00:52  ,  28 ապրիլի, 2012

Յուրայի խաղն ինձ այսօր այդքան էլ չգոհացրեց. Յուրա Մովսիսյանի հոր մեկնաբանությունը NEWS.am Sport-ին

Յուրայի խաղն այսօր ինձ այդքան էլ չգոհացրեց. կարծում եմ` նա կարող էր ավելի լավ խաղալ եւ ավելի շատ գոլեր խփել, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Յուրա Մովսիսյանի հայրը` Սերգեյ Մովսիսյանը: Ապրիլի 27-ին Ռուսաստանի առաջնության 41-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ: Յուրայի գեղեցիկ խաղի ականատեսն է եղել  նրա հայրը, ով հանդիպումը դիտել է ստադիոնում:

Պարոն Մովսիսյան, հաճելի զուգադիպություն ստացվեց. Դուք ներկա եղաք հանդիպմանը եւ Յուրան գերազանց խաղ անցկացրեց: Հատուկ այս խաղի համա՞ր էիք ժամանել Կրասնոդար:

Ես Յուրայի ընտանիքին եմ բերել Կրասնոդար, իսկ այս խաղը նախօրոք էի պլանավորել, որ պետք է նայեմ: Ես մարզադաշտում նրա խաղերը շատ եմ դիտել:

Երեւի Յուրայի այսօրվա շատ լավ խաղը կապված էր ընտանիքի վերադառնալու եւ Ձեր ներկայության հետ:

Գուցե, բայց ինձ նրա խաղն այսօր այդքան էլ չգոհացրեց:

Ինչո՞ւ:

Կարծում եմ կարող էր ավելի լավ խաղալ եւ ավելի շատ գոլեր խփել:

Ցանկանո՞ւմ եք` Յուրան շարունակի ելույթը «Կրասնոդարում», թե՞ եկել է ուրիշ թիմ տեղափոխվելու ժամանակը:

Դժվար հարց է: Կարծում եմ նա արդեն կարող է ավելի լավ թիմերում խաղալ: Ինձ համար կարեւոր է, որ նա ավելի բարձր մակարդակի ֆուտբոլ խաղա: Ես միշտ իրենից ավելին եմ պահանջում: Եթե ես իրենից գոհ լինեմ` գուցե, նա ավելի մեծ հաջողությունների չհասնի: Այդ պատճառով ես միշտ իրենից ավելին եմ սպասում:

Յուրան շատ հայրենասեր է: Դաստիարակությա՞ն արդյունք է:

Մենք հայ ենք եւ հպարտանում ենք դրանով: Մենք ունենք հայի թասիբ եւ պետք է անենք ամեն բան, որ հայ ազգի պատիվը բարձր պահենք:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով