14:46  ,  20 փետրվարի, 2012

Լեոնիդ Սլուցկի. Այսօրվա «Ռեալը» շատ ավելի ուժեղ է, քան Մուորինյոյի գլխավորած «Ինտերը»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ մոսկովյան «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ իր թիմը լիովին ավարտել է նախապատրաստական փուլը եւ պատրաստ է արժանի դիմադրություն ցույց տալ Արքայական ակումբին։

Սլուցկին նշել է, որ այս պահին «Ռեալը» գերազանց մարզավիճակում է եւ նրան կանգնեցնելը գրեթե անհնար է։

Նույնիսկ «Բարսելոնան» երբեմն խնդիրներ է ունենում «Ռեալի» հետ մրցավեճերում։ «Բանակայինների» շանսերը գնահատելուց մարզիչը նշել է, որ այսօրվա «Ռեալը» շատ ավելի ուժեղ է, քան 2009/2010 մրցաշրջանի «Ինտերը», որը Մոուրինյոյի գլխավորությամբ հաղթել էր բոլոր հնարավոր մրցաշարերում։

«Ինչպես եւ բոլոր գրանդ ակումբները, «Ռեալը» նույնպես թույլ կողմեր քիչ ունի։ Սակայն մենք փորձելու ենք գտնել նրանց թույլ կողմերը։ Հանդիպման սկզբնամասը շատ կարեւոր է։ Եթե «Բանակայինները» լավ սկսեն խաղը, մրցակցի թույլ կողմերն ավելի հեշտ կլինի պարզել։ ԲԿՄԱ-ն մրցելու է իրենից մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակցի հետ, եւ եթե «Ռեալն» իր լավագույն խաղը ցուցադրի, դիմադրելը շատ դժվար է լինելու։ Պետք է հուսանք, որ «Ռեալն» իր վատագույն խաղը կցուցադրի, իսկ ԲԿՄԱ-ն՝ լավագույնը»,- Սլուցկիի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով