00:29  ,  30 նոյեմբերի, 2014

«Բավարիայի» հաղթարշավի բեռլինյան արարը (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 13-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Բեռլինի «Հերտայի»  հետ եւ հանդիպեց լուրջ դիմադրության: Բոլորի ակնկալիքներին հակառակ` Մյունխենի «Բավարիային» չհաջողվեց գրանցել խոշոր հաշիվ, բեռլինցիները ցուցադրեցին հիանալի կամային խաղ, սակայն խուսափել պարտությունից չստացվեց:

Խաղի ընթացքը

«Բավարիային» չհաջողվեց գրանցել ավանդույթ դարձած խոշոր հաշիվ եւ ստիպված եղավ բավարարվել համեստ 1:0 հաղթանակով: Բայց 10-րդ հաղթանակն ընթացիկ առաջնությունում տպավորիչ է, ոչ մի պարտություն, երեք ոչ ոքի:

Առաջին խաղակեսում միանշանակ առավելությունը մյունխենցիներինն էր, որոնք հենց առաջին րոպեներից վարեցին իրենց բնորոշ հարձակողական խաղ: Նրանք հիանալի գոլային պահեր էին ստեղծում, սակայն հաշիվ բացելը բավական բարդ եղավ չեմպիոնների համար: Խաղի 27-րդ րոպեին  Արյեն Ռոբենը, օգտագործելով ստեղծված հնարավորությունը, գեղեցիկ հարվածով հեռվից գրավեց մրցակցի դարպասը: Գեղեցիկ էր նաեւ «Հերտայի» դարպասապահ Թոմաս Կրաֆտի ցատկը:

Երկրորդ խաղակեսում բեռլինցիների խաղն ակնհայտորեն բարելավվեց: Առաջինը  Յուլիան Շիբերն էր, ով հիանալի խաղաց, սակայն վրիպեց, այնուհետեւ խաղի 62-րդ րոպեին Հաձիմե Հոսոգային հաջողվեց գոլ խփել, սակայն նա խաղից դուրս վիճակում էր: Նման հակագրոհից սթափված մյունխենցիները նոր եռանդով սկսեցին գրոհել մրցակցի դիրքերը:

Ամբողջ խաղի ընթացքում «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ունեցավ գոլային պահեր, սակայն այս խաղում հաջողությունը նրանից երես էր թեքել: 82-րդ րոպեին Լեւանդովսկին մրցակցի տուգանային հրապարակում ընդունեց Ռոբենի կատարած փոխանցումը, հարվածեց, սակայն տեղում էր «Հերտայի» դարպասապահ Թոմաս Կրաֆտը:

Մյունխենցիների համար անսպասելի ուժեղ մրցակից եղավ «Հերտան», որը սակայն չխանգարեց նրանց անհրաժեշտ երեք միավորը տուն տանել, թեեւ հաղթանակը նվազագույն հաշվով էր:

«Բավարիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Հերտան» 14 միավորով 13-րդ տեղում է:

Ի՞նչ են ասում մարզիչները

Իր թիմի խաղով ոչ այդքան բավարարված «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղից հետո նշեց. «Դե ինչ, ամեն ինչ պարզից էլ պարզ է, առաջին խաղակեսում մենք միանշանակ առաջատար էինք, իսկ երկրորդում մենք մեր դիրքը զիջեցինք մրցակցին:

Առաջին խաղակեսում մեր խաղն անզուգական էր. 8 կամ  9-ը հարմար գոլային իրավիճակներ ստեղծեցինք, որոնք սակայն չկարողացանք ճիշտ օգտագործել: Իսկ երկրորդ խաղակեսում մենք կորցրեցինք մեր առավելությունը եւ «Հերտային» հիանալի հակագրոհային խաղ ունենալու հնարավորություն տվեցինք»:

Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզիչ Յոս Լուհուկայը հպարտանում է իր թիմի խաղով. «Երբ մրցում ես Մյունխենի հսկաների հետ, կարեւոր է չթերագնահատել սեփական ուժերը: Իմ տղաները առաջին խաղակեսում կարծես ընդունել էին մրցակցի իշխանությունը: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց, եւ նրանց հաջողվեց հիանալի հակագրոհներ կազմակերպել. կարծում եմ բոլորս ուրախանալու տեղ ունենք նման խաղից հետո»:

Բունդեսլիգա, 13-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 0:1
Ռոբեն, 27

«Հերտա». Կրաֆտ – Շուլց, Բրուքս, Հեգելեր, Նյենգ – Շելբրեդ, Հոսոգայ – Բեն-Հաթիրա, (Ռոնի, 62), Շտոկեր (Հարագուչի, 76), Բեերենս – Շիբեր (Կալու, 61):

«Բավարիա». Նոյեր – Բերնատ, Դանթե, Բոատենգ, Ռաֆինյա – Ալոնսո – Ռիբերի, Ռոբեն, Գյոտցե (Ռոդե, 66) – Լեւանդովսկի, Մյուլեր (Շվայնշտայգեր, 80):

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում