22:42  ,  20 փետրվարի, 2014

Վլադիմիր Բեսչաստնիխ. Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, հուսամ՝ վնասվածքները նրան հանգիստ կթողնեն

Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Հուսամ, որ վնասվածքները նրան հանգիստ կթողնեն, եւ նա կօգնի «Սպարտակին» հասնել հաջողության այս տարի։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հավաքականի եւ «Սպարտակի» նախկին հարձակվող Վլադիմիր Բեսչաստնիխը:

Պարոն Բեսչաստնիխ, Դուք Հայաստանի հավաքականի դեմ խաղացել եք 15 տարի առաջ եւ դարձել եք գոլի հեղինակ։ Ի՞նչ է փոխվել հավաքականների խաղում այս տարիների ընթացքում։

Այժմ Հայաստանի հավաքականն ավելի մարտունակ է։ Այն ժամանակ դա երիտասարդ թիմ էր, իսկ այժմ՝ կազմավորված կոլեկտիվ։

Հիշո՞ւմ եք երեւանյան հանդիպումը։

Այո, հիշում եմ, որ դժշվարությամբ էինք շնչում, քանի որ մարզադաշտը բարձր տեղ էր գտնվում։

Ինչո՞ւ է Ռուսաստանի հավաքականը մրցակից ընտրել հայերին։ Կապելոն ցանկանում էր, որ Ռուսաստանը խաղա ապագա մրցակիցների ոճով թիմերի հետ։

Այդ հարցի պատասխանն ավելի լավ կիմանան հավաքականի մարզչական շտաբում։ Հնարավոր է՝ հետազոտելով մեր մրցակիցների խաղաոճը, Կապելոն գտավ, որ հայերը նրանց նման են խաղում։

Ի՞նչ կտա Ռուսաստանի հավաքականին այս խաղը։

Այս խաղից հետո պարզ կդառնա, թե ինչ մարզավիճակում են գտնվում ֆուտբոլիստները։ Գուցե փորձարկումներ լինեն։ Բացի այդ, սա լավ հնարավորություն է կրկին հավաքվել եւ խաղալ։

Ո՞րն է ձեր կանխատեսումը՝ Ռուսաստան - Հայաստան հանդիպմանը։

Ֆուտբոլն անկանխատեսելի է։ Ես չեմ սիրում կանխատեսումներ անել։

Դուք հանդես եք եկել «Սպարտակում»։ Հետեւում եք թիմի ելույթներին։ Ի՞նչ կասեք Յուրա Մովսիսյանի խաղի մասին։

«Սպարտակն» այս պահին առաջատարների շարքում է։ Միշտ չէ, որ ամեն բան ստացվում է, բայց նրանք կարող ենք պայքարել չեմպիոնության համար։ Յուրա Մովսիսյանը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Հուսամ, որ վնասվածքները նրան հանգիստ կթողնեն, եւ նա կօգնի «Սպարտակին» հասնել հաջողության այս տարի։

Ի՞նչ հնարավորություններ ունի Ռուսաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում։

Եթե խմբից դուրս գանք, այնտեղ ավելի դժվար կլինի, քանի որ կհանդիպենք ուժեղ մրցակիցների։ Բայց հնարավորություն միշտ էլ կա։ Պետք է հավատալ լավին։

Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն։

Կարծում եմ ֆավորիտները նույնն են՝ Իսպանիա, Գերմանիա, Բազիլիա: Իտալիա եւս կարող է ձգտել։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով