19:26  ,  31 մայիսի, 2014

Արթուր Աբրահամ. Չէի սպասում, որ Հայաստանում կտեսնեմ նման բան (ֆոտո)

Ուրախ եմ, որ Հայաստանում երիտասարդները սկսել են ապրել առողջ ապրելակերպով, մշտապես մարզվում են զբոսայգիներում, պարում են, հետեւում իրենց մարմնին: Նման մրցությունների ականատես էի եղել դրում, բայց չէի սպասում, որ Հայաստանում նման բան կարող եմ տեսնել: Այսուհետեւ կհետեւեմ հայաստանյան մրցություններին:

Այս մասին մայիսի 31-ին Երեւանում կայացած «Միքս Բաթլ ֆեսթ-2014» սպորտային միջազգային փառատոնի ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին հանգստանում է Երեւանում:

Արթուր Աբրահամը «Mix Battle Fest-2014» փառատոնի հատուկ հյուրն էր: Նման պատվի էին արժանացել նաեւ փողոցային վորքաութի աշխարհի չեմպիոն Դենիս Մինինը (Ուկրաինա), Street Workout միջազգային կազմակերպության ղեկավար Եվգենի Կոչերգան (Ուկրաինա): «Mix Battle Fest-2014»-ի ընթացքում հայ երիտասարդները ցուցադրական ելույթներով հանդես եկան փողոցային վորքաութ (street workout), սպորտային մարմնամարզություն, պարկուր, բրեյքդանս, կապոեյրա եւ արմրեսթլինգ, բատուտ մրցաձեւերում: Կայացան նաեւ կապոեյրան ընդդեմ պարկուրի, վորքաութն ընդդեմ բրեյքդանսի մենամարտեր:

«Mix Battle Fest-2014»-ը միջազգային կարգավիճակ ունեցող փառատոն է, իսկ Երեւանում առաջին անգամ է անցկացվում նման միջոցառում: «Mix Battle Fest-2014» առողջ ապրելակերպի փառատոնը, լինելով միջազգային երիտասարդական մարզական շարժում, նպատակ ունի քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել փողոցային ուժային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես եւ հոգեպես առողջ, ուժեղ սերնդի ձեւավորմանը: Ցուցադրական ելույթների վերջում Արթուր Աբրահամը եւ Դենիս Մինկինը մրցեցին բազկամարտում, սակայն հաղթեց համերաշխությունը: Երկուսն էլ ուժերը զիջեցին մրցակցին:

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում անցկացվում են նմանատիպ սպորտային միջոցառումներ: Պարզապես հիացած եմ, քանի որ սրանք աշխարհում լայն տարածում գտած ուղղություններ են, որոնցով զբաղվում են բոլոր դեռահասներն ու երիտասարդները: Միայն կցանկանայի, որ այս ամենը դիտեին ավելի շատ մարդիկ, դահլիճը լիներ լեփ-լեցուն ու մարզիկները հանդես գային ոչ միայն ցուցադրական ելույթներով, այլեւ՝ մրցեին: Նման բան youtube-ում տեսել էի ամերիկացի երիտասարդների կատարմամբ: Ուրախ եմ, որ այսուհետեւ Հայաստանում կարող եմ տեսնել նման ելույթներ: Ինձ շատ է դուր գալիս այս ամենը: Սա առողջ ապրելակերպ է»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով