22:21  ,  4 ապրիլի, 2014

«Ուրալը» Մոսկվայում հաղթեց «Սպարտակին»

Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է անհաջող հանդես գալ թիմի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հեռացումից հետո: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Սպարտակը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Եկատերինբուրգի «Ուրալին»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում, իսկ Էդգար Մանուչարյանն՝ «Ուրալի»:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Ուրալի» ռուս կիսապաշտպան Վլադիմիր Խոզինը, ով աչքի ընկավ Էդգար Մանուչարյանի իրացրած անկյունային հարվածից հետո: Դա մոսկվացիների 700-րդ բաց թողած գոլն էր Ռուսաստանի առաջնությունում: Առաջին խաղակեսում «Սպարտակի» մոտ ոչինչ չէր ստացվում: Ընդմիջումից հետո մոսկովյան ակումբն ակտիվացավ, սակայն այդպես էլ չկարողացավ խուսափել պարտությունից: Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ խաղին՝ կորցնելով իրական գոլային պահ: Մանուչարյանը խաղաց 68 րոպե, իսկ Օզբիլիսը՝ 76:

Վալերի Կարպինի հեռացումից հետո «Սպարտակը» չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ: Մոսկովյան ակումբը 41 միավորով 5-րդն է, իսկ «Ուրալը» 24 միավորով հավասարվեց 11-րդ տեղում գտնվող «Կռիլյա Սովետովին»:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Սպարտակ» - «Ուրալ»՝ 0:1

Վլադիմիր Խոզին, 20

«Կուբան» - «Տոմ»՝ 2:0

Իգոր Արմաշ, 65, Իվելին Պոպով, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում