14:04  ,  9 նոյեմբերի, 2014

Դորտմունդ - Մյոնխենգլադբախ. Ո՞ր «Բորուսիան» է առավել արժանի Պրուսիային (ֆոտո)

Բունդեսլիգայի 11-րդ տուրը կավարտվի Դորտմունդի «Սիգնա Իդունա Պարկում» կայանալիք երկու «Բորուսիաների» հանդիպումով: Մյոնխենգլադբախի թիմն անցկացնում է պատմության մեջ լավագույն մեկնարկը Գերմանիայի առաջնությունում: 10 խաղում ոչ մի պարտություն: Թիմը տարել է 5 հաղթանակ, 20 միավորով Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող գոտում է: Բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 18 անընդմեջ հանդիպումներում թիմը պարտություն չի կրել: Մյոնխենգլադբախցիները հրաշալի խաղ են ցուցադրել նախորդ շաբաթներին եւ բոլոր առաջատարները (Մարտին Շտրանցլ, Անդրե Հան, Մաքս Կրուզե, Պատրիկ Հերման, Ռաֆայել) գերազանց մարզավիճակում պատրաստ են դորտմունդյան դիմակայությանը:

Յուրգեն Կլոպի թիմը գավաթային փայլուն հանդիպումների ֆոնին աղետային վիճակում է Բունդեսլիգայում: «Հինգ անընդմեջ պարտությունից հետո նախավերջին տեղը տրամաբանական է, բայց պետք է վերջ տալ այս անհաջողություններին առաջնությունում»,- ասում է դորտմունդյան ակումբի ղեկավար Հայնց-Յոահիմ Վատցկեն:

Բուքմեյքերների կանխատեսումը Դորտմունդի թիմի օգտին է՝ 1.6: Հյուրերի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 4.6 գործակցով, ոչ ոքին՝ 3.9

Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդյան ակումբի ծանր վիճակը նկարագրելը գնալով ավելի բարդ է դառնում: Նախորդ շաբաթ 10-րդ տուրում դորտմունդցիները կրեցին 7-րդ պարտությունը: Մրցակիցը առաջատար «Բավարիան» էր: Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» խաղը բացառապես այլ պատկեր է ստեղծում: Դորտմունցիները պարտության են մատնել բոլոր մրցակիցներին: Դժվար է համեմատել Չեմպիոնների լիգայի դորտմունցիներին (13 գոլ՝ 4 խաղում) Բունդեսլիգայի դորտմունդցիների հետ: Նրանք այժմ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի վերջին տեղում են:

Հաղթանակի դեպքում դուրս կգան վտանգավոր գոտուց. այդքան սուր է պայքարը Բունդեսլիգայում, միավորների տարբերությունը չնչին է: Մեկ հաղթանակը կամ ոչ ոքին նույնիսկ կարող է Բունդեսլիգայում մնալու արժեք ունենալ: Ժամանակն է, որ Յուրգեն Կլոպի տղաներն իրենց պարտությունների շարքի վերջը դնեն եւ փոխչեմպիոններին վայել խաղ ցուցադրեն:

Հավանական մեկնարկային կազմը. Վայդենֆելեր - Պիշչեկ, Սուբոտիչ, Սոկրատիս, Դուրմ – Բենդեր, Կել – Մխիթարյան, Կագավա, Ռոյս – Օբամեյանգ:

Մյունխենգլադբախի «Բորուսիա»

Մրցաշրջանի մեկնարկը տպավորիչ է` ոչ մի պարտություն Բունդեսլիգայում: 10-րդ տուրում մյոնխենգլադբախցիները պարտության մատնեցին «Հոֆենհայմին», որը նույնպես այս մրցաշրջանում առանձնանում է հիանալի խաղով ու եվրագավաթային գոտում է:

Հավանական մեկնարկային կազմ. Սոմեր - Կորբ, Շտրանցլ, Յանչկե, Վենդտ – Կրամեր, Նորդտվեյտ – Հան, Հերման – Ռաֆայել, Կրուզե:

Ի՞նչ են ասում մարզիչները


Յուրգեն Կլոպին այս խաղից առաջ առավել անհանգստացնում էր Մարկո Ռոյսի եւ Ռոման Վայդենֆելերի առողջական վիճակը: Նրանք աղեստամոքսային խանգարում ունեին, իսկ մրցակցի հաջողությունները անհիմն չի համարում. «Գիտեմ, որ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում մեր թիմի դիրքը սարսափելի է: Իսկ մրցակիցը լավ է խաղում, նաեւ իսկապես նրանց բախտը բերել է, որ մեր կողմից մի քանի առաջատար խաղացողներ բացակայելու են: Վերջերս նրանց բոլորը գովասանքի խոսքեր են շռայլում եւ ստիպված ենք ընդունել` ոչ այդքան անտեղի»:

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսյեն Ֆավրը հոգեբանորեն պատրաստ է անպարտելի շարքի ընդհատմանը. «Իհարկե, փորձելու ենք հաղթանակած դուրս գալ այս խաղից: Սակայն պետք չէ մոռանալ, թե ինչ ծանր վիճակում էր մեր թիմը 2009-2011 թվականներին: Մենք գրեթե չկայինք, եւ բնականաբար ակնկալել, որ թիմը երեք տարում կկարողանա հասնել մի վիճակի, որ առանց պարտության կխաղա, նույնպես իրատեսական չէ»:

«Բորուսիաների» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում