10:22  ,  25 սեպտեմբերի, 2013

Սարգիս Ադամյան. Նորամուտս հաջող չստացվեց Հայաստանի հավաքականում

Ես կարող եմ խաղալ ավելի լավ: Դանիացիների դեմ խաղն առաջինն էր Հայաստանի հավաքականում: Այնքան էլ լավ չստացվեց, բայց մեր հարձակողական գիծը շատ ուժեղ է:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը, ով սեպտեմբերի 10-ին նորամուտը նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այժմ 20-ամյա Ադամյանը խաղում է «Հանզայի» երկրորդ թիմում, որը հանդես է գալիս Գերմանիայի 5-րդ լիգայում:

Սարգիս, դանիացիների հետ խաղում նորամուտը նշեցիր Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ըստ քեզ՝ հաջող խաղ անցկացրիր:  

Ես կարող եմ խաղալ ավելի լավ: Դա իմ առաջին խաղն էր: Այնքան էլ լավ չստացվեց, բայց ընդհանուր խաղը լավ էր: Մեր հարձակողական գիծը շատ ուժեղ է:

Ի՞նչը քեզ խանգարեց լավ հանդես գալ:

Չգիտեմ: Լավ չմտա խաղի մեջ:

Դու հանդես ես գալիս նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում, որտեղ քո ելույթները շատ ավելի տպավորիչ են: Շա՞տ դժվար է երիտասարդականից հետո հանդես գալ ազգային հավաքականում:

Երիտասարդական հավաքականում բոլորովին այլ խաղ է: Ազգային թիմում ամեն բան շատ ավելի արագ է: Այստեղ ավելի շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները: Ճիշտ է, երիտասարդական հավաքականում խաղս ավելի լավ ստացվեց, բայց այնտեղ ավելի հեշտ է խաղալ:

Կարծում ես ժամանա՞կն է, որ խաղաս ազգային հավաքականում:

Երկու հավաքականներում էլ շատ լավ է: Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են հավաքական: Ցանկանում եմ խաղալ եւ օգտակար լինել:

Դու հանդես ես գալիս Գերմանիայի 5-րդ լիգայում: Փորձո՞ւմ ես այլ թիմ փնտրել:

Այո, Գերմանիայի 5-րդ լիգայում այնքան էլ լավ չէ: Իմ գործերը չդասավորվեցին այնպես, ինչպես ես էի ցանկանում: Ես կարող եմ խաղալ ավելի բարձրակարգ լիգայում: Մարզվում եմ «Հանզայի» գլխավոր թիմում, որը հանդես է գալիս Գերմանիայի երրորդ լիգայում: Գուցե ստացվի ամրապնդվել այդ թիմում:

Եթե մնաս «Հանզայում» եւ առաջարկ լինի հանդես գալ Հայաստանի առաջնությունում, ո՞ր տարբերակը կընտրես:

Ընտանիքս ապրում է Գերմանիայում: Ես կցանկանայի մնալ այստեղ, բայց եթե տեսնեմ, որ առաջընթաց չկա, գուցե գամ Հայաստան:

Զրուցո՞ւմ ես Հենրիխ Մխիթարյանի հետ:

Երբեմն զրուցում ենք: Երբ ժամանակ լինի, կգնամ նրա խաղը դիտելու:

Ի՞նչ սպասելիքներ ունես Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան խաղերից:

Պետք է մտածենք Բուլղարիայի եւ Իտալիայի դեմ խաղերում միավորներ հավաքելու մասին: Կարծում եմ՝ կստացվի: Մենք լավ թիմ ենք:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով