13:12  ,  4 նոյեմբերի, 2013

Հրայր Մկոյան. Դարկո Բոնդիչը վիրավորեց ինձ

Տրամաբանորեն մտածենք, եթե մարդուն չեն վիրավարում, ինչու նա պետք է բարկանա: Դարկո Բոնդիչը վիրավորեց ինձ, այդ պատճառով ես հրեցի նրան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի «Գանձասարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Գյումրեցի ֆուտբոլիստը մեկնաբանեց «Գանձասարի» եւ Երեւանի «Արարատի» միջեւ ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ տեղի ունեցած բախումը:

Հրայր, «Գանձասար» – «Արարատ» խաղից հետո ֆուտբոլիստների միջեւ վիճաբանություն սկսվեց, երբ դու հրեցիր «Արարատի» կիսապաշտպան Դարկո Բոնդիչին: Ի՞նչը բարկացրեց քեզ: 

Ես չեմ հարվածել «Արարատի» կիսապաշտպանին, ինչպես շատերն են գրում,  այլ պարզապես հրել եմ, քանի որ նա վիրավորել էր ինձ: 

Դարկո Բոնդիչը մեզ հետ զրույցում ասաց, որ չի վիրավորել քեզ, պարզապես դու բարկացած էիր պարտությունից:

Մենք ունեցել ենք ավելի կարեւոր խաղեր, որոնցում պարտվել ենք, բայց ես ոչ ոքի հետ չեմ ընդհարվել: Տրամաբանորեն մտածենք, եթե մարդուն չեն վիրավարում, ինչու նա պետք է բարկանա: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ես ինչ-որ մեկի հետ վիճեմ խաղադաշտում: Այդպիսի բան երբեք չի եղել:

Բոնդիչը քեզ վիրավարելու ի՞նչ պատճառ ուներ:

Չգիտեմ, դա եղել է խաղի ընթացքում եւ շարունակական բնույթ է կրել: Ես առանց պատճառի ինչո՞ւ պետք է հրեի նրան:

Չե՞ս կարծում, որ այդ հարցերը կարելի էր պարզել խաղադաշտից դուրս:

Այո, բայց դա եղավ էմոցիաների ներքո: Երբ խաղն ավարտվեց, նա իմ կողքին էր: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից, թիմի մարզչական կազմից եւ ղեկավարությունից: Ես չէի ցանկանա, որ նման բան լիներ: Ես ներողություն եմ խնդրում որպես ֆուտբոլիստ, բայց մարդկային առումով նա իրավունք չուներ վիրավորել ինձ:

Ասում ես ծեծկռտուք չի եղել: Ոստիկանությունը միջամտե՞լ է:

Ծեծկռտուք տեղի չի ունեցել, եղել է քաշքշուկ: Ոստիկանության մասին չեմ կարող ասել, դա արդեն չեմ նկատել:

Ի՞նչ ասացին Սեւադա Արզումանյանն ու թիմի ղեկավարությունը:

Բոլորը գիտակցում են, որ շատ տհաճ բան ստացվեց: Բայց ասեմ, որ խաղից հետո երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ շատ լավ մթնոլորտում հեռացան խաղադաշտից: Ոչ մի խոսակցություն կամ վեճ չեղավ դրանից հետո: «Արարատում» կան ֆուտբոլիստներ, ում հետ մենք շփվում ենք, ընկերություն ենք անում: Ես չէի ցանկանա ոչ մեկի հետ վիճել: Պրազապես պահի տակ այդպես ստացվեց:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով