00:40  ,  4 մարտի, 2014

Հաջորդ կայարանը՝ Կրասնոդար

Մարտի 4-5-ին, Կրասնոդարը կդառնա համայն հայության «կենտրոնը»: Ձմեռվա երկար քնից հետո, գարնան գալու հետ, կարթնանա նաեւ հայկական ֆուտբոլը: Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա իր առաջին խաղն է անցկացնելու: Խաղին մեկնելուց առաջ կա յուրահատուկ զգացողություն:

Հավաքականի արտագնա խաղերին շատ եմ գնացել: Ոչինչ կարծես նոր չէ: Ռուսաստանի հետ խաղն էլ ընդամենը ընկերական հանդիպում է: Բայց դա առաջին խաղն է լինելու հինգ ամսվա դադարից հետո, Վարդան Մինասյանի վերջին խաղը հավաքականի հետ: Նոր մրցաշրջանի, նոր հույսերի սկիզբ:

Հինգ ամսվա դադարից հետո հետաքաքրքիր կլինի, թե ինչպես են տղաները հասկանալու իրար դաշտում: Հենրիխ Մխիթարյանն այս պահին գերազանց մարզավիճակում է: Խաղային սպասելիքները շատ են, բայց կա մի բան, որը երբեմն ոչ պակաս կարեւոր է, քան հենց ֆուտբոլային հանդիպումը՝ դա մերձֆուտբոլային անցուդարձն է:

Այս պահին, երբ ես գրում եմ այս տողերը, Կրասնոդարը ժամ առ ժամ ողողվում է հայերով, թեեւ այդ քաղաքում առանց այդ էլ կա մեծ հայկական համայնք: Կրասնոդար են շտապում հայեր ԱՊՀ երկրներից եւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Բայց ամենից հետաքրքիրը Հայաստանից մեկնողների թիվն է:

Մարտի 3-ի առավոտյան Երեւանից մեկնեց հայ երկրպագուների առաջին մեծ խումբը: ՖԱՖ ֆուտբոլային շարժման ակտիվիստներն այս անգամ երկու մեծ ավտոբուսներով, ինչպես նաեւ մի քանի ավտոմեքենաներով՝ ընդհանուր առմամբ թվով 120 երկրպագու, շարասյուն կազմած Երեւանից հասան Կրասնոդար:

Երկրպագուների մյուս խումբը` Red Eagles-ն այս պահին ճանապարհին է: Առավոտյան նրանց ավտոբուսը նույնպես կհասնի Կրասնոդար եւ միանգամից կուղեւորվի օդանավակայան՝ դիմավորելու հավաքականին:

Այս պահին գնացքի մեջ է նաեւ Ռուսաստան - Հայաստան խաղի մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն, ով մեկնաբանում էր նաեւ 2011-ի Հայաստան - Ռուսաստան հանդիպումը:

Ստոգնիենկոն եթերում հաճախ է պատմում, որ նրա մորական տատը հայ է: Կրասնոդարում են արդեն ռուսական առաջատար կայքերի խմբագրերը, ովքեր նույնպես ազգությամբ հայ են՝ championat.com-ից Սամվել Ավագյանը, «Спорт-Экспресс»-ից Արթուր Պետրոսյանն ու Արտուշ Մկրտչյանը: Մարտի 5-ին նրանց կմիանա «НТВ+»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը:

«Կուբան» ստադիոնի 5-րդ եւ 6-րդ տրիբունաները, որոնք հատկացվել էինք հայ երկրպագուների համար, արդեն իսկ մեծ մասամս սպառվել են: Հավաքականի արտագնա խաղերին միշտ էլ բազմաթիվ հայեր են ներկա գտնվել աշխարհի տարբեր ծայրերից, բայց Չեխիայի հետ սեպտեմբերյան խաղից հետո արդեն Հայաստանից նույնպես բազմաթիվ երկրպագուներ են գնում հավաքականին դրսում սատարելու:

Մի խոսքով, ինչպես ասաց Յուրա Մովսիսյանը «Երազում եմ, որ մարզադաշտում հայկական դրոշներն ավելի շատ լինեն, քան ռուսականները»:

Յուրա ջան, երկրպագուները ամեն հնարավոր բան անում են, հերթը ձերն է՝մեզ ուրախացնելու…

Վերա Մարտիրոսյան՝ Երեւան - Կրասնոդար

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով