15:40  ,  7 հոկտեմբերի, 2013

Թե ինչու «Արարատ-73»-ին նվիրված հուշարձանը դրվեց Ագարակում. հարցազրույց

Հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Ագարակ գյուզում, հայ բարերար Հրաչյա Պողոսյանի ջանքերով բացվեց լեգենդար «Արարատ-73»-ի հաղթանաների 40-ամյակին նվիրված հուշարձան։ Շատերին, այդ թվում նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) փոխնախագահ, «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին հետաքրքրում է, թե ինչու է հուշարձանը տեղադրվել Ագարակում, այլ ոչ թե Երեւանում։ NEWS.am Sport-ը փորձեց այդ հարցերի պատասխանն իմանալ Հրաչյա Պողոսյանից։

Ձեր ֆինանսկան աջակցությամբ Հայաստան են ժամանաել «Արարատ-73»-ի բոլոր այն ֆուտբոլիստներն, ովքեր հայրենիքում չեն ապրում։ Բացի Արկադի Անդրեասյանից, ով հիվանդության պատճառով չէր մասնակցում տոնակատարություններին, ներկա չէր նաեւ Նիկիտա Սիմոնյանը։ Դուք նրա հետ խոսե՞լ եք։

Այո, անշուշտ։ Նրա հետ մոտ 40 րոպե հեռախոսով խոսել եմ։ Ես նրան շատ խնդրեցի, որ գա Հայաստան։ Պարոն Սիմոնյանն  ինձ ասաց, որ նրան ճիշտ հասկանամ, քանի որ նա պետք  է ընտրի՝ Հայաստան գալ հոկտեմբերի 6-ին կամ 10-ին, քանի որ չի կարող երկար ժամանակով բացակայել Մոսկվայից։ Փոխարենը նա խոստացավ, որ եթե ես մինչեւ հոկտեմբերի  11-ը մնամ Երեւանում, նա կգա այստեղ եւ բոլոր արարատցիների հետ կգնան Ագարակ եւ կտեսնեք հուշարձանը։ Դա միակ բանն էր, որ նա կարողացավ խոստանալ։ Ասաց, որ ափսոսում է, որ այսպես ստացվեց։

Եթե ինձ մի փոքր շուտ հնարավորություն ընձեռեին պարոն Սիմոնյանի հետ խոսելու, ես անձամբ կմեկնեի Մոսկվա նրան կհանդիպեի եւ ինքս կասեի, թե հուշարձանը ինչու են դրել հենց Ագարակում։

Այդ հարցը իրոք հետաքրքրում է Նիկտա Սիմոնյանին։  NEWS.am Sport-ի թղթակցի հետ հարցազրույցում նա նշել  է, որ չի հասկանում՝ ինչո ՞ւ է հուշարձանը Ագարակում եւ ոչ Երեւանում։

Երբ ես հանդիպեցի Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ, նա ինձ ներկայացրեց իրենց ծրագիրը՝ կապված «Արարատ-73»-ի հաղթանակների 40-ամյակի հետ։ Բոլոր միջոցառումները նախատեսված էին Երեւանում, եւ նա ինձ առաջարկեց, որ հուշարձանը նույնպես տեղադրենք Երեւանում, բայց քանի որ իրենց նախատեսած ծրագրերը իրոք լեցուն էին եւ լայնածավալ, ես մտավախություն ունեի, որ  ժամանակի սղության պատճառով հուշարձանը չէր մտնի ճարտարապետական ոճի մեջ եւ կկորցներ իր գեղեցկությունը, քանի որ  Երեւան հասցնելը ժամանակի առումով լուրջ խնդրի առաջ էր կանգնեցնելու մեզ։ Այդ պատճառով ես առաջարկեցի այն դնել Ագարակում։ Բացի այդ, ես չեմ ցանկանում Ագարակը առանձնացնել Հայաստանից։ Այդ հաղթանակները ամբողջ հայությանն են եւ ամբողջ Հայաստանինը։ Ես ուրախ կլինեի, որ նման հուշարձաններ լինեին հանրապետության բոլոր համայնքներում։

Ասում են՝ ժամանակից շուտ ինչ-որ բան տոնել չի կարելի։ Դուք համամի՞տ եք:

Իհարկե, ոչ։ Դա ծնունդ չի, որ շուտ կամ ուշ նշելը խնդիր լինի։ Իմ կարծիքով, նման հաղթանակները նշելը մեկ կամ երկու օրով չի, որ պետք է նշեն։ Շատ ուրախ կլինեի , որ նման արարողությունները լինեին մի ամբողջ ամիս։

Քանի որ հոկտեմբերի 4-ին Ագարակի վերածննդի 5-ամյակն էր, որոշեցինք չեզոք օր ընտրել՝ նշելու համար։ Ընտրեցինք հոկտեմբերի 6-ը։

Շատ ուրախ եմ, որ տոների նախօրեին կարողացա բարձրացնել լեգենդար ֆուտբոլիստների տրամադրությունը։

Հուշարձանը կառուցելու միտքը ե՞րբ ծագեց։

Գաղափարը ծագեց մոտ 3 ամիս առաջ։ Իմ պատկերացմամբ, եթե հուշարձանի գաղափարը չընդունվեր ժողովրդի կողմից, ֆուտբոլիստների կողմից, այն երկար կայնք չէր  ունենա։ Երբ հասկացա, որ ֆուտբոլիստների կողմից ողջունվեց այդ քայլը, ավելի վստահ գործի անցա։

«Արարատ-73»-ին՝ լեգենդար կազմով հրավիրել Հայսատան ձե ՞ր գաղափարն էր։

Այն, որ գաղափարը միանշանակ իմն էր, ասել չեմ կարող։ Երբ ծանոթացանք Արմեն Սարգսյանի հետ, նա ինձ ասաց, որ Լեւոն Իշտոյանը եւ Սերգեյ Բոնդարենկոն նույնպես ԱՄՆ-ում են։ Ու քանի որ 40-ամյակն էր, ես ասացի, որ պատրաստ եմ ֆինանսավորել եւ հրավիրել Հայաստան։ Երբ արդեն հանդիպեցի  Յուրի Վարդանյանին, նա  ասաց, որ նրանք նույնպես նման միտք ունեն։ Այդ պատճառով չեմ կարող միանշանակ ասել, թե միտքն ում էր պատկանում։

Ես հաստատակամ ասացի, որ կարող եմ հոգալ բոլոր ծախսերը։ Նրանք էլ, իրենց հերթին սատարեցին ինձ՝ բոլոր կազմակերպչական գործերով։

Տեղյա ՞կ էիք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արարատցիներին մեծարելու ծրագրեր ունի։

Երբ ես նման նախաձեռնություն ունեի, դեռ ծանոթ չէի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ եւ չգիտեի՝ նրանք ինչ միջոցառումներ են կազմակերպելու։ Եվ ոչ ոք  խորհրդի կարգով էլ անգամ ինձ չի ասել, որ կարելի է նրա հետ խոսել այդ մասին։ Միջոցառումների նախօրյակին պատիվ ունեցա ծանոթանալ նրա հետ ։ Ես նրան հրավիրեցի հուշարձանի բացմանը, նա սիրով ընդունեց հրավերս՝ ասաց, որ կգա։ Իր հերթին էլ նա ինձ հրավիրեց  հոկտեմբերի 10-ին կայանալիք միջոցառումներին։ Սակայն հուշարձանի բացմանը պարոն Հայրապետյանն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա լինել։

Երբ Ռուբեն Հայրապետյանն իմացավ նախաձեռնության մասին, ողջունեց այն։ Կարեւորեց, որ նման քայլ է արվում հենց ժողովրդի կողմից, ովքեր իրենց սերն են ցուցաբերում «Արարատի» լեգենդների նկատմամբ։ Ցավոք, ես չեմ կարողանա Հայստանում մնալ մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Ընտանեկան խնդիրների պատճառով պետք է շուտ վերադառնամ Սանկտ Պետերբուրգ։

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով