20:52  ,  6 օգոստոսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 6-ին ընկերական խաղ անցկացրեց լեհական «Շլյոնսկի» հետ՝ խփելով 3 անպատասխան գոլ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած խաղը սկսեց դորտմունդցիների մեկնարկային կազմում եւ դարձավ առաջին խաղակեսի գլխավոր հերոսը: 10-րդ րոպեին Մխիթարյանը բացեց հաշիվը, իսկ 10 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին: Հենրիխը հանդես էր գալիս ենթահարձակվողի դիրքում, իսկ ընդմիջումից հետո Յուրգեն Կլոպը փոխեց նրա խաղային դիրքը: Մխիթարյանը եւս 15 րոպե հանդես եկավ ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ 60-րդ րոպեին փոխարինվեց: 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը խփեց հյուրերը երրորդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:

Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Բորուսիայի» 6-րդ ընկերական խաղին եւ խփեց 7-րդ գոլը: Նա աչքի է ընկել բոլոր այն խաղերում, որոնց մասնակցել է:

Ընկերական խաղ, Վրոցլավ 

«Շլյոնսկ» (Լեհաստան) – «Բորուսիա» (Գերմանիա)՝ 0:3

Հենրիխ Մխիթարյան, 10, Չիրո Իմոբիլե, 26, Ադրիան Ռամոս, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում