21:53  ,  6 հոկտեմբերի, 2013

Լեւոն Իշտոյան. Ցանկանում եմ բոլոր հայ երկրպագուներին համբուրել, ջերմ խոսքեր ասել

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կազմակերպված` «Արարատ-73»-ի 40-ամյակին նվիրված տոնախմբության ժամանակ, «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանը, ում դուբլի շնորհիվ 1973-ին «Արարատը» դարձավ ԽՍՀՄ գավաթակիր, իր ողջույնի խոսքը հղեց բոլոր ներկաներին:

«Ցանկանում եմ ամբողջ թիմի անունից շնորհակալություն հայտնել բոլորին: Հատկապես` Հրաչյա Պողոսյանին, ով կազմակերպել է այս հրաշք միջոցառումը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին, պաշտոնյաներին, հայ ժողովրդին: Ես հուզված եմ, բայց ուզում եմ շատ լավ խոսքեր ասել ձեզ` սիրելիներս: Մեր երկիրը ֆուտբոլային է, ժողովուրդը` ֆուտբոլասեր: Շատ մոտ են Հայաստանի ազգային հավաքականի հաջողության օրերը: Ցանկանում եմ բոլոր հայ երկրպագուներին համբուրել, ջերմ խոսքեր ասել: Նրանք միշտ մեր կողքին կանգնած են եղել: Երկու օր առաջ եմ եկել Հայաստան, երեկոյան ժամը 10-ն էր: Ես, Սերգեյ Պողոսյանը եւ մյուս մեր ընկերները հյուրանոցի շրջակայքում քայլում էինք, երիտասարդ աղջիկ եւ տղա էին անցնում, ովքեր մեր հաղթանակների ժամանակ ծնված էլ չէին: Մեկ էլ այդ երիտասարդ աղջիկը շրջվեց եւ տղային ասաց. «Լեւոն Իշտոյանը չի՞»: Ես այնքան հուզվեցի եւ ուրախացա, որ անգամ երիտասարդ սերունդն է մեզ ճանաչում: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»: 

Հիշեցնենք, որ 1973թ. հոկտեմբերի 10-ին «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում Լեւոն Իշտոյանի երկու գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամոյին» (Մոսկվայում կայացած խաղում երեւանցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան դարպասապահ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գեւորգյան, Արմեն Սարգսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանը, թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը), իսկ մի քանի օր անց Երեւանի «Հրազդան» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց «Զենիթին» եւ ապահովեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում