23:24  ,  1 նոյեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց նաեւ «Բավարիային»

Դորտմունդի «Բորուսիան» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց գերմանական Բունդեսլիգայում: 10-րդ տուրի կենտրոնական խաղում դորտմունդցիները Մյունխենում 1:2 հաշվով պարտվեցին «Բավարիային», որը տարավ կամային հաղթանակ:

«Բավարիան» տարծքային առավելություն ուներ մեկնարկից եւ մի քանի իրական գոլային պահ կորցրեց առաջին խաղակեսում: Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ 9-րդ րոպեին ունեցավ «Բորուսիայի» առաջին գոլային պահը, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Քիչ անց Մխիթարյանը թեթեւ վնասվածք ստացավ, երբ «Բորուսիայի» գերմանացի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը պատահմամբ գնդակով հարվածեց նրա գլխին: Բժիշկները խաղադաշտից դուրս օգնություն ցուցաբերեցին Հենրիխին, ինչից հետո կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ եւ «Բորուսիայի» կազմում լավագույններից էր առաջին խաղակեսում: 31-րդ րոպեին դորտմունդցիների հակագրոհներից մեկը գոլով ավարտեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ով խփեց մեկնարկային 45 րոպեների միակ գոլը:

Ընդմիջումից հետո «Բավարիայի» առավելությունը հսկայական էր, իսկ Յուրգեն Կլոպի թիմը խաղում էր ընդգծված երկրորդ համարով: Մյունխենցիները մեկը մյուսի հետեւից կորցնում էին գոլային պահեր, սակայն 70-րդ րոպեին «Բորուսիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հավասարեցրեց հաշիվը: Դաշտի տերերը շարունակում էին գրոհել եւ վերջնամասում նաեւ հաղթանակ կորզեցին: 85-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով վերջակետ դրեց խաղին: Հենրիխ Մխիթարյանը մեծ աշխատանք կատարեց նաեւ երկրորդ խաղակեսում եւ խաղաց առանց փոխարինման:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը 24 միավորով առաջատարն է: «Բորուսիան» ունի 7 միավոր եւ 16-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 2:1

Ռոբերտ Լեւանդովսկի, 70, Արյեն Ռոբեն, 85 – Մարկո Ռոյս, 31

«Բավարիա». Նոյեր, Լամ, Բենատիա, Բոատենգ, Ալաբա, Ալոնսո, Բերնատ, Ռոբեն, Գյոտցե (Ռիբերի, 70), Մյուլեր (Պիզարո, 71), Լեւանդովսկի (Ռոդե, 88):

«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Հումելս (Սուբոտիչ, 45), Սոկրատիս, Դուրմ, Բենդեր, Կել, Մխիթարյան, Ռոյս, Կագավա (Գրոսկրոյց, 71), Օբամեյանգ (Ռամոս, 81):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով