14:57  ,  11 դեկտեմբերի, 2013

Ռոբերտ Արզումանյան. Ցանկանում եմ, որ Մարկոս Պիզելին տեղափոխվի «Ակտոբե»

«Շատ ուրախ կլինեմ, եթե Մարկոս Պիզելին տեղափոխվի «Ակտոբե»: Մարկոսն այնպիսի ֆուտբոլիստ է, որը անգամ խաղային պրակտիկա չունենալու դեպքում կարող է վերականգնվել եւ վերագտնել իր խաղը»։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

«Չեմ զղջում, որ տեղափոխվեցի Ղազախստան: Սա առաջխաղացում ապրող առաջնություն է: Իհարկե, ես որպես ֆուտբոլիստ կցանկանամ միշտ առաջ գնալ եւ հայտնվել ավելի ուժեղ առաջնություններում, սակայն այս պահին պայմանագիր ունեմ «Ակտոբեի» հետ եւ պատրաստվում եմ այստեղ մնալ:

Ինչ վերաբերում է Մարկոս Պիզելիի հնարավոր տրանսֆերին, ապա շատ ուրախ կլինեմ, եթե նա գա «Ակտոբե»: Մարկոսն այնպիսի ֆուտբոլիստ է, որը անգամ խաղային պրակտիկա չունենալու դեպքում կարող է վերականգնվել եւ վերգտնել իր խաղը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Հայաստանի հավաքականի ամենաթույլ օղակը պաշտպանությունն է. առաջ, երբ հավաքականը չէր կարողանում գոլեր խփել, ասում էին, որ հարձակման գիծն է շատ թույլ, իսկ այժմ՝ հարձակումը դարձել է ուժեղ, իսկ պաշտպանությունը՝ թույլ: Այս մրցաշրջանում ունեցել ենք հանդիպումներ, որտեղ ոչ մի գնդակ բաց չենք թողել, բայց եղել են նաեւ խաղեր, որոնցում չենք կարողացել գոլ խփել։ Այդ ժամանակ ոչ ոք չի ասել, որ հարձակումն է թույլ: Մենք ունենք խնդիրներ պաշտպանությունում, բայց ավելի շատ այդ մեղադրանքները գալիս են համեմատությունից: Հատկապես, որ հարձակման գծում ունենք Մխիթարյանի եւ Մովսիսյանի նման ֆուտբոլիստներ»,- ասել է 28-ամյա պաշտպանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով