14:30  ,  15 հոկտեմբերի, 2013

Հայաստանի ազգային հավաքականի վերջին արկածը. NEWS.am Sport-ի ռեպորտաժը Նեապոլից (ֆոտո)

Երբ երկու տարի առաջ պարզ դարձավ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ 2014թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի օրացույցը, բոլորը կարծես գոհ մնացին: Հայաստանը սկսում էր երկու արտագնա խաղով, իսկ վերջում խաղալու էր Իտալիայում: Կասկած չկար, որ այդ խաղից առաջ Իտալիան արդեն առաջին տեղը ապահոված կլինի B խմբում: Խումբը շատ բարդ ստացվեց: Բոլոր թիմերն իրարից միավորներ խլեցին: Վերջին տուրից առաջ չորս հավաքական այս խմբում շարունակում է երկրորդ տեղի հույսեր փայփայել: Հայաստանի հավաքականին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց հյուրընկալել Իտալիայի հարավի ամենամեծ քաղաքում՝ Նեապոլում: Միայն այն, որ խաղն անցնելու է Նեապոլում, արդեն իսկ մեծ արկած է:

Նեապոլը աշխարհում ամենասուր հակադրություններով քաղաքն է: Սա Իտալիան չէ, սա այլ Իտալիա է, որը երբեք չեն հասկանա այն մարդիկ, ովքեր Իտալիա ասելով պատկերացնում են Հռոմն ու Միլանը: Նեապոլում, ինչպես ասում են հենց նեապոլցիները, մաֆիան ամենուր է: Սա երեւի աշխարհի ամենակեղտոտ եւ վտանգավոր քաղաքներրից մեկն է: Ամենուր աղբ է: Աղբահեռացումը մաֆիայի ամենամեծ եկամուտն է: Աղբ թափելու համար մաֆիային մեծ գումարներ են մուծում: Մի զարմացեք, եթե հանկարծ Նեապելում քայլելիս ձեր գլխին սառը ատրճանակ զգաք: Այստեղ դա պատահում է շատերի հետ: Այդ մասին մեզ շատ հանգիստ ասաց նեապոլցի լրագրողներից մեկը եւ  պատմեց, թե  ինչպես են մեկ անգամ ատրճանակ մոտեցրել իր գլխին եւ պահանջել նրա հեռախոսը: Հայ երկրպագուները նույնպես չխուսափեցին վատ միջադեպից: Հենց առաջին օրը երկրպագուներից  մեծ գումար գողացան:

Նեապոլի գրեթե բոլոր մեքենաները վնասված են: Վարում են մեծ արագությամբ: Երեկոյան զբոսաշրջիկը հյուրանոց մտնելիս խորը շունչ է քաշում: Մեզ այստեղ տեղեկացրին, որ 22։00-ին փողոցում գտնվելը արդեն իսկ շատ վտանգավոր է: Այս ամենին հակառակ՝ Նեապոլը շատ հյուրասեր, արեւոտ եւ ջերմ մարդկանց քաղաք է: Այստեղ են պատրաստում աշխարհի ամենահամեղ պիցցան: Պատահական չէ, որ Ջուլիա Ռոբերտսն իր «Կեր, սիրիր եւ աղոթիր» ֆիլմում եկել էր հենց Նեապոլ՝ պիցա եւ պաստա ուտելու:

Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնը մեղմ ասած այդքան էլ լավ վիճակում չի գտնվում: Այն հիշեցնում է «Հրազդան» ստադիոնը հինգ տարի առաջ: Պայմանները վատն են անգամ լրագրողների համար: Մամուլի ասուլիսից հինգ րոպե առաջ ինտերնետ կապն անհասանելի էր լրագրողների համար:

60 հազար տեղ ունեցող ստադիոնում այսօր, ամենայն հավանականությամբ, կվաճառվի ընդամենը 20 հազար տոմս: Նեապոլցի լրագրողների մի մասն ասում էր, որ սա մեծ իրադարձություն է քաղաքի համար, քանի որ Իտալիայի հավաքականը հազվադեպ է այստեղ խաղում: Դրա համար այս խաղում մեծ ոգեւորություն է լինելու: Իսկ մյուս մասն էլ (մեծամասնությունը) պնդում են, որ նեապոլցիները չեն սիրում Իտալիայի հավաքականը: Նրանց մեծ մասն իրենց անգամ իտալացի չի համարում, այլ պարզապես նեապոլցի: Իտալիայի հարավում ատում են ազգային հերոս Գարիբալդիին, ով միավորեց իտալական բոլոր քաղաքները: Նեապոլցիների համաձայն՝ նրանք պետք է լինեին անկախ: Իտալիայի հարավը ատում է հյուսիսին, ատելությունը փոխադարձ է: Հավաքականում հիմնականում հանդես են գալիս հյուսիսային թիմերի ներկայացուցիչները: Նեապոլցիների սիրելի հավաքականը Արգենտինան է: Իսկ Մարադոնա անունը տալիս՝ բոլորի մոտ երջանկության ժպիտ է առաջանում: Չնայած այս ամենին՝ այստեղ կան բազմաթիվ երկրպագուներ, ովքեր սիրում եւ սպասում են իրենց հավաքականին: Հոկտեմբերի 15-ին հավաքականի կազմում հանդես է գալու «Նապոլիի» ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեն: Իսկ «Նապոլին» այստեղ լրիվ այլ թեմա է: «Նապոլի» թիմը նեապոլցիների համար սրբություն է: Անգամ երբ թիմը խաղում է հետնապահի հետ, մարզադաշտը լեփ-լեցուն է լինում:

Իտալիա – Հայաստան խաղի տոսմերի վաճառքը սկսվում է 10 եվրոյից: Հյուրերի համար առանձին տրիբունա է պատրաստված: Երեւանից ժամանած հայերին միացել են նաև եվրոպական այլ երկրների հայ ֆուտբոլասերները: Նեապոլի հայերը նույնպես ներկա են գտնվելու ստադիոնում: Նրանք երեսունն են եւ նստելու են կենտրոնում:

Նախախաղային տրամադրության ամեահաճելի պահն այն է, որ քաղաքում բոլորը տեղյակ են այս խաղի մասին: Տեսնելով հայկական դրոշներով երկրպագուներին՝ բոլորը բղավում են «Armeniaaaa … Italia 3 – Armenia 0»: Իհարկե, ասում են դա շատ բարեհամբույր ձայնով:

Բոլորը մոտենում են հայերին, խոսում, ծանոթանում: Այս հոդվածը գրելու ընթացքում, սրճարանում մեզ մոտեցան բազմաթիվ նեապոլցիներ, ճշտեցին՝ արդյոք մենք հայ ենք: Արդյո՞ք դուր եկավ մեզ Նեապոլը եւ կվերադառնանք արդյո՞ք կրկին:

Պատմում են, թե Հայաստան – Իտալիա խաղից հետո մեկ տարի առաջ իտալական բոլոր լրատվամիջոցները խոսում էին Հայաստանի մասին, թե որքան գեղեցիկ եւ հյուրասեր երկիր է Հայաստանը: Նույնը արդեն կարող ենք հավստիացնել նաեւ մենք:

Նեապոլցիներից շատերը այս խաղին գալու են սեւ մարզաշապիկներով:  Այդ ակցիան ոչ մի կապ չունի ֆուտբոլի հետ: Դա բողոքի ակցիա է նեապոլի մաֆիայի՝ Կամորայի գործողությունների դեմ, որոնք աղբի մնացորդները լցնում են հողի մեջ, եւ այդ տարածքում ապրող մարդկանց շրջանում քաղցկեղով հիվանդացողների թիվը շատ մեծ է:

Բայց ամենից կարեւորը, իհարկե ոչ թե մերձֆուտբոլային իրադարձություններն են, այլ հենց ֆուտբոլայինը: Չնայած գողերի, շատ գեղեցիկ եւ բարձր ձայնով խոսացող մարդկանց այս քաղաքում ամեն բան հնարավոր է...

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport (լուսանկարները կատարվել են Samsung NX-300-ով)

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիա – Հայաստան խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

NEWS.am Sport-ն  Իտալիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Նեապոլից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով