13:33  ,  8 նոյեմբերի, 2013

Արսեն Մինասով. Մանոլո Հիմենեսին հետաքրքրեց Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակը

Երբ զրուցում էի Մանոլո Հիմենեսի հետ, նա ասաց, որ Հայաստանի հավաքականը շատ հետաքրքիր թեմա է իր համար, բայց ոչ մի լուրջ առաջարկներ չեն եղել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովի եւ այլ հայտնի ֆուտբոլիստների գործակալ Արսեն Մինասովը: Հայազգի գործակալը, խոսելով Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի թեկնածուների մասին, անդրադարձավ նաեւ քաթարյան «Ալ Ռայան» ակումբը գլխավորող իսպանացի Մանոլո Հիմենեսին, ով գլխավորել է նաեւ իսպանական «Սեւիլիան», «Սարագոսան» ու հունական ԱԵԿ-ը:

Արսեն, ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ մասնագետ է պետք Հայաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականն այժմ այն մակարդակի վրա է, որ նրան պետք է հաջողությունների հասած մարզիչ: Բացի այդ, նա պետք է դավանի այն խաղային փիլիսոփայությունը, որով խաղում է Հայաստանի հավաքականը: Նոր մարզիչը պետք է ավելի շատ կարողանա կարգավորել հավաքականի խաղը պաշտպանությունում, որը թիմի ամենաթույլ կողմն է: Ոչ թե հենց պաշտպանների խաղն առանձին, այլ ամբողջ պաշտպանությունը: Դրա համար կարծում եմ, որ իսպանացի մասնագետը կհամապատասխանի Հայաստանի հավաքականին: Կամ պետք է իտալական նոր ոճի մարզիչ, ոչ թե կատենաչոյի քարոզիչներ, այլ այս իտալական նոր ոճի մասնագետներ, ովքեր գերադասում են արագ հակագրոհներով խաղերը, ինչ էլ սիրում է անել Հայաստանի հավաքականը: Եթե գա այլ մտածելակերպով մասնագետ, գուցե ամեն բան քանդվի:

Կրկնեցիք Վարդան Մինասյանի ասածը, որ հավաքականին կհամապատասխանի իտալացի կամ իսպանացի մասնագետ:  

Տեսնում եք, ուրեմն իմ եւ Վարդանի ֆուտբոլային պատկերացումները համընկնում են:

Անուններ կնշե՞ք:

Ես խորհուրդ կտայի Մանոլո Հիմենեսին: Ծանթ լինելով Մանոլոյի խաղաոճին՝ ես նախապատվությունը կտայի նրան: Մոտ 10 օր առաջ ես զրուցում էի Հայաստանից մի մարդու հետ. նա նույնպես անուն հարցեց, եւ ես ասացի Հիմենեսին: Հետո, երբ զրուցում էինք Մանոլոյի հետ, նա ասաց, որ Հայաստանի հավաքականը շատ հետաքրքիր թեմա է իր համար, բայց ոչ մի լուրջ առաջարկներ չեն եղել:

Ըստ Ձեզ՝ Վարդան Մինասյանի հաջողություններից հետո լավ չէր լինի, որ Հայաստանի հավաքականը մարզեր հայ մասնագետ:

Դժվար է ասել: Ես հայ մասնագետներին այնքան էլ լավ չեմ ճանաչում: Կարծում եմ՝ ֆուտբոլի ֆեդերացիան ծանոթ է բոլորի որակներին եւ դրա համար գուցե չեն դիմում նրանց:

Կար եւս մեկ տարբերակ. դա Միշել Տեր-Զաքարյանն էր, բայց նա չցանկացավ լքել «Նանտը»:

Ճիշտ արեց, քանի որ նա պարտականություններ ունի իր թիմի առջեւ: Նա պետք է հարգի այն թիմը, որտեղ աշխատում է եւ կես ճանապարհին չթողնի նրանց: Եթե նա այսօր թողներ «Նանտը», գուցե վաղն էլ այդպես անսպասելիորեն լքեր Հայաստանի հավաքականը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով