23:55  ,  4 մայիսի, 2012

ՀՖՖ նախագահ. Հավաքականի հրավերը մերժած ֆուտբոլիստներն այլեւս չեն հրավիրվի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Facebook-ի իր էջում անդրադարձել է Դենիս Թումասյանին եւ Խոակին Բոգոսյանին:

«Սիրելի ֆուտբոլասերներ, ես ուզում եմ, որ դուք բոլորդ ճիշտ հասկանաք իմ հայտարարությունը եւ հավատաք, որ այդ ամենը բխում է մեր ազգային հավաքականի շահերից: Դա վերաբերվում է Դենիս Թումասյանին եւ Խոակին Բոգոսյանին եւ նաեւ վերաբերվելու է հետագայում մեր այն ֆուտբոլիստներին, ում հրավիրելու ենք ազգային հավաքական: Այն ֆուտբոլիստները, ովքեր մերժելու են հավաքականում հանդես գալու հրավերը, նրանք այլեւս չեն հրավիրվելու հավաքական:

Դուք բոլորդ գիտեք, որ մեր հավաքականում հադես են գալիս միայն նվիրյալներ եւ իրենց հայրենիքը սիրող ֆուտբոլիստներ: Նրանցից ոչ մեկը չի խաղում գումարի կամ այլ բաների համար: Նրանք խաղում են իրենց երկրի եւ զինանշանի համար, որը կրում են եւ շատ հպարտ են զգում իրենց: Ինչ վերաբերվում է Դենիս Թումասյանին, ութ տարի շարունակ մենք նրան հրավիրել ենք, եւ նա մերժել է: Իսկ անցած տարի խոստացավ, որ կգա եւ չեկավ: Բայց Ռուսաստանի խաղից հետո որոշեց, որ ցանկանում է խաղալ հավաքականում: Մեզ նման ֆուտբոլիստ պետք չէ:

Ինչ վերաբերվում է Բոգոսյանին, երկու տարի շարունակ ես չեմ ուզում նշել` ինչ մեթոդներ ենք կիրառել նրան հավաքական հրավիրելու համար, բայց նա մերժել է: Երբ որ նրանք պետք էին հավաքականին եւ կարող էին օգնել հավաքականին, նրանք մերժեցին: Արդյոք ճիշտ է նման ֆուտբոլիստներին հրավիրել ազգային հավաքական, որոնք նույնիսկ չեն պատկերացնում` Հայաստանն ինչ է, հայ լինելն ինչ է եւ հայրենիքի համար խաղադաշտում պայքարելն ինչ է:

Միգուցե ես սխալվում եմ, թող ներեն այն բոլոր ֆուտբոլասերները, ովքեր ինձ հետ համաձայն չեն: Քանի դեռ ես ՀՖՖ նախագահ եմ, նման մտածելակերպով ֆուտբոլիստներ հավաքականում հանդես չեն գա: Եվ ես ձեզանից բոլորից խնդրում եմ, որ այլեւս այդ երկու ֆուտբոլիստների հետ կապված հարցեր չուղղել»,- գրել է Ռուբեն Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով