22:20  ,  28 փետրվարի, 2014

Արթուր Պետրոսյան. Շալանդն ունի հսկայական ֆուտբոլային փորձ եւ շատ բարձր մարդկային որակներ

Բեռնար Շալանդի դավանած ֆուտբոլը ավելի շատ ֆրանսիական է, թեեւ նրա մեջ կա նաեւ գերմանական կարգապահությունն ու կազմակերպվածությունը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեյցարական «Ցյուրիխի-2»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

«Շալանդի հետ մենք երեք տարի նույն թիմում ենք աշխատել միասին: Ես «Ցյուրիխի» երիտասարդների մարզիչն էի, իսկ նա՝ գլխավոր թիմի: Բեռնարը շատ բարձր մարդկային հատկանիշներ ունի: Նա Շվեցիարիայի ֆրանսիական կողմից է: Նրա դավանած ֆուտբոլը ավելի  շատ ֆրանսիական է՝ ավելի տեխնիկապես զարգացած: Չնայած նրա մեջ կա նաեւ գերմանական կարգապահությունն ու կազմակերպվածությունը:

Նա շատ մեծ ֆուտբոլային փորձ ունի: Ես հույս ունեմ, որ նա կարող է Հայաստանի հավաքականին մեծ օգուտ տալ: Ինչպես նաեւ կարող է մեծ օգուտ տալ երիտասարդական հավաքականին: Երկար տարիներ աշխատել է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ տարբեր հավաքականների հետ: Մեծ հաջողության է հասել մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ, որոնց հետ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Շալանդը «Ցյուրիխի» հետ հասավ մեծ հաջողությունների՝ Շվեցարիայի չեմպիոն: Միլանում կարողացավ հաղթել «Միլանին»: Թիմից նրա հեռանալը կապված չէր վատ արդյունքների հետ: Շվեցարական ֆուտբոլում այդպես է՝ կարող ես հասնել հաջողության, բայց մեկ մրցաշրջանում կորցնես առաջատար հինգ-վեց ֆուտբոլիստների: Նրա հեռանալը հանգամանքների բերումով էր:

Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ում բավականին բարդ խումբ է ընկել: Մեր սպասելիքները շատ են մեծացել նախորդ մրցափուլից հետո, երբ շատ գեղեցիկ խաղ ցույց տվեց հավաքականը: Դժվար է ինելու, բայց հնարավորություններ կան»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա շվեյցարացի Բեռնար Շալանդը: 

Շալանդը մարզչական գործունեությունը սկսել է 1977 թվականին: Աշխատել է շվեյցարական ակումբներում: 2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին: Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում նրա գլխավորությամբ «Ցյուրիխը» 1:0 հաշվով հաղթել է «Միլանին»: 2009-ին «Ցյուրիխը» նրա ղեկավարությամբ դարձավ երկրի չեմպիոն, իսկ 2011-ին արդեն «Սյոնը» Շալանդի հետ նվաճեց Շվեյցարիայի գավաթը: Շալանդի վերջին ակումբը եղել է շվեյցարական «Յանգ Բոյզը»:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով