18:16  ,  8 հոկտեմբերի, 2014

Լեւոն Պաչաջյան. 2007-ին ունեինք մի մարզիչ, ով այնպես էր մոտիվացնում, որ պատրաստ էինք մահանալ

2007թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում Եվրո-2008-ի ընտրական փուլի խաղում մրցեց Սերբիայի հավաքականի հետ (0։0): Այն ժամանակվա կազմի խաղացող, այս պահին շվեդական «Ասիրիսկայի» 31-ամյա կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսեց սերբերի դեմ 2007-ի հանդիպման եւ Եվրո-2016-ում Հայաստանի թիմի առաջիկա խաղերի մասին:

«2007-ին մենք ունեինք մի մարզիչ, ով անկախ մրցակցից մեզ այնպես էր մոտիվացնում, որ դաշտում պատրաստ էինք մեռնել։ Խոսքն իհարկե Յան Պոտերֆիլդի մասին է։ Սերբերը միշտ էլ պինդ ընկույզ են եղել եւ միշտ էլ պայքարել են խմբից դուրս գալու համար, եւ այս հավաքականը բացառություն չէ։ Նրանք այս պահին իհարկե ունեն առավելություն՝ հաշվի առնելով մեր կորուստները։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք կարող ենք պայքարել հաղթանակի համար։ Իմ կարծիքով՝ առաջին հերթին պետք չէ կենտրոնանալ սերբերի վրա, պետք է մարզիչի առաջադրանքները կատարել եւ ձգտել հաղթանակի։ Իհարկե, մեծ դեր կխաղա երկրպագուների աջակցությունը։ Հուսով եմ, որ ուրախանալու առիթ կունենանք խաղից հետո։ Հաջողություն եմ մաղթում մեր հավաքականին»,- ասաց Լեւոն Պաչաջյանը, որը ազգային հավաքականում վերջին հանդիպումն անցկացրել է 2011-ին, Ռուսաստանի թիմի դեմ Եվրո-2012-ի ընտրական փուլում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Սերբիա Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով