22:55  ,  27 մայիսի, 2014

Հայաստանի հավաքականը 4 գոլ խփեց Բեռնար Շալանդի առաջին խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ին առաջին խաղն անցկացրեց շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ՝ 4:3 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին:

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի «Ֆոնտենետ» ստադիոնում կայացած խաղում դուբլի հաղինակ դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը, իսկ Երեւանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը բացեցին իրենց գոլերի հաշիվն ազգային թիմում: Հովսեփյանը առաջին խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականի կազմում, իսկ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կատարեց 3 գոլային փոխանցում: 

Հանդիպումն ավելի լավ սկսեցին ասիացիները, սակայն Հայաստանի թիմն աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Արդեն առաջին րոպեին ԱՄԷ-ի թիմն ունեցավ 100 տոկոսանոց գոլային պահ, բայց Երեւանի «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը փրկեց հայկական թիմին: Առաջին խաղակեսում կարելի էր հիշել նաեւ Հենրիխ Մխիթարյանի եւ Արաս Օզբիլիսի վտանգավոր հարվածները, որոնք մի փոքր շեղ էին: Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց Լեւոն Հայրապետյանը, սակայն Բեռնար Շալանդի թիմի ուրախությունը երկար չտեւեց: 3 րոպե անց Իսմաիլ Ահմեդը հավասարեցրեց հաշիվը, իսկ 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դարձյալ առաջ մղեց Հայաստանի թիմին:

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ էր, բայց 53-րդ րոպեին բաց թողեց երկրորդ գոլը: Շալանդի թիմի ակտիվությունն իր արդյունքը տվեց 67-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ՝ դարձյալ առաջ մղելով հայկական թիմին: 3 գոլային փոխանցման հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանին 70-րդ րոպեին փոխարինեց Պերուական «Ալյանսայի» հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, ով նորամուտը նշեց ազգային թիմում: Այդ փոխարինումից ընդամենը մեկ րոպե անց աչքի ընկավ նաեւ Ռումյան Հովսեփյանը, ում գոլին ասիացիները վերջնամասում պատասխանեցին Մոհամեդ Սալեմի դիպուկ հարվածով: ԱՄԷ-ի թիմը չկարողացավ անել ավելին, քանի որ Հայաստանը հավաքականը շատ գրագետ անցկացրեց խաղի վերջնամասը՝ Բեռնար Շալանդին պարգեւելով հաղթական նորամուտ:

Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կկայանա մայիսի 31-ին: Այդ օրը Շալանդի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած ալժիրցիների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ:

Ընկերական խաղ

ՀայաստանԱՄԷ՝ 4:3

Լեւոն Հայրապետյան, 37, Հենրիխ Մխիթարյան, 42, 67, Ռումյան Հոսվեփյան, 71 – Իսմաիլ Ահմեդ, 40, Ալի Մակխուտ, 53, Մոհամեդ Սալեմ, 85

Հայաստան. Գեւորգ Կասպարով, Հովհաննես Համբարձումյան (Տարոն Ոսկանյան, 50), Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Ռումյան Հովսեփյան (Ալեքս, 88), Արաս Օզբիլիս (Նորայր Ասլանյան, 84), Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան (Արթուր Սարկիսով, 90), Յուրա Մովսիսյան (Մաուրո Գեւգեոզյան, 70):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով