17:16  ,  6 հունիսի, 2014

NEWS.am Sport-ը՝ Մայնցից. Հայկական կրքեր Գերմանիայում՝ Աշխարհի Գավաթից առաջ (ֆոտոռեպորտաժ)

Գերմանիայի հետ խաղը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար այս նախապատրաստական փուլում վերջինն է: Գերմանացիները կմեկնեն Բրազիլիա, իսկ մենք կմնանք հեռուսատցույցի մոտ: Խաղը ընկերական է եւ բնականաբար սպասելիքները այնքան մեծ չեն, որքան որակավորման փուլի խաղերում, բայց սա Գերմանիան է` աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը, որն աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներից է:

Գերմանիայի Մայնց քաղաքը մոտ 200 հազար բնակչություն ունեցող հանգիստ քաղաք է` հին եւ գեղեցիկ: Այստեղ հասնելու հիմնական ճանապարհը Ֆրանկֆուրտից է՝ գնացքով: Այդ պատճառով այս օրերին Ֆրանկֆուտում ամենուր երեւում են հայեր: Շատերը նախընտրել են մնալ Գերմանիայի բիզնես մայրաքաղում եւ Մայնց գնալ միայն խաղին` հատկապես, որ Հայաստանի հավաքականը հանգրվանել է գողտրիկ վայրում գտնվող հյուրանոցում: Իտալիայից հետո, երբ երկրպագուներից հենց առաջին օրը մեծ գումար գողացվեց, Գերմանիան թվում է խաղաղ եւ հանգիստ վայր: Ուշ գիշերով կարելի է հանգիստ զբոսնել Մայնցում, նստել գնացք եւ հասնել Ֆրանկֆուրտ:

Մայնցում, իհարկե այս խաղին յուրահատուկ են սպասում: Ազգային հավաքականն առաջին անգամ է հանդես գալու այստեղ, եւ Մայնցի բնակիչների համար դա մեծ տոն է: «Կոֆաս Արենան» տեղավորում է 27 հազար հանդիսական:

Երեք տարի առաջ կառուցված ստադիոնը հիանալի վճակում է: Հայերի համար առանձին հատկացված տրիբունա չկա, այդ պառճառով հայ երկրպագուները մեծ խնդրի առաջ են կանգնել: Երեւանից ժամանածները նախօրոք դիմել էին Գերմանիայի ֆեդերացիային, իսկ Սփյուռքից ժամանածները նախօրոք գնել էին բավական թանկ տոմսեր: Այսօր էլ տոմսեր ցանկացող հայերի համար մեծ խնդիր է:

Տոմսեր գրեթե չկան, իսկ մնացածներն էլ արժեն 200 եվրո: Երեւանից ժամանած մոտ 30 երկրպագուներից բացի, որոնք հիմնականում ՖԱՖ-ի անդամներն են, խաղին ներկա են գտնվելու տեղի հայ համայնքի ներկացաուցիչները: Մայնցում հայերը շատ չեն: Հիմնականում Իրանից եւ Լիբանանից եկած հայեր են: Գերմանիայում ամենահայաշատ քաղաքը Քյոլն է, որտեղ կա հայկական առաքելական եկեղեցի:

Գերմանացիների խոսքով, նրանք Հայաստանի հավաքականին են տվել նախապատվությունը, քանի որ հայերը խաղաոճով նման են պորտուգալացիներին` առաջիկա մրցակցին մունդիալում: Հայերը պորտուգալացիների պես արագ են եւ սիրում են հակագրոհել: Այդպես ասաց նախաղային մամուլի ասուլիսում նաեւ դարպասապահ Մանուել Նոյերը:

Հայաստանի թիմին այս հանդիպմանը, իհարկե առաջին հերթին պետք է շեշտը դնել արդյունքի վրա: Գերմանիայի հետ թույլատրելի չի լինի ԱՄԷ-ի եւ Ալժիրի թիմերի հետ հանդիպումների նման փորձարկումներով խաղալ: Այդ պատճառով Հայաստանի ազգային հավաքականն այսօր ամենայն հավանականությամն հանդես կգա իր մշտական մարտական կազմով: Վնասվածք ստացած Արաս Օզբիլիսին կփոխարինի Էդգար Մանուչարյանը, իսկ Կառլեն Մկրչտյանին՝ Ռումյան Հովսեփյանը, ում խաղը նախորդ երկու հանդիպումներում  առանձնացրեց Բեռնար Շալանդը:

Նախորդ խաղերը կրկին ցույց տվեցին ազգային հավաքականի պաշտպանության բոլոր խնդիրները: Ուստի Գերմանիայի հետ Հայաստանի թիմը պետք է խաղա առավելագույն ուշադիր՝ կիսապաշտպանական գոտին ավելի շատ հետ քաշված: Թեեւ այս երեք խաղերը Հայաստանի հավաքականի համար ավելի շատ նոր մարզիչի հետ ծանոթանալու, նոր ֆուտբոլիստներին փորձարկելու առիթ էր (չնայած մի քանի ֆուտբոլիստներ այդպես էլ հնարավորություն չստացան դուրս գալ խաղադաշտ), բայց կարելի է հասկանալ նաեւ երկրպագուներին, որոնք ԱՄԷ-ի եւ Ալժիրի հետ խաղերից հետո մի քիչ հիասթափված են: Այդ պատճառով Գերմանիայի հետ խաղից սպասելու են առավելագույնը:

Գերմանիայում Հայաստանի մասին գրեթե չգիտեն: Այո, այն, որ հայերը Բեռլինում պարել են Ռեյխստագի վրա ոչ ոք չի հիշում: Դրա համար Գերմանիայի դեմ լավ խաղը հիանալի գովազդ կլինի մեր երկրի համար, ինչպես դա եղավ անցյալ տարի հունիսին Դանիայում, երբ մեկ օր բոլորը խոսում էին Հայաստանի մասին:

Մխիթարյանին, իհարկե գիտեն: Երեկ ինձ գերմանացի լրագրողները խնդրում էին ասել, թե իրականում ինչպես է արտասանվում Մխիթարյանի ազգանունը: Դրանից հետո նրանք փորձում էին ճիշտ կարդալ մեր մյուս ֆուտբոլիստների ազգանունները: Ես ակամայից մտածեցի, որ նրանց բախտը բերել է, որ այս անգամ չկա Կառլեն Մկրտչյանը: Հակառակ դեպքում խաղից հետո գերմանացիների մարզիչին կարելի էր հարցնել, թե ինչ կարծիք ունի մեր 6 համարի մասին:

Մասնագետները, բույքմեյքերները հայերի հաղթանակին բացարձակ չեն հավատում: Բայց եթե հիշենք, որ հայերը լավ են հանդես գալիս ուժեղ հավաքականների դեմ, դրան էլ գումարվի Մխիթարյանի գերմանական փորձը, ապա այսօրվա խաղը ոչ միայն կարելի է վայելել, այլ նաեւ սպասել լավ արդյունքի մեզ համար:

Վերջում ինչ-որ տեղ կիրառելով իմ սնահավատական տեսությունները, ասեմ, որ փոքր հեքիաթային քաղաքներում Հայաստանի ազգային հավաքականը միշտ լավ է հանդես գալիս: Դե, քեզ տեսնենք Մայնց, հուսախաբ չանես:

Վերա Մարտիրոսյան՝ Գերմանիայից

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով