08:54  ,  28 ապրիլի, 2012

Հայաստանի Գավաթ. «Շիրակ» vs «Իմպուլս»

Ապրիլի 29-ին Գյումրիում «Շիրակն» ու «Իմպուլսը» կվիճարկեն Հայաստանի գավաթը: NEWS.am Sport-ը ներկայացնում է եզրափակիչի մասնակիցներին:

«Շիրակ»

Գյումրիի «Շիրակը» Հայաստանի առաջնություններում հասել է մեծ հաջողությունների: Թիմը երեք անգամ(1992, 1994, 1999) հռչակվել է Հայաստանի չեմպիոն, հինգ անգամ (1993, 1995, 1997, 1998, 2002) դարձել է արծաթե մեդալակիր, եւս երկու անգամ (2000, 2003) եզրափակել մրցանակային եռյակը:

Գավաթի խաղարկություններում «Շիրակին» չի հաջողվել հասնել վերջնական նպատակին, թեեւ գյումրեցիները չորս անգամ դուրս են եկել եզրափակիչ: Գավաթի երկրորդ խաղարկությունում` 1993 թվականին, «Շիրակը» եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց «Արարատին», հաջորդ տարի եզրափակիչում նորից այս թիմերն էին. հաջողությունը ուղեկցեց «Արարատին», այս անգամ 1:0 հաշվով: Իսկ 1999 թվականին «Շիրակը» եզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Ցեմենտին»:

Գավաթի նախորդ խաղարկությունում գյումրեցիները հանդես եկան վերելքով` քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողնելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկին»: Իսկ կիսաեզրափակիչում «Շիրակը» դժվարին մրցավեճում հաղթանակի հասավ «Ուլիսի» նկատմամբ, ընդ որում, սեփական հարկի տակ պարտվելուց հետո գյումրեցիները լրացուցիչ ժամանակում առավելության հասան ապագա չեմպիոնի նկատմամբ: Բայց եզրափակիչում «Շիրակը» հերթական անգամ պարտություն կրեց, այս անգամ «Միկայից»` 1:4 հաշվով:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում գյումրեցիները հեշտ ճանապարհ չանցան: Քառորդ եզրափակիչ խաղում «Շիրակի» մրցակիցը «Բանանցն» էր, եւ 2011 թվականի նոյեմբերին «Բանանցը» վերելք էր ապրում, բայց սեփական հարկի տակ հաղթելով` «Շիրակը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը պատասխան խաղում ու շարունակեց պայքարը: Կիսաեզրափակիչում «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվեց «Միկային», բայց կամային հատկանիշներ դրսեւորելով, կարողացավ 2:1 հաշվով հաղթել երկրորդ խաղում, ընդ որում խաղի ընթացքում հաշվի մեջ առջեւում էին «Միկայի» ֆուտբոլիստները: Այդ հանդիպման հերոսը դարձավ Դամե Դիոպը, ով վնասվածքի պատճառով եզրափակիչում չի կարող հանդես գալ «Շիրակի» կազմում: Բայց «Շիրակի» կազմում  Կարեն Ալեքսանյանը, Տիգրան Դավթյանը, Անդրանիկ Բարիկյանը, Արարատ Հարությունյանը, Արմեն Տիգրանյանը մեծ փորձ ունեն ու կարող են իրենց հետեւից տանել ամբողջ թիմը:

«Շիրակը» հեռու նպատակներ հետապնդող թիմ է: Համալրելով իր շարքերը օտարերկրացի մի քանի ֆուտբոլիստներով` Գյումրիի թիմը առաջնահերթ նպատակ է դրել հաղթանակի հասնել գավաթի խաղարկությունում, ինչը իրավունք կտա Հայաստանը ներկայացնել Եվրոպայի լիգայի խաղարկությունում եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գավաթի եզրափակիչն անցկացվելու է Գյումրիում ու խաղի օրը կայանալու է վերակառուցված ստադիոնի բացումը, պարզ է, որ «Շիրակը» կունենա նաեւ մեծ աջակցություն տրիբունաներից: Մեկ տարուց ավելի է Գյումրիի քաղաքային ստադիոնը վերակառուցվում է ու ֆուտբոլին կարոտած գյումրեցին հնարավոր ամեն ինչ անելու է իր թիմի հաղթանակը տեսնելու համար:

«Իմպուլս»

Վերածնունդից հետո Դիլիջանի «Իմպուլսը» Հայաստանի առաջնություններում սկսեց հանդես գալ 2009 թվականից:  Այդ տարի թիմը, հաղթելով առաջին խմբի մրցաշարում, բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճեց, եւ մինչեւ օրս թիմը հանդես է գալիս ուժեղագույնների խմբում:

Նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Իմպուլսը» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնեց Արմեն Գյուլբուդաղյանցը, ով հայտնի է իր աշխատասիրությամբ եւ ով հիմնականում հույսը կապում է տեղի կադրերի հետ: 2011 թվականի առաջնության ընթացքում «Իմպուլսը» հավակնում էր մրցանակային տեղերից մեկին, սակայն մրաշրջանի վերջնամասում մի քանի պարտություններ կրեց եւ բավարարվեց վեցերորդ տեղով:

Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում «Իմպուլսը» երկու անգամ նույն` 1:0 հաշվով հաղթանակի հասավ բրոնզե մեդալակիր «Գանձասարի» նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում կարողացավ պայքարից դուրս թողնել գործող չեմպիոն «Ուլիսին»: Ընդհանուր առմամբ «Իմպուլսը» զգալիորեն ուժեղացրել է իր խաղը, եւ թիմը նաեւ աչքի է ընկնում կամային հատկություններով:

Պարտություն կրելով առաջնության մեկնարկային խաղում` «Իմպուլսը» երեք անընդմեջ հաղթանակ տարավ ու արժանիորեն ընթանում է աղյուսակի երկրորդ տեղում: Խաղերի ընթացքում պարտվելիս թիմը հաղթանակի հասավ «Փյունիկի»  եւ «Արարարտի» նկատմամբ եւ մեկ ժամից ավելի հանդես գալով տասը խաղացողներով` առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ:

«Իմպուլսը» հիմնականում համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով, հաջող մեկնարկն, իհարկե, ուրախացնող է այդ առումով: Արմեն Գյուլբուդաղյանցի խաղային ձեռագիրը երեւում է խաղադաշտում, իսկ ֆուտբոլիստներն էլ աչքի են ընկնում անմնացորդ նվիրվածությամբ: Ջուլիանո Խիմենեսը, Աղվան Հայրապետյանը, Նորայր Գյոզալյանը, Նարեկ Դավթյանը, Էդուարդ Կակոսյանը, Արթուր Բարսեղյանը առաջին տարին չէ, որ հանդես են գալիս բարձրագույն խմբի առաջնություններում, իսկ  Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆիլիպ Տիմովը,Վաչիկ Եղիազարյանը եւ  Ռումյան Հովսեփյանը կարող են վստահ հանդես գալ փորձառուների կողքին:

«Իմպուլսը» առաջին անգամ է հանդես գալու գավաթի խաղարկության եզրափակիչում, անհամեմատ ավելի փորձառու մրցակցի դեմ, ընդ որում, չմոռանանք, որ խաղը կայանալու է Գյումրիում, իսկ մրցակիցը «Շիրակն» է: Սակայն երկու կողմերի մոտ էլ մոտիվացիան շատ բարձր է լինելու, քանի որ «Իմպուլսն» էլ «Շիրակի» նման ձգտելու է Եվրոպայի լիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք վաստակել:

Խաչիկ Չախոյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով