի լավագույն բռնցքամարտ է ճանաչվել գյումրեցի Արման Հովիկյանը:

«Նա մասնակցել է չորս միջազգային մրցաշարի եւ ամեն տեղ 4 հաղթանակ է ունեցել: Նոկաուտով եւ նոկդաուններով հաղթել է այնպիսի մրցակիցների, որը շոկ է առաջացրել բոլորի մոտ: Նա այն մարզիկներից է, ով չէր համարվում հավաքականի հիմնական կազմի անդամ: Տվեցինք նրանք հնարավորություն այս մրցաշրջանում եւ մարզիկը փայլեց:

Ես պրոֆեսիոնալ դաշտից եմ եկել ֆեդերացիա: Ինձ համար կարեւորը մեդալների քանակը չէ, կարեւորն այն է, թե տարվա ընթացքում ում են հաղթել մեր բռնցքամարտիկները: Իրենց հակառակորդների որակի մասին է խոսքը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, ոչ թե մրցաշարը հաղթելով են դառնում աշխարհի չեմպիոն, այլ չեմպիոնին հաղթելով են դառնում աշխարհի չեմպիոն: Սա ճիշտ սկզբունք է:

Հավաքականի մարզիկների ընտրությանը ես մասնակցում եմ: Մենք ընդհանուր որոշում ենք կայացնում, խորհրդակցում ենք մեկս մյուսի հետ: Հստակ որոշում բռնցքամարտում չի կարելի կայացնել: Պետք է մյուս մարզիկներին էլ հնարավորություն տաս: Մենք ունենք շատ լավ բռնցքամարտիկ, ով Հայաստանի առաջնություններում փայլում է, բայց միջազգային մրցաշարերի ժամանակ լավ չի մասնակցում: Մենք փոխարինեցինք նրան երկրորդ համարով, որը միջազգային  ռինգում է շատ լավ մասնակցում: Ֆիքսվել մի մարզիկի վրա եւ համարել նրան լիդեր, դա սխալ մարտավարություն է»,- ասաց Արթուր Գեւրոգյանը:

Ասուլիսի վերջում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը «Մրցաշրջան-2014»-ը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագրերով պարգեւատրեց մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ NEWS.am Sport-ին:

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում