10:38  ,  16 սեպտեմբերի, 2013

Նիկիտա Սիմոնյան. Երբ գալիս եմ Հայաստան, չեմ կարողանում առանց արցունքի նայել, թե ինչպես են ինձ դիմավորում

Երեւանում, երբ վետերանները պետք է խաղային, ես մոտեցա տրիբունային, եւ նրանք բոլորով ոտքի ելան: Երբ մենք Գյումրիում էինք, բոլորը գալիս էին գրկում եւ համբուրում էին ինձ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի ֆուտբոլի միության փոխնախագահ, Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։

Այս տարի լրանում է «Արարատի» չեմպիոնության 40-րդ տարեդարձը: Կնշվի՞ արդյոք այդ հոբելյանը:

Գիտեք, մարդիկ նշում են տարբեր հոբելյաններ՝ 20, 30-ամյակներ: Սակայն 40-ամյակը չեն նշում: Չգիտեմ, թե ինչպես կտոնեն «Արարատի» չեմպիոնության 40-ամյակը, եւ արդյո՞ք կտոնեն: Ժամանակը արագ է սլանում. արդեն 40 տարի անցավ: Շատ կուզենայի մասնակցել այդ միջոցառմանը, եթե այն լինի, եւ եթե առողջությունս թույլ տա: 

Վերջին անգամ Հայաստանում եք եղել Հայաստան – Ռուսաստան խաղի՞ն:

Այո՛, դա երկու տարի առաջ էր: ՀՀ նախագահը շնորհեց ինձ երկրի ամենաբարձր պարգեւներից մեկը՝ պատվո շքանշանը:

«Արարատի» վետերանների հետ մտերի՞մ եք:

Հիմնականում Էդուարդ Մարկարովի հետ։ Նրա որդին Մոսկվայում է աշխատում, եւ նա հաճախ է այստեղ լինում: Մյուսների հետ խոսում եմ հեռախոսով:

Որո՞նք են «Արարատի» հետ կապված ամենալուսավոր հիշողությունները:

Ինձ համար «Արարատի» հաղթանակները լրիվ ուրույն տեղ ունեին: Երբ «Արարատը» հաղթեց Գավաթն ու չեմպիոնությունը, ես դարձա ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ մարդն, ում հաջողվեց նվաճել ԽՍՀՄ Գավաթն ու չեմպիոնությունը ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես մարզիչ: Մինչ այդ դա հաջողվել էր Գուլյաեւին: Որպես ֆուտբոլիստ՝ ես չորս անգամ էի դարձել չեմպիոն եւ ահա «Արարատի» հետ դարձա նաեւ որպես մարզիչ:

Իսկ ի՞նչ արտասովոր դեպքեր են գրանցվել Ձեր մարզչական աշխատանքի օրոք «Արարատում»:

Զավեշտալի դեպք պատահեց իմ ընկեր կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի հետ Երեւանում: Նա միշտ մեր թիմի հետ էր եւ նստում էր մարզիչների նստարանին: Մի անգամ խաղում էինք Դոնեցկի «Շախտյորի» հետ: Քիչ ժամանակ էր մնում մինչ խաղավարտը, եւ մենք հաղթում էինք 3-0 հաշվով: Այդ ժամանակ Նիկոլայ Ղազարյանը գնդակ ընդունեց եւ վազեց առաջ: Էդմոնդը, ով չափից դուրս էմոցիոնալ մարդ էր, վեր թռավ տեղից, ցատկեց այն ծածկոցների վրայով, որոնցով ծածկում էին դաշտը անձրեւների ժամանակ եւ վազեց Կոլյայի հետեւից: Երբ գրոհն ավարտվեց, Էդմոնդը հասկացավ, որ նա պետք է այդքան տարածություն հետ դառնա: Ամբողջ մարզադաշտը ծիծաղում էր: Ես մինչեւ հիմա ինքս ինձ հարցնում եմ՝ ինչու՞ Էդմոնդը, ով միշտ մեզ հետ էր, այդպես էլ ֆիլմ չնկարեց ֆուտբոլի մասին:

Ինչո՞ւ «Արարատն» իր այդ ոսկե կազմով չկարողացավ այլեւս մեծ հաջողությունների հասնել: Ոչ մի կերպ հնարավո՞ր չէր, որ Դուք մնայիք թիմի ղեկին:

Այնպես ստացվեց, որ ես ստիպված եղա թողնել «Արարատը»: Ես չեմ բացի բոլոր փակագծերը, բայց պետք էր հեռանալ: Ճիշտ են ասում, որ նույն գետը երկու անգամ չեն մտնի: Երկորդ անգամ ես եկա «Արարատ» տասը տարի անց, բայց հիվանդացա այդ ժամանակ: C' est la vie (Ֆրանսերեն՝ այդպիսին է կյանքը)։

Հայաստանի հավաքականի ելույթներին հետեւո՞ւմ եք:

Ոչ միշտ եմ հասցնում, բայց կարող եմ ասել, որ այսօրվա հավաքականը շատ լավ թիմ է: Հիշում եմ Ռուաստանի հետ երկու հանդիպումները: Հայերը ոչնչով չզիջեցին ո՛չ Հայաստանում, ոչ՛ էլ այստեղ: Մխիթարյանը, Մովսիսյանը, Բերեզովսկին շատ լավ ֆուտբոլիստներեն: Երբ Յուրան տեղափոխվեց «Սպարտակ», ես նրան նվիրեցի բացիկ, որտեղ նշված էին իմ բոլոր նվաճումները եւ հակառակ կողմում գրեցի. «Մաղթում եմ, որ դու գերազանցես իմ ռեկորդը «Սպարտակում»: Դեռ ոչ ոքի չի հաջողվել խփել 133 գնդակ: Իսկ իմ ռեկորդը մեկ խաղաշրջանում խփված գնդակներով պահպանվեց 35 տարի, բայց անարդարացիորեն շրջանցվեց: Պրոտասովը խփեց 36 գնդակ, բայց չարժե խոսել այդ մասին: Թող դա մնա նրա խղճի վրա:

90-ականներին ցանկություն չառաջացա՞վ աշխատել Հայաստանի հավաքականի հետ:

Ո՛չ, չառաջացավ: Ես 8 տարի Վալերի Լոբանկովսկու հետ աշխատեցի հավաքականի ղեկավարի պաշտոնում: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ի հավաքականը դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր:

Ինչպե՞ս եք հաջողացնում Ձեր տարիքում այսպիսի լավ տեսք ունենալ եւ այսքան եռանդով աշխատել: Գուցե ինչ-որ գաղտնի՞ք կա:

Առաջին հերթին դա գեներից է եւ իհարկե ընտանիքից: Կինս ինձ ամեն ինչում աջակցում է, հետեւում, որպեսզի ես միշտ առողջ լինեմ: Աշխատում եմ շատ շարժվել: Այցելում եմ տարբեր մարզական միջոցառումների: Դա օգնում է ինձ մնալ տոնուսի մեջ: Հիշում եմ, երբ 64-65 տարեկան էի, Վիկտոր Ցարյովն ինձ համոզեց դուրս գալ խաղադաշտ: Ժամը յոթին խաղալու էին «Դինամոն» եւ «Սպարտակը», նրանցից հետո վետերանները: Ես դուրս եկա խաղադաշտ, մի քանի րոպե անց երկրպագուներից մեկը բղավեց տրիբունայից. «Սիմոնյան վազել է պետք»: Ես նրան պատասխանեցի. «Եթե վազել կարողանայի, ժամը յոթին դուրս կգա՞յի ստադիոն»: Դրանից հետո այլեւս դուրս չեկա խաղադաշտ։ Կարծում եմ՝ 50-ից հետո բոլոր վետերանները պետք է ամեն տասնամյակը մեկ ստուգվեն: Մեզ մոտ արդեն վետերանների մահվան մի քանի դեպք է արձանագրվել խաղադաշտում:

Լեգենդար ֆուտբոլիստներին դժվար է թողնել մեծ ֆուտբոլը, հատկապես, երբ նրանք դեռ լավ մարզավիճակում են: Ինչ եք կարծում, կա՞ ինչ-որ տարիք, որից հետո պետք է լքել ֆուտբոլը:

Ֆուտբոլիստն ինքը պետք է զգա իր հեռանալու պահը: Ավելի լավ է գնաս, քան քեզ ասեն գնա: Երկրպագուն շատ պահանջկոտ է, երբեմն էլ շատ դաժան: Նրան արդյունք է պետք: Իմ սկզբունքը որպես մարզիչ եւ ֆուտբոլիստ՝ ավելի լավ է գնաս, նախքան քեզ կխնդրեն, որ դա անես: Ես ինքս հեռացա, երբ 33 տարեկան էի, բայց դեռ կարող էի խաղալ: Անցկացնելով իմ կյանքի լավագույն խաղերից մեկը Կոլումբիայում (ի դեպ այդ ժամանակ շատ լրատվամիջոցներ գրեցին իմ մասին` որպես աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկի), ես որոշեցի թողնել ֆուտբոլն այդ նոտայի վրա: Դրանից հետո ինձ միանգամից առաջակեցին մարզիչի աշխատանք:

Այդքան շատ մեդալներ ու մրցանակներ ունեք, ո՞րն է նրանցից ամենից թանկը Ձեզ համար:

Որպես մարզիչ եւ ֆուտբոլիստ ընդհանուր առմամբ ունեմ յոթ չեմպիոնության եւ վեց գավաթային մեդալներ, ինչպես նաեւ Օլիմպիական խաղերի ոսկին: Ունեմ հինգ պետական մրցանակ: Բայց ամենից թանկն ինձ համար օլիմպիական շքանշանն է, ինչպես նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի շքանշանները: Դա ճանաչվում է համաշխարհային սպորտում։ 

Ֆուտբոլը վերջին 50 տարում շատ է փոխվել: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրան հաջողվե՞լ է պահել իր նախկին ռոմանտիզմը, թե՞ այն վերածվել է բիզնեսի:

Այն ժամանակ ֆուտբոլի մեջ իսկապես ռոմանտիզմը շատ էր: Ֆուտբոլը հանդիսատեսի համար էր: Իսկ այսօր առաջնայինն արդյունքն է, նոր միայն մնացածը: Ահա եւ հիմնական տարբերությունը:

Ուրա՞խ եք, որ այն ժամանակ էիք խաղում ֆուտբոլ:

Այո՛, շատ: Ես միլիոններ չեմ վաստակել, ինչպես այսօրվա շատ ֆուտբոլիստներ, ովքեր երկու անգամ հարվածում են գնդակին եւ դառնում են միլիոնատեր: Ես ո՛չ հարուստ եմ, ո՛չ աղքատ: Բայց նրանցից հարուստ եմ հոգով եւ մարմնով: Հարստությունը փողի մեջ չէ, այլ մարկանց վերաբերմունքի: Երբ գալիս եմ Հայաստան, չեմ կարողանում առանց արցունքի նայել, թե ինչպես են ինձ դիմավորում այնտեղ: Երեւանում, երբ վետերանները պետք է խաղային, ես մոտեցա տրիբունային, եւ նրանք բոլորով ոտքի ելան: Երբ մենք Գյումրիում էինք, բոլորը գալիս էին գրկում եւ համբուրում էին ինձ: Վերջերս «Կուլտուրա» հեռուստաընկերությունն իմ մասին ֆիլմ էր նկարահանել: Ես այնտեղ մեջբերեցի Շառլ Ազնավուրի խոսքերը. «Ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով ֆրանսիացի»: Նույն բանը կարող եմ ասել նաեւ ես. «Ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով ռուսաստանցի»: Իմ ծնողները, թուրքական յաթաղանից փախչելով, հայտնվեցին Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում: Կինս ուկրաինուհի է, բայց հիանալի կարողանում է պատրաստել հայկական խաշլաման:

Մի քիչ հեռանանք ռուսական ֆուտբոլից: Ամեն տարի «Ոսկե գնդակի» հանձնման ժամանակ մարդկությունը բաժանվում է երկու մասի: Մի մասն ասում է, որ Մեսին լավագույն է, իսկ մյուս մասը, որ քանի դեռ նա Արգենտինայի հավաքականի հետ չի նվաճել ոչ մի բան, ապա նա չի կարող լինել լավագույնը: Դուք ի՞նչ կասեք:

Մեսին միանշանակ լավագույնն է: Նա արժանիորեն չորս անգամ անընդմեջ նվաճեց «Ոսկե գնդակը»: Նա ֆուտբոլիստ է, ով ոչնչից կարող է ստեղծել ամեն ինչ: Եթե ինձ հարցնեն՝ ո՞վ է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը, ես կպատասխանեմ՝ Պելեն: Երկորդ տեղում Կրոյֆն է, հետո գալիս են Դի Ստեֆանոն, Պուշկաշը, ապա Մարադոնան եւ նոր միայն Մեսին:

Ձեր կյանքի կարգախո՞սը:

Միշտ ազնիվ ու պարկեշտ լինել:

Իսկ ֆուտբոլայի՞նը:

Ֆուտբոլն ավելին է քան խաղը: Դա արվեստ է, քաղաքականություն: Պետք է սիրել ֆուտբոլը, այլ ոչ թե քեզ ֆուտբոլում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով