09:23  ,  24 փետրվարի, 2014

Արկադի Անդրեասյան. Հայաստանն այս խմբում չորրորդ տեղի համար կպայքարի Ալբանիայի հետ

Մենք ունենք Մխիթարյան, Մովսիսյան ու Օզբիլիս, ուրիշ այդ կարգի խաղացող չունենք, մարզիչի նշանակումով էլ ուշացել ենք, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը՝ մտավախություն հայտնելով, որ Հայաստանի հավաքականը չի կարողանա հաղթահարել 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի արգելքը:

Պարոն Անդրեասյան, ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում՝ Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի, Ալբանիայի դեմ:

Դժվար թե երրորդ տեղը գրավենք: Հայաստանն այս խմբում չորրորդ տեղի համար կպայքարի Ալբանիայի հետ: Անգամ նրանց անցյալ տարի չկարողացանք հաղթել:

Ես չեմ հավատում անցյալ տարվա Դանիայի նկատմամբ հաղթանակին, Երեւանի խաղն ավելի ճիշտ էր: Շատ տարօրինակ խումբ էր: Սա այն խումբն էր, որտեղ երկրորդ տեղի թիմը դուրս չէր գալու: Այդպիսի խումբ չկար, որ տանը պարտվեն, դրսում հաղթեն: Շատ դժվար է լինելու:

Հայաստանի հավաքականը դեռ պատրա՞ստ չէ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, այն էլ 23 ուղեգրի դեպքում:

Կարծում եմ՝ դեռ պատրաստ չէ Եվրոպայում հանդես գալ: Անգամ երբ դրսում Իտալիայի հետ 2:2 խաղացինք, դա այն չէր: Իտալիային այդ խաղն այդքան էլ պետք չէր:

Հաճախ թիմերին իրենց հետեւից կարողանում են տանել մեկ-երկու առաջատարներ: Չեք կարծո՞ւմ, որ մեր հավաքականում կան այդպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են օգնել հավաքականին հաջողության հասնել:

Մենք ունենք Մխիթարյան, ով խաղում է Բունդեսլիգայում: Մովսիսյանն ու Օզբիլիսը նույնպես խաղում ենք բարձրակարգ թիմերում: Բերեզովսկին այս պահին միշտ չի խաղում: Ուրիշ այդ կարգի խաղացող չունենք: Պորտուգալիայի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում: Սերբիայում եւ Դանիայում էլ մեծամասնությունն առաջատար առաջնությունների ֆուտբոլիստներ են, իսկ մենք դա չունենք:

Առաջիկայում պարզ կդառնա նոր մարզիչի անունը: Կարո՞ղ է լավ մասնագետը ավելացնել մեր հնարավորությունները:

Մարզիչին նոր չպետք է նշանակեին: Ավելի շուտ պետք է մարզիչ ունենայինք: Մինչեւ մարզիչ նշանակեն, մինչեւ նա ծանոթանա ֆուտբոլիստների հետ, երկար ժամանակ կանցնի: Դեռ դեկտեմբերից պետք է նշանակեին մարզիչին: Ռուսաստանի հետ խաղը մի քանի օրից է: Ինչպե՞ս է նա հասցնելու պատրաստել թիմը: Չորս ամիս հավաքականն առանց մարզիչի է: Հավաքականի տղաները տարբեր առաջնություններում են խաղում, նա պետք է հասցնի բոլորի հետ ծանոթանալ:

Ձեր կարծիքը հոռետեսական է հնչում:

Հոռետեսական չէ, փաստ է: Ես իրատեսորեն եմ նայում: Իսկ իրականությունն այլ է: Հնարավոր է, որ մենք լավ խաղանք: Բայց կան շատ թերություններ: Մանավանդ, մեր պաշտպանությունը շատ է զիջում հարձակման գծին: Մարզիչը մեծ դեր է կատարում թիմում: Նա կտեսնի, թե ինչն է ուժեղ, ինչը՝ թույլ: Ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ: Միայն «այո, այո» ասելով՝ առաջ չենք գնա: Իսկապես, մեր ֆուտբոլիստներին պետք է համեմատել մրցակիցների հետ: Մեզ ստրատեգիա է պետք: Շախմատիստները գիտեն, թե ում հետ պետք է ոչ ոքի խաղան: Պետք է ուժերը կարողանալ բաշխել, ոչ թե դուրս գալ, Մալթային պարտվել, այնուհետեւ գնալ, հաղթել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով