17:04  ,  11 նոյեմբերի, 2014

Չեդոմիր Տոմչիչ. Հաճելիորեն զարմացրեց Հայաստանի առաջնության մակարդակը

Սերբ ֆուտբոլիստ Չեդոմիր Տոմչիչը համալրել է «Արարատի» կազմն ընթացիկ մրցաշրջանից առաջ եւ աստիճանաբար դարձել թիմի առանցքային խաղացողներից մեկը: 195 սմ հասակ ունեցող 27-ամյա ֆուտբոլիստն առանձնանում է իր գրագետ խաղով եւ «Արարատում» հասցրել է խաղալ երեք տարբեր դիրքերում: Ակումբի կայքը ներկայացնում է Չեդոյի հետ հարցազրույցը:

Չեդո, ինչո՞վ կարող ես բացատրել «Արարատի» անհաջող մրցելույթներն ընթացիկ առաջնությունում:

«Արարատը» լավ թիմ է: Սակայն, մրցաշրջանից առաջ նոր թիմ պետք է ձեւավորվեր: Իսկ մի քանի ամսում միանգամայն նոր թիմ հավաքագրելը շատ բարդ գործընթաց է: Նոր ֆուտբոլիստներ տարբեր երկրներից, նոր մարզիչներ: Այս հանգամանքներով է պայմանավորված այն փաստը, որ մենք ստաբիլ չենք խաղում եւ կրել ենք այսքան շատ պարտություններ: Սակայն, պետք է ասեմ, որ խաղից խաղ մենք բարելավում ենք համագործակցությունը, մինչեւ վերջ պայքարում ենք ամեն խաղում եւ հուսով եմ, որ շատ շուտով կսկսենք հաղթանակներ տանել: Եթե ձմեռային ընդմիջման ընթացքում մեր թիմի կազմը համալրեն մի քանի փորձառու ֆուտբոլիստներ, կկարողանանք պայքարել բարձր տեղերի համար:

Նախորդ հանդիպումներում «Արարատը» շատ գոլեր է խփում, բայց միեւնույն ժամանակ ավելի շատ գնդակներ է ընդունում սեփական դարպասը:

Ամեն խաղում փոփոխություններ են լինում թիմի մարտավարության եւ ֆուտբոլիստների դասավորվածության մեջ: Կարելի է ասել, որ մենք օպտիմալ տարբերակի որոնումների մեջ ենք: «Արարատն» ունի փորձառու մարզիչ եւ վստահ եմ, որ նա կգտնի այդ տարբերակը, մենք էլ կաշխատենք ուրախացնել թիմի երկրպագուներին:

«Փյունիկի» հետ խաղում կարծես որոշ չափով կարգավորվել էր խաղը պաշտպանությունում:

Մենք ավելի շատ էինք ուշադրություն դարձնում պաշտպանությանը եւ գործում էինք հակագրոհների մարտավարությամբ: 0:1 հաշվի ժամանակ նետվեցինք առաջ խաղը փրկելու նպատակով, սակայն փոխարենը երկու ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք ավելացված ժամանակում:

 «Արարատում» հասցրել ես խաղալ կենտրոնական պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի եւ նույնիսկ հարձակվողի դիրքում: Ո՞ր խաղային դիրքն է քեզ ավելի հոգեհարազատ:

Նախկինում ես հիմնականում խաղացել եմ հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն «Արարատում» բավականին հաջող է ստացվում նաեւ կենտրոնական պաշտպանի դիրքում գործելը: Ինչ վերաբերում է հարձակման գծում խաղալուն, ապա դա բխում էր թիմի շահերից: Պատրաստ եմ խաղալ նույնիսկ դարպասապահի դիրքում, եթե դրանով օգուտ կտամ «Արարատին»:

 Կարո՞ղ ես համեմատել Սերբիայի եւ Հայաստանի առաջնությունների խաղամակարդակները:

Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում ֆիզիկական եւ տակտիկական պատրաստվածությանը, իսկ Հայաստանում շեշտը դրվում է տեխնիկական պատրաստվածությանը: Պետք է նշեմ, որ հաճելիորեն զարմացրեց Հայաստանի առաջնության խաղամակարդակը: Այստեղ բավականին լավ թիմեր եւ խաղացողներ կան:

Մոտ մեկ ամիս առաջ Երեւանում ներկա ես գտնվել ՀայաստանՍերբիա հանդիպմանը: Ի՞նչ տպավորորթյուններ ստացար այդ խաղից:

Շատ լավ խաղ ստացվեց: Հայաստանի հավաքականը թողեց հիանալի տպավորություն: Չնայած նրան, որ բացակայում էին ձեր թիմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, Հայաստանի հավաքականն իսկական թիմի պես գործեց, բոլոր ֆուտբոլիստները խաղում էին 200 տոկոս նվիրվածությամբ: Միգուցե, Սերբիայի կազմն ավելի զորեղ էր, սակայն խաղադաշտում դա չերեւաց:

Գիտեմ, որ Սերբիայի հավաքականի խաղացողներից ոմանց հետ նախկինում խաղացել ես: Արդյո՞ք հանդիպեցիր նրանց:

Անգլիական «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Դուշան Տադիչի եւ իտալական «Ուդինեզեի» դարպասապահ Ժելկո Բրկիչի հետ ժամանականին հանդես ենք եկել «Վոյվոդինայի» կազմում: Հանդիպեցինք խաղից առաջ: Շատ հաճելի էր տեսնել նրանց Երեւանում:

Իսկ դու երբեւէ հրավիրվե՞լ ես Սերբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ:

Այո, ժամանակին խաղացել եմ Սերբիայի Մ-18 պատանեկան հավաքականում:

 Քո կենսագրության մեջ կա եւս մեկ հետաքրքիր փաստ: Դու ուսում ես ստացել եւ միեւնույն ժամանակ խաղացել ես ԱՄՆ-ում:

Ես սովորում էի Հարթֆորդի համալսարանում` տնտեսագիտության եւ ֆինանսների ֆակուլտետում: Սերբիայում հնարավոր չէր համատեղել ֆուտբոլը  ուսումը ու քանի որ ես ուզում էի բարձրագույն կրթություն ստանալ, միեւնույն ժամանակ շարունակել ֆուտբոլիստի կարիերան, ընտրեցի այս տարբերակը: Խաղում էի «Հարթֆորդ Հոքս» թիմում: Պետք է ասեմ, որ ֆուտբոլային մրցաշարը բավականին բարձր մակարդակ ուներ: Այնտեղ խաղում էին բազմաթիվ արտասահմանցի ֆուտբոլիստներ` Անգլիայից, Աֆրիկայից, Ճամայկայից, որոնք նախկինում հանդես էին եկել կամ շարունակում էին խաղալ իրենց երկրների ազգային կամ երիտասարդական հավաքականներում: ԱՄՆ-ում անցկացրած տարիներն անգնահատելի փորձ էին ինձ համար:

 Ինչպե՞ս ես քեզ զգում Երեւանում եւ որտե՞ղ ես անցկացնում ազատ ժամանակդ:

Ինձ շատ է դուր գալիս Երեւանը, որն ինձ հիշեցնում է իմ հարազատ քաղաքը` Նովի Սադը: Միակ բացասական բանը, թերեւս այն է, որ այստեղ չափազանց արագ են երթեւեկում (ժպտում է): Ազատ ժամանակն անցկացնում եմ «Արարատում» հանդես եկող սերբ խաղընկերներիս հետ: Քայլում ենք, սրճարաններ հաճախում, լավ ժամանակ ենք անցկացնում Կասկադում:  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով