09:14  ,  26 ապրիլի, 2012

«Բավարիան» ծնկի բերեց Մոուրինյոյին

Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած ֆանտաստիկ հանդիպումից հետո հայտնի դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադինում Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչում Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիան», որը պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ռեալին»:

«Ռեալի» եւ «Բավարիայի» միջեւ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը, միանաշանակ, լավագույններից մեկն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում:

Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարած «Բավարիան» ընդհանրապես չէր մտածում բոլոր ուժերը պաշտպանության վրա կենտրոնացնելու մասին: Խաղադաշտում երկու հավասարազոր թիմեր էին: Առաջին խաղակեսում թիմերն աներեւակայելի ֆուտբոլ էին խաղում: Գնդակը գրեթե չէր մնում կենտրոնում: Գրոհում էր կամ «Ռեալը», կամ «Բավարիան»:

Հանդիպման մեկնարկը չափազանց հաջող էր Ժոզե Մոուրինյոյի թիմի համար: Խաղի 14-րդ րոպեին մադրիդցիներն արդեն երկու գնդակի առավելություն ունեին: Նախ 6-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց «Բավարիայի» դարպասին: Մյունխենցիների տուգանային հրապարակում գնդակը դիպավ Դավիդ Ալաբայի ձեռքին: Ավստրիացու կողմից միտումնավոր ձեռքով խաղ չկար, սակայն հարվածը դարպասի ուղղությամբ էր ընթանում: Հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ռոնալդուն՝ 1:0: Մինչ մյունխենցիները փորձում էին ուշքի գալ արագ գոլից, Ռոնալդուն գերազանց փոխանցում ստացավ Մեսութ Օզիլից եւ առանց մեծ դժվարության եւս մեկ անգամ գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ 2:0:

14-րդ րոպե, «Ռեալը» հաղթում էր 2:0 հաշվով: Թվում էր, թե Ժոզե Մոուրիյոյի թիմը կարող է պահպանել երկու գնդակի առավելությունը, այն էլ սեփական խաղադաշտում: Ինչ-ինչ, բայց պաշտպանվել Մոուրիյոյի թիմերը շատ լավ են կարողանում:  Սակայն «Բավարիան» աստիճանաբար մեծացրեց ճնշումը: Մյունխենցիները ֆանտաստիկ հանդիպում էին անցկացնում: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Բավարիան» էր տանը խաղում:

Ռոնալդուի խփած երկու գոլերին «Բավարիան» պատասխանեց առաջին խաղակեսի միջնամասում: Հանդիպման սկզբնամասում հիանալի գոլային պահ կորցրած Արյեն Ռոբենի իրացրած 11 մետրանոց հարվածն այնքան էլ հաջող չստացվեց, սակայն, այնուամենայնիվ գնդակը հայտնվեց Իկեր Կասիլյասի դարպասում՝ 2:1: Սա այն հաշիվն էր, որը գրանցվել էր Մյունխենում կայացած առաջին հանդիպման ժամանակ: Ընթանում էր խաղի 27-րդ րոպեն եւ քչերը կարող էին հավատալ, որ այդ գոլը վերջինն է լինելու այս խաղում: Վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Թե՛ «Ռեալը», թե՛ «Բավարիան» թեթեւ ու սլացիկ գրոհներ էին կազմակերպում, սակայն դարպասապահները սխալվելու տրամադրություն չունեին:

Երկու թիմերն էլ ուժերի անհավասար բաշխում կատարեցին: Չափազանց ակտիվ ու դիտարժան առաջին խաղակեսին հաջորդեց եւս մեկ դիտարժան խաղակես, սակայն երկրորդ կեսում գրոհների արագությունն այլեւս այն չէր: Միանշանակ, հնարավոր չէր 90 րոպե խաղալ նման տեմպով:

Երկրորդ խաղակեսում «Բավարիան» նկատելի առավելություն ուներ: Յուպ Հայնկեսի թիմը հիանալի էր գնդակ պահում՝ կազմակերպելով նաեւ վտանգավոր գրոհներ: Զարմանալի էր, բայց «Ռեալը» սկսեց գործել երկորդ համարով՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը: Չնայած խփած երկու գոլերին, Ռոնալդուն այնքան էլ լավ հանդիպում չէր անցկացնում: Գերազանց ֆուտբոլ էր խաղում Մեսութ Օզիլը, իսկ «Ռեալի» հենակետայինները (Խեդիրա-Ալոնսո) ինչպես միշտ հիանալի էին կատարում իրենց պարտականությունները: «Բավարիայի» կազմում դժվար է առանձնացնել որեւէ մեկին: Բոլորն էլ վստահ ու գրագետ ֆուտբոլ էին խաղում: Երեւի, այս տղաները ավելի արժանի էին հաղթանակին: Հանդիպման վերջնամասում հիանալի գոլային պահ կորցրեց Մարիո Գոմեսը: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով: Նույն հաշիվն էր գրանցվել նաեւ Մյունխենյան խաղում:

Լրացուցիչ ժամանակում թիմերը փորձում էին գնդակը պահել կենտրոնում: Ուժերը սպառվել էին: Վերջին հույսերը կապված էին դարպասապահների հետ: Լրացուցիչ ժամանակում գրեթե գոլային պահեր չեղան:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ թերեւս ամենադիտարժան դրվագը ծնկի իջած Ժոզե Մոուրիյոն էր, որը մինչեւ այս Չեմպիոնների լիգայում հաղթել էր «Պորտուի» եւ «Ինտերի» հետ: Այսօրվա «Ռեալն» ավելի ուժեղ է պորտուգալացու նախկին թիմերից, սակայն 11 մետրանոց հարվածաշարում հաջողությունը ժպտաց այն թիմին, որն ավելի արժանի էր եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելուն: Ռոնալդուն, Կական ու Սերխիո Ռամոսը չիրացրեցին իրենց 11 մետրանոցները: Նրանք դեռեւս շատ 11 մետրանոցներ կիրացնեն: «Ռեալը» պարտվեց, սակայն պարտվեց ծափահարությունների ու կեցցեների ներքո: «Բավարիան» լավագույն հանդիպումն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում՝ ապացուցելով, որ ինքն ավելի արժանի է մասնակցելու սեփական «Ալյանս Սրենա» ստադիոնում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով