23:23  ,  10 նոյեմբերի, 2014

«Սանտյագո Բերնաբեուն»՝ NEWS.am Sport-ի դիտակետից (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնն ուխտատեղի է միլիոնավոր ֆուտբոլասերների համար: Ֆուտբոլը մեր ժամանակների թիվ մեկ մարզաձեւն է, իսկ «Ռեալը»՝ 20-րդ դարի լավագույն թիմը: Հայտնվեցի այստեղ պատահական, քանի որ 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների խաղին ուղեւորությունս անցնում էր Իսպանիայի մայրաքաղաքով:

Ի տարբերություն Լոնդոնի կամ Բարսելոնայի, Մադրիդի գլխավոր ստադիոնը գտնվում է հիանալի թաղամասում՝ կենտրոնից ոչ շատ հեռու, մետրոպոլիտենի համանուն կայարանի հարեւանությամբ: Բոլոր ցանկացողների համար կան էքսկուրսիոն տուրեր: Ցանկացողները կարող են տեսնել ստադիոնի թանգարանը, հանդերձարանները, ասուլիսների սրահը, խաղադաշտը:

Թանգարանից դուրս գալուց հետո դեռ երկար գտնվում էի տպավորությունների ներքո: Այսպիսի ուժեղ տպավորություններ չէի ստացել անգամ աշխարհի լավագույն թանգարաններում: Թանգարանը լի է հարյուրավոր մրցանակներով, թիմի հարուստ անցյալի մասին պատմող բազմաթիվ ցուցանմուշներով:

Իսկ ստադիոնը իրականում շատ ավելի գեղեցիկ է, քան հեռուստացույցով: Հետաքրքիր է, որ ստադիոնի մոտ գտնվող կրպակներում վաճառվում էին ինչպես «Ռեալի» ու Ռոնալդոյի մարզաշապիկները, այնպես էլ՝ Լիոնել Մեսիինը:

Քաղաքում պատահում էին նաեւ մարդիկ կատալոնական թիմի մարզաշապիկով:
«Սանտյագո Բեռնաբեուի» հարեւանությամբ վաճառում են նաեւ արեւածաղիկ: Այս հարցում հայերը իրենց կարող են զգալ, ինչպես տանը:

Ինչ վերաբերում է Մադրիդին, ապա գեղեցիկ եւ ջերմ քաղաք է, բայց գեղեցկությամբ զիջում է Փարիզին, Լոնդոնին, Հռոմին: Այստեղ «Ռեալի» խաղին ներկա լինելուց բացի, անպայման պետք է գնալ ֆլամենկո շոուների, շատ տպավորիչ են:

Վերա Մարտիրոսյան՝ Մադրիդից

Ֆոտո, վիդեո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով