14:42  ,  18 փետրվարի, 2014

Նորայր Ասլանյան. Մամեդով ազգանունը կփոխեմ մրցաշրջանի ավարտից հետո

«Եթե ազգանունս փոխեի մրցաշրջանի ընթացքում, ապա խնդիրներ կառաջանային մարզաշապիկի հետ: Ինձ Հոլանդիայում ճանաչում են Մամեդով ազգանունով եւ չէին ճանաչի որպես Ասլանյան: Սպասում եմ մրցաշրջանի ավարտին եւ արդեն նոր ազգանունով հանդես գամ: Թիմում նույնպես այդպես խորհուրդ տվեցին»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վիլլեմ Երկրորդի» ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը:

Նորայր, ինչպե՞ս են գործերդ թիմում: Առողջական վիճակդ ինչպե՞ս է:

Ամեն ինչ շատ լավ է: Վնասվածք չունեմ: Առողջությանս հետ ամեն ինչ կարգին է: Մեր թիմը ընթանում է երկրորդ տեղում: Առաջատարին զիջում ենք չորս միավոր, սակայն դեռ սեփական խաղադաշտում նրանց հետ խաղ ունենք: Ձգտելու ենք չեմպիոնության եւ հաջորդ տարի Պրեմյեր լիգայում հանդես գալուն:

Ոչ միշտ ես խաղադաշտ դուրս գալիս «Վիլլեմ Երկրորդի» կազմում: Ինչի՞ հետ է դա կապված։

Թիմում իմ խաղային դիրքում հանդես եկող շատ ֆուտբոլիստներ կան: Մրցակցությունը մեծ է: Երբեմն խաղում եմ, երբեմն մարզիչը մեկնարկային կազմում ընդգրկում է այլ ֆուտբոլիստների: Նա ցանկանում է, որ բոլոր ֆուտբոլիստները խաղան եւ կարողանան պայքարել: Մարզիչը լավ գիտի, թե ամեն թիմի դեմ, որ ֆուտբոլիստը պետք է խաղա:

Դու դեռ հանդես ես գալիս Մամեդով ազգանունով: Չե՞ս փոխելու:

Եթե ազգանունս փոխեի մրցաշրջանի ընթացքում, ապա խնդիրներ կառաջանային մարզաշապիկի հետ: Ինձ ճանաչում են Մամեդով ազգանունով եւ չէին ճանաչի որպես Ասլանյան: Սպասում եմ մրցաշրջանի ավարտին եւ արդեն նոր ազգանունով հանդես գամ: Թիմում նույնպես այդպես խորհուրդ տվեցին:

Էդգար Մանուչարյանը Հոլանդիայում թիմ է փնտրում: Զրուցե՞լ ես նրա հետ:

Էդգարի հետ խոսում ենք, սակայն վերջերս տեւական ժամանակ է չենք զրուցել: Նույնիսկ չգիտեի, որ նա այստեղ է:

Իսկ Հայաստանի հետ կապդ պահո՞ւմ ես՝ հավաքականի անդամների, ֆեդերացիայի:

Համացանցի միջոցով հետեւում եմ հավաքականի մասին բոլոր նորություններին: Խոսում եմ տղաների հետ, սակայն ֆեդերացիայի աշխատակիցների հետ կապ չի եղել:

Կարդացե՞լ ես, որ հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է 30-րդ տեղ:

Այո, այսօր դա էի կարդում: Շատ լավ է դա: Պետք է ձգտել ավելի վերեւ՝ դեպի 20-րդ տեղ:

Հայաստանի հավաքականն արդեն չորս ամիս է չունի գլխավոր մարզիչ: Ինչպիսի՞ մասնագետ կցանկանայիր, որ աշխատեր հավաքականի հետ:

Եթե Մինասյանի նման մասնագետ լինի, արդեն լավ կլինի: Նրա գլխավորությամբ թիմը լավ էր խաղում: Սակայն ես այդ հարցերում մասնագետ չեմ: Ֆուտբոլիստների գործը խաղալն է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով