23:22  ,  11 հոկտեմբերի, 2014

Բրանիսլավ Իվանովիչ. Սա այն չէր, ինչի մենք սպասում էինք

Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ասել է Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը, ով NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղը:

«Կարծում եմ՝ սա շատ դժվար խաղ էր մեզ համար: Մենք կառավարում էինք խաղն առաջին խաղակեսում: Ունեինք գոլ խփելու երեք-չորս հնարավորություն, բայց չստացվեց: Բաց թողած գոլից հետո կորցրինք հավասարակշռվածությունը, իսկ հետո սկսեցինք վերգտնել մեր խաղը: Այս ընտրական փուլը սկսեցինք ոչ ոքիով. սա այն չէր, ինչի մենք սպասում էինք, բայց առջեւում ունենք 7 խաղ: Առաջիկա երեք օրում լավ կպատրաստվենք, որպեսզի հաղթենք Ալբանիային:

Եթե Հայաստանի հավաքականն իրացներ 11 մետրանոցը, խաղը կավարտվեր: 0:2 հաշվից հետո մենք չէիք կարողանա վերականգնվել: Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է: Նրանք խաղում են շատ պաշտպանողական ֆուտբոլ եւ ամեն րոպե գիտեն, թե ինչ են ցանկանում անել: Հայերը փորձում են խաղալ հակագրոհներով: Գիտեմ, որ հայերը հավատում են, որ կկարողանան հաղթահարել ընտրական փուլի արգելքը, բայց նրանք երկար ճանապարհ ունեն անցնելու»,- զրույցում նշեց Սերբիայի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը Ռոբերտ Արզումանյանի գոլի շնորհիվ մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը սերբերին փրկեց պարտությունից:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով