00:51  ,  15 հունվարի, 2014

«Ուրալի» մարզիչ Պողոս Գալստյան. Մանուչարյանն ու Սարկիսովը տաղանդավոր են եւ կգտնեն իրենց տեղը

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Եկատերինբուրգի «Ուրալը» պատրաստվում է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանին ու Արթուր Սարկիոսվին: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց «Ուրալի» նորանշանակ մարզիչ Ալեքսանդր Տարխանովի օգնական Պողոս Գալստյանի հետ: Նա աշխատել է նաեւ ռուսական «Կուբան» եւ «Լուչ-Էներգիա» թիմերում:

Պարոն Գալստյան, այսօր պարզ դարձավ, որ «Ուրալը»  պատրաստվում է վաճառել Էդգար Մանուչարյանին ու Արթուր Սարկիսովին: Ինչո՞ւ թիմը որոշեց հրաժարվել այդ ֆուտբոլիստներից:

Այդ որոշումն ընդունվել է մինչեւ իմ գալը: Պատճառը, կարծում եմ, նրանց վնասվածքներն են: Նրանք երկուսն էլ շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են եւ կգտնեն իրենց տեղը: Այստեղ հարցը ազգության մեջ  չէ: Նրանցից բացի, երեք այլ ֆուտբոլիստներ նույնպես վաճառվելու են: Ամեն մարզիչ իր հայացքներն ունի թիմը կառուցելու հարցում: Կարծում եմ՝ այստեղ ոչ մի ողբերգություն չկա: Տղաները կխաղան այլ ակումբներում եւ օգուտ կտան հավաքականին:

Սարկիսովի տեղափոխությունից շատ էին սպասելիքները: Նա չարդարացրե՞ց  սպասումները:

Արթուրը նույնպես վնասվածք ունի: Նրանք երկուսն էլ անցյալ տարի քիչ խաղացին: Նոր մարզիչի առջեւ նպատակներ են դրել պահպանել տեղը բարձրագույն խմբում եւ նրան պետք են ֆուտբոլիստներ, ովքեր կունենան մշտական խաղային պրակտիկա: Իսկ Սարկիոսվի վնասվածքը  լուրջ է:

Այլ ակումբներից առաջարկներ կա՞ն նրանց վերաբերյալ:

Այո, ես երկուսի հետ էլ խոսել եմ, երկուսի հանդեպ էլ կա հետաքրքրություն: Կարծում եմ, նրանք կփորձեն մնալ Ռուսաստանում:

Ինչպե՞ս են ընթանում Ձեր գործերը «Ուրալում»: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր մրցաշրջանից:

Այսօր «Ուրալը» շատ ծանր վիճակում է հայտնվել: Մենք նախավերջին տեղում ենք եւ պետք է անենք ամեն բան մեր տեղը Պրեմյեր լիգայում պահելու համար: Դա դժվարին խնդիր է, բայց առաջին անգամ չէ, որ մենք հաղթահարում ենք դժվարությունները:

Հետեւո՞ւմ եք Հայաստանի Բարձրագույն խմբին: Տեսնո՞ւմ եք այստեղ խոստումնալից ֆուտբոլիստների:

Իհարկե, հետեւում եմ: Մեզ մոտ կա հեռուստաալիք, որը ցուցադրում է տարբեր առաջնություններ՝ այդ թվում եւ Հայաստանինը: Ես լավ տեղյակ եմ հայկական ֆուտբոլի բոլոր իրադարձություններին: Մենք արդեն ունենք դրսում հանդես եկող ֆուտբոլիստներ: Այսօր մենք ունենք լավ հավաքական: Ինչ վերաբերում է ակումբներին, իմ կարծիքով ակումբերն իրենց աշխատանքը շատ լավ են կատարում: Այսօր ակումբները չեն նայում արդյունքներին, այլ աշխատում են լավ ֆուտբոլիստներ աճեցնել: Ապագան այն ակումբներին է, որոնք պատրաստում են կադրեր հավաքականի համար:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով