17:20  ,  11 հուլիսի, 2014

Լուիս Սուարես. Իսպանիայում խաղալն ամբողջ կյանքիս երազանքն է

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Լուիս Սուարեսը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբ անգլիական «Լիվերպուլին», որի կազմում խաղաց 2011-2014-ը:

«Ցավով եմ հեռանում «Լիվերպուլից»: Դա անում եմ նոր մարտահրավերների ու նոր կյանքի համար: Ես ու ընտանիքս սիրահարվեցինք այս քաղաքին, սակայն ամենաշատը ես սիրեցի «Լիվերպուլի» աներեւակայելի ֆանատներին: Դուք միշտ աջակցել եք ինձ, մենք եղել ենք մեկ ընտանիքի պես: Երբեք չեմ մոռանա «Լիվերպուլը»:

Հուսով եմ՝ կկարողանաք հասկանալ, թե ինչու ընդունեցի նման որոշում: «Լիվերպուլը» հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ես մնամ, սակայն Իսպանիայում խաղալն իմ ամբողջ կյանքի երազանքն է: Այնտեղ է ապրում կնոջս ընտանիքը: Կարծում եմ՝ այժմ տեղափոխվելու ամենահարմար պահն է:

Բրենդան Ռոջերսի թիմին մաղթում եմ հաջողություններ: Թիմը հուսալի ձեռքերում է: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանը դարձյալ լավը կլինի: Շատ ուրախ եմ, որ «Լիվերպուլին» օգնեցի կրկին առաջատար ակումբ դառնալ Անգլիայում եւ վերադառնալ Չեմպիոնների լիգա: Եվս մեկ անգամ շնորհակալություն: You'll Never Walk Alone»,- 27-ամյա Սուարեսի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:

Անգլիայի 18-ակի չեմպիոնի կազմում անցկացրած 133 խաղերում Ուրուգվայի հավաքականի հարձակվողը խփել է 82 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում