14:47  ,  27 հուլիսի, 2014

Սերժ Սարգսյան. Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է (ֆոտոշարք)

Այսօր մեր հասարակությունը դրական ազդակների չափազանց անհրաժեշտություն ունի, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ընթացող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ:

«Շնորհավորում եմ «Մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի հաղթողներին եւ մրցույթի բոլոր մասնակիցներին, քանի որ այսպիսի մրցույթներում հաղթողներ չեն լինում, հաղթում ենք բոլորս: Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է. դա նշանակում է առողջ ընտանիք, մարզական լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք, նշանակում է առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Մեր մասնակիցների առավելությունը մյուս ընտանիքների նկատմամբ կայանում է նրանում, որ դուք դրական ազդակներ եք ուղարկում ուրիշներին, իսկ այսօր մեր հասարակությունը դրական ազդակների չափազանց անհրաժեշտություն ունի:

Երբ մենք ուրախանում ենք միջազգային ասպարեզներում մեր մարզիկների հաջողություններով, իհարկե դա մեծ բավականություն է պատճառում: Բոլորս, անշուշտ, ուրախանում ենք եւ հպարտանում: Հավաստիացնում եմ, որ չհակադրելով պրոֆեսիոնալ սպորտն ու ձեր արածը՝ դուք չափազանց կարեւոր գործ եք անում մեր երկրի համար, երեւի ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում հաջողություն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 144 ընտանիք:  Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման եւ տեղական իքնակառավարման մարմինների կողմից խթանելու եւ բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով այս մրցույթն անցկացվում է 2004 թվականից: Այն անցկացվում է Հայաստանի մարզերում եւ Արցախում:  2004-ին, երբ մրցույթն անցկացվում էր առաջին անգամ, մասնակցել է 54 ընտանիք:

Այս տարի մրցույթին մասնակցում է 2067 ընտանիք: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի այս տարվա բյուջեն կազմում է 155 միլիոն 840 հազար դրամ, որից մրցանակային հիմնադրամը 108 միլիոն 140 հազար դրամ է: 47 միլիոն 700 հազար դրամը ծախսվել է կազմակերպչական աշխատանքների վրա: Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Յուրաքանչյուր փուլի 1-3-րդ տեղ զբաղեցրած ընտանիքները շարունակում են պայքարը: Եզրափակիչ փուլ է հասել 144 ընտանիք: Յյուրաքանչյուր տարիքային խմբի հաղթող ընտանիքները պարգեւատրվելու են 300, 200, 100 հազարական դրամ: Պարգեւատրվելու են նաեւ վեց մրցաձեւում առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները : Մրցաձերն են՝ խաղային փոխանցումավազք 80մ, խաղային փոխանցումավազք 30մ, հեռացատկ տեղից, պարանի ձգում, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով եւ հրաձգություն՝ օդաճնշից հրացաններով: Մրցույթին մասնակցող ամենակրտսեր մասնակիցները ՀԱՕԿ նախագահի կողմից պարգեւատրվելու են 100 հազարական դրամներով: 

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում