14:14  ,  28 ապրիլի, 2014

Ա. Անդրեասյան. «Արարատի» ղեկավարությունը հաջողությամբ ուրախանում է, տխրության դեպքում հարցեր է լուծում

Ես չգիտեմ՝ ինչ փիլիսոփայություն են դավանում «Արարատի» ղեկավարները: Նայում են ոչ որպես ֆուտբոլի, այլ բիզնեսի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը՝ մեկնաբանելով «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24 տուրից հետո «Արարատը» 43 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տեղում ընթացող «Բանանցն» ունի 41 միավոր: «Միկան» 40 միավորով երրորդն է:  Ապրիլի 26-ին «Արարատը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային», ինչից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց հեռացնել պաշտոնից Աբրահամ Խաշմանյանին:

«Ես չեմ շփվում «Արարատի» ղեկավարության հետ, դրա համար դժվար կլինի մեկնաբանել Խաշմանյանի պաշտոնանկության որոշումը: Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ուզում: Հաջողությամբ ուրախանում են, տխրության դեպքում միանգամից հարցեր են լուծում: Նման իրավիճակներ էլի եղել են, երբ «Արարատը» մոտ էր չեմպիոնությանը, բայց այդպես էլ չդարձավ: Դա միայն ֆուտբոլ խաղալու հետ կապված չէ, կան նաեւ այլ գործոններ: Երեւի նրանք որոշեցին, որ Խաշմանյանը չի ցանկանում դառնալ չեմպիոն: 

Մրցաշրջանի առաջին կեսի ավարտին «Արարատը» առաջ էր մյուսներից, այժմ մրցակիցները գրեթե հավասարվեցին: Գուցե դրա համար այդ որոշումը կայացրին: Թիմի ղեկավարները արտերկրից են ղեկավարում թիմը: Վարուժան Սուքիասյանի եւ իմ ժամանակ էլ այդպես եղավ, որ թիմը գնում էր առաջին տեղով, բայց չհաղթեց: Իմ կարծիքով, եթե «Արարատը» անգամ առաջին եռյակում լիներ, դա արդեն հաջողություն էր:

Ես չգիտեմ՝ ինչ փիլիսոփայություն են դավանում «Արարատի» ղեկավարները: Նայում են ոչ որպես ֆուտբոլի, այլ բիզնեսի: Ժամանակին գումար չէին ցանկանում ծախսել: Ինձ ասում էին, որ իրենց բիզնեսում ֆուտբոլը վերջին տեղում է: Այդ դեպքում ինչո՞ւ են մարզչին հանում:

Ես ինքս այդ պատճառով հեռացա: Նրանք գումար չէին ցանկանում ծախսել «Արարատի» համար: Այդպես աշխատել չէր լինի: 15 տարի է թիմի ղեկավարներն են: Ի՞նչ են ստեղծել այս տարիներին: «Արարատը» չունի ոչ ստադիոն, ոչ դպրոց: Առաջին տեղ գրավելը ի՞նչ է տալիս: Մի քիչ ավելի շատ փող: Պայմաններ է պետք ստեղծել: «Արարատը» բրենդ է:  Ցավն այն է, որ մեր երկում պայմանագրերը բանավոր են կնքվում: Չի ստացվում՝ խզում են: Երբ «Արարատը» հաղթում էր, չէին զարմանո՞ւմ: Այժմ մի քանի խաղ չստացվեց միանգամից հեռացրին մարզիչին»,- ասաց Արկադի Անդրեասյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով