11:55  ,  16 դեկտեմբերի, 2013

Արաս Օզբիլիս. Զվարճալի կլիներ, եթե Եվրո-2016-ի ընտրական փուլում խաղայինք Հոլանդիայի դեմ

«ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում արդեն շատ լավ դիրքում ենք եւ չպետք է վախենանք այլ հավաքականներից: Անգամ Իտալիայի հետ խաղում մենք շատերին զարմացրինք, ցույց տալով, որ այդ կարգի հավաքականների հետ կարող ենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրել»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Սպարտակի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Արաս, սնահավատ մարդկանց համար 13 թիվը շատ վատն է: Ինչպիսի՞ն էր 2013 թվականը քեզ համար:

Չեմ հավատում թվերին եւ չեմ կարծում, որ 13-ը վատ թիվ է: Ինձ համար լավ տարի էր, բացառությամբ մի բանի, որ Հայաստանի հավաքականի հետ չկարողացանք աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալ: Անհաջող տարի չէր, պարզապես բախտներս չբերեց, եթե հաշվի առնենք՝ ինչ խմբում էինք խաղում:

Ինչպե՞ս ես հարմարվում նոր քաղաքին: Կես տարի առաջ Կրասնոդարից տեղափոխվեցիր Մոսկվա: Մեկ տարի առաջ էլ փոխեցիր բնակության երկիրդ:

Արդեն սովոր եմ: Սկզբում, իհարկե, ամեն ինչ այլ էր, հատկապես, եթե համեմատենք Հոլանդիայի հետ: Դրանում իր ավանդն ունի նաեւ Յուրան, ով այստեղ է ապրում: Նա ինձ շատ է օգնում:

Ի՞նչն ես ամենից շատ հավանում Մոսկվայում:

Այստեղ բազմաթիվ ու որակյալ ռեստորաններ կան: Սիրում եմ այդպիսի տեղեր հաճախել:

Իսկ ամենից շատ ի՞նչը չես սիրում:

Երթեւեկությունը:

Սովորո՞ւմ ես ռուսերեն:

Չեմ սովորում, արդեն բավականին լավ խոսում եմ, ավելի լավ՝ քան հայերեն:

Ինչպե՞ս ես պատրաստվում նշել Սուրբ Ծնունդը:

Ընտանիքիս հետ մեկնելու եմ Դոմինիկյան Հանրապետություն:

Ձեր ընտանիքում կա՞ն Սուրբ Ծննդյան օրը հատուկ ավանդույթներ:

Ամբողջ աշխարհը Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ հայերը՝ հունվարի 6-ին: Մենք ընտանիքով միշտ հայկական Սուրբ Ծննդյան օրը գնում ենք եկեղեցի: Իսկ Նոր տարին միշտ ամբողջ ընտանիքով հավաքվում ենք մի տեղ եւ նշում, սակայն այս տարի ես այդ ժամանակ կլինեմ Դոմինիկյան Հանրապետությունում:

Լավագույն նվերը, որ ստացել ես Սանտայից:

Նա ինձ առողջություն է տվել:

Ի՞նչ երազանք ես պահել գալիք տարվա համար:

Ես չեմ սիրում երազանքներ պահել: Աշխատում եմ, որպեսզի հասնեմ իմ նպատակին: Ցանկանում եմ լինել առողջ, իսկ մնացածին փորձում եմ հասնել քրտնաջան աշխատանքի միջոցով:

Մի քանի օրից պարզ կդառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը: Եթե դու քվեարկեիր, հավաքականի կազմում ո՞ր երեք ֆուտբոլիստներին կառանձնացնեիր:

Ես ձեզ կարող եմ ասել ոչ թե երեք, այլ քսանհինգ անուն՝ ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների անունները:

Արաս, քո անունը նույնպես նշված է հավակնորդների ցուցակում: Եթե հաղթես, կարծում ես դա արդա՞ր կլինի:

Չգիտեմ, չգիտեմ: Շատ արժանի ֆուտբոլիստներ կան:

Ինչպիսի՞ մարզիչ կցանկանայիր տեսնել Հայաստանի ազգային հավաքականի ղեկին:

Չգիտեմ, դա իմ որոշելիքը չի: Պետք է սպասենք եւ կտեսնենք: Ֆեդերացիան կկատարի լավագույն ընտրությունը:

Փետրվարին տեղի կունենա 2016թ. Եվրոպայի առաջնության վիճակահանությունը. ո՞ր հավաքականների հետ կուզենաս Հայաստանը հայտնի նույն խմբում:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մենք արդեն շատ լավ դիրքում ենք եւ չպետք է վախենանք այլ հավաքականներից: Անգամ Իտալիայի հետ խաղում մենք շատերին զարմացրինք, ցույց տալով, որ այդ կարգի հավաքականների հետ կարող ենք շատ լավ խաղալ: 2016-ի եզրափակիչ մրցաշարում լինելու են 24 թիմեր, մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք: Շատ զվարճալի կլիներ, եթե խաղայինք Հոլանդիայի դեմ: Այդ թիմից ես շատ ֆուտբոլիստների լավ եմ ճանաչում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով