01:24  ,  26 ապրիլի, 2012

Հետխաղյա 11 մետրանոցները «Բավարիային» դուրս բերեցին եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» հետխաղյա 11 մետրանոց հարվածներով հաղթեց Մադրիդի «Ռեալին» եւ դուրս եկավ եզրափակիչ:

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն: Րոպեներ անց պորտուգալացին նաեւ կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ունեցան: Մի քանի անհասկանալի վրիպումներից հետո «Բավարիան» կրճատեց հաշվի տարբերությունը: Պեպեն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Մարիո Գոմեսի հետ պայքարում, իսկ Արյեն Ռոբենն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին Արքայական ակումբի նվազագույն առավելության ժամանակ:

Երկրորդ խաղակեսն իր ակտիվությամբ եւ վտանգավոր պահերով զիջում էր առաջինին: Ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր նկատվում, սակայն երկու թիմերն էլ չէին դադարում մտածել մրցակցի դարպասը գրավելու մասին: «Բավարիան» տարածքային լուրջ առավելություն ուներ եւ թվում էր, թե մյունխենցիները սեփական խաղադաշտում են խաղում: Երկրորդ խաղակեսի ամենաաիրական գոլային պահը ստեղծվեց Իկեր Կասիլյասի դարպասի մոտ, սակայն Արյեն Ռոբենի գերազանց փոխանցումից հետո Մարիո Գոմեսը դարպասը գրավելու փոխարեն ավելորդ գործողություններ կատարեց, ինչից օգտվեցին մադրիդյան ակումբի պաշտպանները՝ թույլ չտալով գերմանացուն գոլի հեղինակ դառնալ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Քանի որ առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Բավարիան», նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Ավելացված 30 րոպեներում թիմերը չէին ցանկանում ռիսկի դիմել: Այլեւս գոլեր չգրանցվեցին եւ գործը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները: 

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Ռեալից» վրիպեցին Ռոնալդուն, Կական եւ Սերխիո Ռամոսը: Խաբի Ալոնսոն դիպուկ գտնվեց: «Բավարիայից» վրիպեցին Տոնի Կրոսն ու Ֆիլիպ Լամը, իսկ Դավիդ Ալաբան, Մարիո Գոմեսն ու Բաստիան Շվայնշտայգերն անվրեպ իրացրեցին հարվածները:

«Բավարիան» արժանի հաղթանակ տարավ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում:

Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» - «Բավարիա»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 1:2) 

Ռոնալդու, 6 (11մ.), 14 – Ռոբեն, 27 (11մ.)

11 մետրանոցներ՝ 1:3


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով