18:41  ,  2 հոկտեմբերի, 2013

Վահան Ասատրյանի հուշամրցաշարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (ֆոտոռեպորտաժ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է բասկետբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված բասկետբոլի առաջին պատանեկան հուշամրցաշարը, որը նվիրված է նրա ծննդյան 45-ամյակին: Հուշամրցաշարը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը: Մասնակցում են Երեւանի վարչական շրջանների` Կենտրոն, Արաբկիր եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների հավաքական թիմերը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թիմը: Հաղթող թիմը կպարգեւատրվի փոխանցիկ գավաթով, պատվոգրերով: Կլինեն նաեւ անհատական մրցանակներ: Հուշամրցաշարը կազմակերպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի սպորտի ղեկավարությունը:

NEWS.am Sport-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի մարզիչ-մանկավրժ Արմինե Եղյանը խոսեց մրցաշարի անցկացման եւ կարեւորության մասին. «Ցավոք, վաղաժամ մեզնից հեռացավ մեր լավ ընկեր, լավ մարզիչ եւ հրաշալի մարդ Վահան Ասատրյանը: Հոկտեմբերի 4-ին նրա ծննդյան տարեդարձն է եւ այդ օրվան ընդառաջ որոշեցինք անցկացնել այս հուշամրցաշարը: Մրցումները մեկնարկում են այսօր: Ամեն օր կանցկացվի երկու հանդիպում: Հոկտեմբերրի 4-ին մասնակիցները կայցելեն Վահան Ասատրյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու, որից հետո կլինի եզրափակիչ խաղը եւ փակման հանդիսավոր արարողությունը: Այս տարի առաջին անգամ ենք անցկացնում մրցաշարը եւ այն շարունակական բնույթ է կրելու»,-ասաց նա:

Վահան Ասատրյանը մահացել է 2013-ի ապրիլին, Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Նրա մոտ հայտնաբերվել էին երիկամների անբավարարություն, արյան քաղցկեղ հիվանդությունները: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ` Վահան Ասատրյանը պետք է մեկներ Գերմանիա` բուժվելու, սակայն Ֆրանսիայի օդանավակայանում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Նախկին բասկետբոլիստը 1990-ից աշխատում էր «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում` որպես մարզիչ-մանկավարժ: 2005-ից Վ. Ասատրյանը, որպես բարձրակարգ մասնագետ, հրավիրվել էր Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ: 1996-ին ճանաչվել էր Եվրոպայի լավագույն մրցավար:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport) 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում