Ուրուգվայցի 65-ամյա մարզիչ Գրեգորիո Պերեսը համաձայնվել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Գրեգորիո Պերեսն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են Բուենոս Այրեսում եւ եկել են փոխհամաձայնության: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Նորայ Նակիսը:
«Այսօր մենք հանդիպում ունեցանք ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերեսի հետ: Մենք նրան առաջարկեցինք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Նա մեծ սիրով համաձայնվեց: Քանի որ ազգային հավաքականի խաղերը տարվա մեջ մի քանի օր են եւ ֆուտբոլիստները մեկնում են իրենց թիմերը, մենք նրան ասացինք, որ նաեւ պետք է աշխատի երիտասարդական հավաքականների հետ: Կան դեռ քննարկելու պայմաններ: Այս պահին սպասում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքին: Նա պետք է տա իր համաձայնությունը: Իսկ լուրը տարածվեցին ուրուգվայցի եւ արգենտինացի լրագրողները, ովքեր այդ պահին այստեղ էին»,- զրույցում հայտնեց Նորայ Նակիսը:
Պերեսի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը եւ Դանիել Կուրբելյոն:
Գրեգորիո Պերեսը մարզչական աշխատանքը սկսել է 1984 թվականից: 1993-1997-ը նրա գլխավորությամբ «Պենյարոլը» չորս անգամ նվաճել է Ուրուգվայի չեմպիոնի տիտղոսը: 2010-ին «Լիբերտադը» Պերեսի ղեկավարությամբ դարձել է Պարագվայի չեմպիոն:
Գրեգորիոն տարբեր տարիների աշխատել է նաեւ իտալական «Կալյարիում», արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայում», «Ինդեպենդիենտեում», «Օլիմպոյում», «Արխենտինոս Ժունիորսում» եւ Պարագվայի «Օլիմպիայում»:
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում